Russian    
Ընդերքի մասին օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետն առաջին «բնապահպանական» բառից հետո լրացնել «հարկ» բառով,

բ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում՝ արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի.»,

գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «վճարների» բառը փոխարինել «հարկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման» բառերը փոխարինել «բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի փաստացի ծավալների, դրանց չափաքանակների եւ վճարների հաշվարկման կարգի պահպանման» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը՝ անկախ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաեւ ստուգմանը վերաբերող նյութերը (այդ թվում՝ ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները համապատասխան կոորդինատային նիշերով եւ ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (գծագրված լինելու դեպքում) ընդերքօգտագործողին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին է տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով՝

1) բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածում ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-302-Ն