Armenian      
Նոտարիատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.12.2017

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նոտարին տրամադրվում է նաեւ սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ՝ էլեկտրոնային կնիք):».

2) երկրորդ պարբերությունը «ինչպես նաեւ դրանց կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը «նոտարը» բառից հետո լրացնել  «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման  դեպքերի,»  բառերով:

Հոդված 3. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «ճզմիչ կնիքը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը եւ էլեկտրոնային կնիքը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը  «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավերական էլեկտրոնային ստորագրության առկայությամբ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակին վերաբերող առանձնահատկությունները նախատեսված են «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային պայմանագրերի վրա:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ եւ 5.1-ին մասերով, ինչպես նաեւ 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործարքը ենթակա չէ էլեկտրոնային եղանակով վավերացման: Նոտարը չի կրում գույքային պատասխանատվություն սույն հոդվածով նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով կնքված գործարքի՝ էլեկտրոնային եղանակով վավերացման համար, եթե կողմը չի ապացուցում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ սույն մասով սահմանված սահմանափակման մասին:»:

Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4.  Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում կնքվող էլեկտրոնային պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացման կարգը,  անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  եւ Կենտրոնական բանկի խորհրդի  համատեղ որոշմամբ, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 8. Օրենքի 82.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «վավերացրած» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով,» բառերով.

2) 2-րդ մասը «կատարվելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում» բառերով.

3) 3-րդ մասը «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե՝

1) պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, նոտարին չի ներկայացնում պարտավորությունը կատարելու վերաբերյալ  ապացույց, կամ

2) պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգի առկայության եւ այդ համակարգին նոտարի հասանելիության դեպքում նոտարը ստուգել է, որ այդ պարտավորության կատարումը տեղի չի ունեցել:

Չկատարված պարտավորության վերաբերյալ կատարողական մակագրությունը տրվում է չկատարված պարտավորության  մասով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 82.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «հանդիպական պարտավորությունը» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերի դեպքում ներկայացվում են պարտապանի պարտավորության չափի, այդ պարտավորության չափի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք եւ նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետի «պատշաճ կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո: Սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված  դեպքում կատարողական մակագրության թերթը տրվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց, իսկ պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգով նոտարի կողմից պարտավորության չկատարման փաստն ստուգելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի  եւ արդարադատության նախարարի` սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված համատեղ որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-316-Ն