Armenian      
Գովազդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.02.2020

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ ծխախոտի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ալկոհոլային խմիչքների գովազդի  դեպքերում  արգելվում է`

ա) ներշնչել, որ ալկոհոլն ունի բուժական, խթանող, հանգստացնող եւ լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին ալկոհոլի օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ներկայացնել խմիչքներում ալկոհոլի բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.

դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել եւ պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ՝ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձեւերը:».

3) 3-րդ  եւ 4-րդ մասերից հանել «եւ ծխախոտի» բառերը.

4) 5-րդ մասի «ա» կետը, 5.1-ին մասի «ա» կետը, 5.2-րդ, 5.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

06.03.2020
Երեւան
ՀՕ-94-Ն