Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱՆՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,

Կարեւորելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի դրույթների կիրառմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը,

Կարեւորելով ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունը,

Ընգծելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման ուղղությամբ պայքարելու Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանձնառությունը,

Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170 (2014) բանաձեւը, միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ հաղորդումները՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ՝

Ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,

Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից նրանց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում, ելնելով էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից, եզդի ժողովրդի նկատմամբ այդ խմբավորումների իրականացրած թիրախավորված գործողությունները՝ նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,

Հայտնում է այս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին եւ պետությանը,

Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,

Կոչ է անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում կանխելու, բացառելու եւ վերացնելու մարդու իրավունքների նման խախտումները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

16.01.2018
Հ-001