Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.03.2020

Հոդված  1.  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 159-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3.1-ին մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2.  Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 160.1-ին հոդվածով.

«Հոդված 160.1.  Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:

2. Եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով եւ Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:

3. Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից՝

1) կարող են օգտվել  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

4. Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը եւ 5-րդ մասը:

5. Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.03.2020
Երեւան
ՀՕ-138-Ն