Armenian      
Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.12.2017

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Լիազոր մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվում գոյացած միջոցներն օգտագործվում են լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), լիազոր մարմնի աշխատողների խրախուսման եւ համակարգի զարգացման, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ուղղությունների համար:

Լիազոր մարմնի խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են լիազոր մարմնի խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են լիազոր մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի համալրմանը։

Լիազոր մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը եւ առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման լիազոր մարմնի խրախուսման եւ զարգացման ֆոնդի հաշվին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2018
ՀՕ-29-Ն