Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.09.2019

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 379-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ եւ 6-8-րդ կետերով սահմանված պահանջներին:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝

1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

5) վերաքննիչ բողոք ներկայացրած անձը մինչեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին.

6) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

7) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ.

8) չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր թերություններ:

2.2. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու կամ վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում գործը վերաքննիչ դատարանում ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում` նշելով առկա թերությունները:

2.3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Ձեւական թերությունները չշտկելու կամ նոր թերություններ թույլ տալու դեպքում վերաքննիչ բողոքը թողնվում է առանց քննության:»:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.09.2019
Երեւան
ՀՕ-155-Ն