Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 249-րդ հոդվածի 2-րդ կետի       երրորդ պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչեւ սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը եւ գրավատուն (եթե գրավատուն եւ պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչեւ բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է:»:

Հոդված 2. Օրենսգրքի 251-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «տրվում է գրավատուին» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի  243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ  նախատեսված չէ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.

«7. Քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ նրա նշած անձին ի սեփականություն անցնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին եւ պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, ապա գրավի առարկայի ի սեփականություն ընդունելու օրվա եւ գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, իսկ պարտավորությունը լրիվ չմարվելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:

8. Գրավի առարկայի իրացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին եւ պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի իրացման օրվա եւ գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաեւ առկայության դեպքում՝ գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:

9. Սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում պարտքի մնացորդի նկատմամբ տուժանք եւ սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ չեն հաշվարկվում մինչեւ խախտման վերացումը:»:

Հոդված 3. Oրենսգրքի 372-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 372. Տուժանքի առավելագույն չափը եւ այն պակասեցնելը

1. Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է:

3. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետեւանքներին, եւ՝

1) պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների
հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ

2) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ

3) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետեւանքով, եւ օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

4. Դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 372.1-ին հոդվածով.

«Հոդված 372.1. Տուժանքի վճարման պարտավորության դադարումը

1. Պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչեւ պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը:

2. Գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից սույն օրենսգրքի 249-րդ հոդվածի  2-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց, իսկ այդ ժամկետում պարտապանի եւ գրավատուի կողմից (եթե գրավատուն եւ պարտապանը տարբեր սուբյեկտներ են) գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ գրավոր համաձայնություն տալու դեպքում համաձայնությունը սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավառուին հանձնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու, ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս, առաջին աճուրդը չանցկացվելու դեպքում երկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչեւ գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն անցնելը, ուղղակի վաճառքով իրացվելը կամ առաջին աճուրդն անցկացվելը:

3. Գրավառուի եւ գրավատուի, ինչպես նաեւ պարտապանի միջեւ, եթե գրավատուն պարտապանը չէ, պարտավորության խախտումից հետո կարող է կնքվել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ժամկետում բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն: Այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում է մի քանի պարտապան, կամ պարտավորությունն ապահովված է նաեւ այլ գրավի առարկայով,  երկարաձգված ժամանակահատվածի համար հաշվարկվող տուժանքների համար անձը պատասխանատվություն չի կրում, եթե չի տվել բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն:

4. Բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձեւով:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված, ինչպես նաեւ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությամբ նախատեսված ժամկետների ընթացքը կասեցվում է գրավի առարկայի վրա դրա իրացմանը խոչընդոտող արգելանք դրվելու կամ այլ սահմանափակում կիրառվելու, դատական ակտով գրավառուին սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումն արգելվելու կամ արտադատական կարգով գրավի առարկայի իրացմանը խոչընդոտող այլ հանգամանքների առկայության դեպքում` մինչեւ այդ խոչընդոտների վերացումը: Խոչընդոտների տեւողության ժամանակահատվածում տուժանքը շարունակում է հաշվարկվել:

6. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պայմանների խախտմամբ կնքված տուժանքի վճարման վերաբերյալ համաձայնությունն առ ոչինչ է:»:

Հոդված 5. Օրենսգրքի 411-րդ հոդվածը 1-ին կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պայմանագրով նախատեսված տոկոսի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:»:

Հոդված 6. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա:

3. Սույն օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի կողմից պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորության առաջին խախտումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-319-Ն