Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.06.2019

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը.1» կետով.

«ը.1) չպետք է ունենա դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն (եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ) ունեցող 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակից կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող ղեկավար.»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» կետով.

«բ.1) հայտատուի 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եւ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ ղեկավարն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն.»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» կետով.

«բ.1) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ը.1» կետով նախատեսված՝ 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների եւ ղեկավարների՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ հաշվետվություն` լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետներով.»:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետը «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «6-րդ հոդվածի «ը.1» մասով սահմանված պայմաններից առնվազն մեկը կամ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «դ» բառից հետո լրացնել «, «ը.1» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.07.2019
Երեւան
ՀՕ-110-Ն