Russian    
Ընդերքի մասին օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48-րդ կետով.

«48) հրապարակային հաշվետվություն՝  սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների եւ պետական մարմինների կողմից լիազոր մարմին եւ  կառավարության աշխատակազմ ներկայացվող հաշվետվություն, որը բաց է հրապարակման համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը

1. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է օգտակար հանածոյի արդյունահանման եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ առնվազն հետեւյալ տեղեկատվությունը.

1) թույլտվություն ստացած իրավաբանական անձի անվանումը.

2) թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը.

3) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամկետը.

4) թույլտվության երկարաձգման դեպքում՝ համապատասխան փաստաթղթի համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը, թույլտվության երկարաձգման ժամկետը.

5) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները եւ ընդհանուր մակերեսը.

6) հանքավայրի (տեղամասի) անվանումը.

7) օգտակար հանածոյի անվանումը.

8) ընդերքօգտագործման պայմանագրի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը, ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխություններ կատարելու դեպքում՝ յուրաքանչյուր փոփոխության համար համապատասխան փաստաթղթի համարը, կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.

9) օգտակար հանածոյի արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ նաեւ՝

ա. տրամադրված օգտակար հանածոյի մարվող պաշարների քանակը՝ ըստ հիմնական եւ ուղեկից բաղադրիչների,

բ. հանքի տարեկան արտադրողականությունը.

10) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ՝ նաեւ օգտակար հանածոյի երեւակման կամ օբյեկտի անվանումը:

2. Լիազոր մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է նաեւ մետաղական օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները՝ բացառելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության (տվյալների) հրապարակումը:

3. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝

1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական եւ տեղական հարկերի եւ վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.

4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձեւով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առեւտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձեւով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձեւով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը եւ ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.

7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.

9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.

10) hամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված  պարտավորությունների վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունն ընդերքօգտագործողը ներկայացնում է իր կողմից շահագործվող յուրաքանչյուր հանքավայրի մասին առանձին։

5. Ընդերքօգտագործողը հրապարակային հաշվետվությունը կարող է հրապարակել նաեւ իր պաշտոնական կայքում (առկայության դեպքում):

6. Սնանկ ճանաչված ընդերքօգտագործողն ազատվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելու պարտավորությունից:

7. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություններ են ներկայացնում համապատասխան տեղեկությանը տիրապետող պետական մարմինները, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը:

8. Համայնքի ղեկավարը կառավարության սահմանած կարգով տարածքային կառավարման բնագավառի համապատասխան լիազոր մարմնին է տրամադրում, ինչպես նաեւ հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում (առկայության դեպքում) կամ համայնքի ավագանու նստավայրում փակցնելու միջոցով, ըստ յուրաքանչյուր մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողի կողմից՝

1) համայնքի բյուջե վճարված բոլոր տեղական հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր հարկի եւ վճարի մասով առանձին.

2) համայնքի արտաբյուջեներ կատարած վճարների, ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրով նախատեսված համայնքի զարգացման նպատակով հատկացումների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձեւով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ տեղեկատվությունը։

9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը հրապարակելու եւ 3-րդ ու 6-րդ մասերով նախատեսված հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգերը, ժամկետները եւ ձեւերը սահմանում է կառավարությունը:

10. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկատվության տրամադրման եւ հրապարակման կարգը սահմանում է կառավարությունը:

11. Սույն հոդվածի իմաստով հրապարակման է ենթակա հետեւյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության ՝

1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները.

2) պետական տուրքի եւ ընդերքօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) hամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրությամբ եւ ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված  պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության շրջանակներում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով?

«6) Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա  30-ը, հրապարակում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված եւ ընդերքօգտագործողներին վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվություն։»:

Հոդված 5. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչեւ 2018 թվականի օգոստոսի 1-ը:

3. Առաջին հաշվետու տարվան նախորդող տարվա համար Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին եւ կառավարության աշխատակազմ կարող է ներկայացվել ընդերքօգտագործողի եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով եւ ժամկետներում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվությունների հրապարակումը չի կարող հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից ընկերություններում ստուգումներ իրականացնելու եւ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-191-Ն