Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 209.1-ին եւ 209.2-րդ հոդվածներով.

«Հոդված 209.1. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության  առանձնահատկությունները

1. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կարող է կատարվել, եթե`

1) վկան եւ տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին.

2) անհրաժեշտ է ապահովել վկայի եւ տուժողի անվտանգությունը.

3) հարցաքննության կատարումն անհնարին է, կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

2. Տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմին` սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

3. Հանձնարարության հիման վրա վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

4. Տեսակապի  միջոցով  վկայի  եւ  տուժողի  հարցաքննությունը կատարվում է  սույն  օրենսգրքի  206-րդ  եւ  208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի եւ տուժողի հարցաքննության դեպքում`  հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:
 
Հարցաքննությունից առաջ վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն  ստուգում եւ հաստատում է վկայի եւ տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:

5. Տեսակապի միջոցով վկայի եւտուժողի հարցաքննության ընթացքը եւ արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:

6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ` տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվեն պատկերի եւ ձայնի պատշաճ որակը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգությունը:

7. Տեսակապի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինը`  նշում  կատարելով  այդ  մասին  եւ  ստորագրելով:

8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի եւ տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան եւ տուժողը հարցաքննության են ներկայացել փաստաբանի հետ, վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:

9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակապի միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության արձանագրությունը` կից նյութերով, եւ ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:

Հոդված 209.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի` տեսակապի միջոցով հարցաքննության առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննությունը նախաքննության մարմնի որոշմամբ կարող է կազմակերպվել տեսակապով` օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով` այդ մարմին վկայի կամ տուժողի ներկայանալու դեպքում: Հարցաքննությունից առաջ դիվանագիտական ծառայության մարմինն ստուգում եւ հաստատում է վկայի կամ տուժողի ինքնությունը եւ ապահովում տեսակապը` նախաքննության մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու նպատակով:

2. Տեսակապի միջոցով վկայի կամ տուժողի հարցաքննությունը  կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ եւ 208-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի եւ տուժողի հարցաքննության դեպքում`  հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա հարցաքննվում, եւ նախազգուշացնում  է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաեւ ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, տեղեկացնում է իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում  կարող  է օգտագործվել  իր կամ նրանց դեմ, ինչպես նաեւ այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է հարցաքննվող անձի փոխհարաբերության բնույթը կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի հետ եւ սկսում է հարցաքննությունը:

4. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները, հարցաքննության ընթացքը եւ արդյունքները տեսաձայնագրառվում են տեխնիկական միջոցներով` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան:

5. Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված հարցաքննության վերաբերյալ կազմվում է արձանագրություն եւ ուղարկվում օտարերկրյա պետությունում հյուպատոսական ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին` հարցաքննվող անձին ծանոթացնելու նպատակով: Հարցաքննվող անձն ստորագրում է արձանագրությունը, իսկ  լրացումներ եւ ուղղումներ ունենալու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում: Հարցաքննության արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում:

Հարցաքննության արձանագրությունն ուղարկվում է քննիչին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

12.06.2020
Երեւան
ՀՕ-301-Ն