Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.11.2019

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» կետով.

«ժդ) մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.9-րդ հոդվածով.

«Հոդված 19.9.  Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 90-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
 
1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ բանկերի կողմից տեղափոխվող արժույթի եւ արտարժույթի մաքսային ձեւակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման եւ հաշվառման) համար բազային տուրքի
3.5-ապատիկի չափով
2) ապրանքների զննման եւ հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների համար՝
ա. միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչեւ մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար բազային տուրքի չափով
բ. միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար բազային տուրքի
0.3-ապատիկի չափով
3) խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում միեւնույն պայմանագրի հիման վրա միեւնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար բազային տուրքի
500-ապատիկի  չափով
4) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար բազային տուրքի
10-ապատիկի  չափով
5) մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝
ա. օրական՝ մինչեւ մեկ տոննայի համար բազային տուրքի չափով
բ. մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար բազային տուրքի
0.3-ապատիկի չափով
6) տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար՝
ա. մինչեւ 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաներ բազային տուրքի
2-ապատիկի չափով
բ. այլ տրանսպորտային միջոցներ բազային տուրքի
5-ապատիկի չափով
7)  մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների եւ ապրանքների ծագման երկրի վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման  համար բազային տուրքի
30-ապատիկի չափով
8)  մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման համար բազային տուրքի
30-ապատիկի չափով

2. Մաքսային մարմինների սահմանած տեղերից եւ աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձեւակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

3. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.2-րդ հոդվածով.

«Հոդված 28.2. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի գծով արտոնությունները

1. Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատվում են՝

1)  Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որակում է վարչապետի ստեղծած՝ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը.

2)  միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3)  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքի եւ հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքները.

4)  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` Միության անդամ պետություններում հաշվառված թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները.

5)  ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված, ինչպես նաեւ դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաներմուծում» եւ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով վերաձեւակերպված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.

6)  իրավաբանական անձանց կողմից մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

2. Սույն հոդվածով սահմանված արտոնություններից բացի, այլ արտոնություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է՝

ա) մաքսային ընթացակարգերի շրջանակներում, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, ինչպես նաեւ ժամանակավոր պահպանության համար՝ մինչեւ ապրանքները բաց թողնելու պահը.

բ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի շրջանակներում՝ մինչեւ մաքսային տարանցման ավարտը.

գ) մաքսային ուղեկցման համար՝ մինչեւ մաքսային ուղեկցումը փաստացի սկսելը.

դ) նախնական որոշումների համար՝ մինչեւ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրումը:»:

Հոդված  5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2019
Երեւան
ՀՕ-230-Ն