Armenian   Russian    
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2020

Հոդված 1.  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) սույն օրենքի 9.1-ին հոդվածով սահմանված նպատակով, դեպքերում եւ սահմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1. Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումները

1. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ` տվյալներ մշակողներ) տրամադրել`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

2. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են տվյալներ մշակողներին սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով տրամադրել տվյալներ համաճարակի հետեւանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ: Տվյալներ մշակողները կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներից պահանջել եւ ստանալ սույն մասում նշված տվյալները:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ` տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաեւ բացահայտվել երրորդ անձանց` անձանց տեղաշարժման եւ շփումների հնարավոր եւ առկա շրջանակը, տեղաշարժման եւ շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց` այդ  ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումն ապահովելու նպատակով` այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողություն, այդ թվում` հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը:

5. Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչեւ արտակարգ դրության դադարեցումը, դադարումը, վերացումը կամ արտակարգ դրության ընթացքում կիրառված համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը (այսուհետ սույն հոդվածում` արտակարգ դրության ավարտ):

6. Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ոչնչացվում են տվյալներ մշակողների կողմից արտակարգ դրության ավարտից հետո` արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում տվյալները պետք  է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

7. Տվյալների մշակման ժամանակ պետք է ապահովվեն անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպչական, այդ թվում` օգտագործվող համակարգչային եւ այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ` տվյալների անօրինական օգտագործումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից եւ այլ միջամտությունից պաշտպանելու համար:

8. Տրամադրված եւ մշակվող տվյալները սույն հոդվածով սահմանված նպատակներով կարող են փոխանցվել միայն այն մարմիններին, որոնք նախատեսված են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար: Տվյալներ մշակողները եւ     այն մարմինները, որոնց փոխանցվել են մշակվող տվյալները, ինչպես նաեւ այն երրորդ անձինք, որոնց բացահայտվել են սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները, պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ընթացքում, այնպես էլ արտակարգ դրության ավարտից հետո:

9. Սույն հոդվածով սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում` պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը,  սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տվյալները չոչնչացնելը առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Սույն հոդվածով սահմանված նպատակներից ելնելով` արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները կարող են կիրառվել, եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների եւ ծրագրային ապահովման (այսուհետ` էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) կիրառման միջոցով` արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցները կարող են կիրառվել իրավասու մարմիններից արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկություններ ստանալու եւ նրանց փոխանցելու, անձի տեղաշարժը մշտադիտարկելու, նրա առողջական վիճակի, գտնվելու վայրի մասին տեղեկություններ եւ տվյալներ ստանալու եւ փոխանցելու համար: Այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պարտավոր են կիրառել էլեկտրոնային հաղորդակցության միջոցները կամ ենթարկվել արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների կիրառման եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողության այլ միջոցների: Սույն մասին համապատասխան` էլեկտրոնային հաղորդակցության միջոցները պետք է նախատեսված լինեն բացառապես սույն հոդվածով սահմանված նպատակներով կիրառման համար, եւ դրանցով չի կարող հասանելիություն տրվել անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի մասին այնպիսի տեղեկությունների եւ այնպիսի անձնական տվյալների, որոնք նախատեսված չեն սույն հոդվածով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման պարտադիր դեպքերում դրանք չկիրառելը համարվում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ռեժիմի խախտում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

31.03.2020
Երեւան
ՀՕ-160-Ն