Armenian      
Նոտարիատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.10.2016

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը եւ նոտարներին առաջադրվող հիմնական պահանջները, նոտարների նշանակման, ազատման կարգը եւ հիմքերը, նոտարի իրավական պաշտպանությունը, ինչպես նաեւ նոտարական գործողությունները բողոքարկելու եւ նոտարական գործողությամբ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն» բառերը փոխարինել «Նոտարական ակտն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում, 35-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունում, 46-րդ հոդվածի 5-րդ մասում, 47-րդ հոդվածի 3-րդ մասում «նոտարական գործողությունների գաղտնիություն» եւ «նոտարական գործողությունների գաղտնիք» բառերը փոխարինել «նոտարական գաղտնիք» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «իր կողմից» բառերից հետո լրացնել «նոտարական գործողություն կատարելու կամ այլ ծառայություն մատուցելու վերաբերյալ, ինչպես նաեւ» բառերով, իսկ «տեղեկությունները» բառից հետո՝ «(նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն)» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ժառանգության բացման վերաբերյալ ժառանգներին, պարտատերերին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Նոտարական գործի շրջանակում նոտարական գործողություններ իրականացնելու նպատակով նոտարին, ինչպես նաեւ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում օրենքում նշված անձին տեղեկություններ հայտնելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը «գործունակ» բառից հետո լրացնել «25 տարին լրացած» բառերով, իսկ նույն պարբերության «նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա» բառերը փոխարինել «նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա» բառերով.

2) երկրորդ պարբերությունը «մասնագիտական» բառից առաջ լրացնել «վերջին հինգ տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասում՝

ա. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները եւ գտնվելու վայրերի չափանիշները սահմանում է արդարադատության նախարարը:»,

բ. առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նոտարական տարածքները սահմանվում են գործարքների, հաճախորդների ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման սկզբունքի, իսկ նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները եւ գտնվելու վայրերի չափանիշները՝ քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա:».

2) 1-ին մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նոտարական տարածքը այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտարական տարածքում։

Նոտարական գործողությունները կարող են կատարվել նոտարական գրասենյակից դուրս նաեւ սույն օրենքի 59-րդ, 61-րդ, 80-րդ, 82-րդ հոդվածներով սահմանված դեպքերում:

Այս դեպքերում նոտարը պարտավոր է վավերացման մակագրության մեջ եւ գրանցամատյանում նշել նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երկամսյա ժամկետում իր պարտականությունների կատարմանը չանցնելու դեպքում արդարադատության նախարարն ուժը կորցրած է ճանաչում որակավորում ստացած անձին նոտարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հրամանը, իսկ նշանակված նոտարը կրկին ընդգրկվում է չնշանակված, սակայն որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում:».

3) 2-րդ մասը «նմուշը» բառից հետո լրացնել «, իր գրասենյակի հասցեն, կապի միջոցների տվյալները» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մինչեւ նոտարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն անցնելը նոտարական պալատը նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում՝ սնանկության գործի ողջ ժամանակահատվածում.».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարելու նոտարական գործողություններ եւ մատուցելու նոտարական այլ ծառայություններ մինչեւ կասեցման ժամկետի ավարտը:».

3) 5-րդ մասը «կնիքը» բառից հետո լրացնել « եւ ճզմիչ կնիքը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մեկ տարվա ընթացքում նա երեք անգամ վավերացրել է գործարքներ կամ հաստատել է փաստաթղթեր, որոնք վավերացման կամ հաստատման պահին հակասել են օրենքով սահմանված պարտադիր կանոններին.».

2) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բացատրություն վերցնելու ծանուցման մեջ արդարադատության նախարարը, հաշվի առնելով կարգապահական վարույթի առանձնահատկությունները, սահմանում է բացատրություն ներկայացնելու ժամկետ։ Բացատրություն ներկայացնելու նվազագույն ժամկետ սահմանվում է ծանուցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրը։ Նոտարի կողմից ծանուցման մեջ նշված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում արդարադատության նախարարի՝ սույն մասով սահմանված պարտականությունը համարվում է կատարված։».

3) 8-րդ մասում՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը եւ ճզմիչ կնիքը հանձնել արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը եւ այլ փաստաթղթերը` նոտարական պալատ։ Փոխարինող նոտար նշանակված լինելու դեպքում նոտարական գործերը եւ այլ փաստաթղթերը նոտարական պալատը հանձնում է փոխարինող նոտարին:»,

բ. երկրորդ նախադասությունը «կնիքն» բառից հետո լրացնել «ու ճզմիչ կնիքն» բառերով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Նոտարի փոխարինումը եւ գործուղումը

1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման դեպքում արդարադատության նախարարը նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ նոտարական գործողությունների իրականացումն այդ ժամանակահատվածում կարող է դնել այլ նոտարի վրա։

2. Փոխարինող նոտարն իրավունք ունի նոտարական գործողություններ իրականացնելու իր նոտարական գրասենյակում կամ փոխարինվող նոտարի նոտարական գրասենյակում:

3. Փոխարինող նոտարը գործում է իր անունից եւ իր հաշվին: Փոխարինվող նոտարի գույքի օգտագործման եւ աշխատակազմի վարձատրության կարգը սահմանվում է նոտարական պալատի որոշմամբ:

4. Ժամանակավոր բացակայության դեպքում նոտարին փոխարինելու հիմքերն են՝

1) ամենամյա, լրացուցիչ արձակուրդում գտնվելը.

2) հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

3) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.

4) ժամանակավոր անաշխատունակությունը.

5) երեխայի կամ ընտանիքի անդամների հիվանդությունը (խնամքի անհրաժեշտության դեպքում).

6) գործուղումները.

7) վերապատրաստումները.

8) երկու աշխատանքային օրից ավելի աշխատավայրից փաստացի բացակայության այլ դեպքեր:

5. Նոտարը կարող է գործուղվել այլ նոտարական տարածք միայն իր համաձայնությամբ նոտարական պալատի առաջարկի հիման վրա արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Վերահսկողությունը նոտարի գործունեության նկատմամբ

1. Նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից սույն օրենքով նախատեսված այլ ծառայությունների մատուցման, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման, նոտարական էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Արդարադատության նախարարության կողմից վերահսկողությունն իրականացվում է նոտարական գործողությունների եւ նոտարի մատուցած այլ ծառայությունների ծրագրային ուսումնասիրության միջոցով` տարեկան ծրագրի հիման վրա, որը հաստատում է արդարադատության նախարարը մինչեւ ուսումնասիրությանը նախորդող տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը եւ նոտարական գործողությունների կամ մատուցված այլ ծառայությունների տեսակները, ինչպես նաեւ ուսումնասիրություն կատարելու ժամկետը եւ վայրը սահմանվում են ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանով:

Ուսումնասիրությունն իրականացվում է նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը եւ այլ փաստաթղթեր պահանջելու, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով:

Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի գրավոր բացատրություններ եւ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու նոտարից, որոնք ենթակա են տրամադրման այդ մասին ծանուցումն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում:

Ուսումնասիրություն կատարողն ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի։

Ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում ուսումնասիրության նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել նախարարի հրամանով` ուսումնասիրություն իրականացնողի գրավոր հիմնավորմամբ։ Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է նոտարը` նրան ներկայացնելով նոր հրամանի պատճենը։

 3. Ուսումնասիրություն կատարելու մասին արդարադատության նախարարի հրամանի պատճենն ուսումնասիրությունն իրականացնելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ուղարկվում է արդարադատության նախարարի հրամանում նշված նոտարին եւ նոտարական պալատ՝ ուսումնասիրությանը նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նոտարական պալատի վարչությունն ուսումնասիրությանը նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու դեպքում պարտավոր է արդարադատության նախարարի հրամանի պատճենը ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել այդ մասին արդարադատության նախարարությանը` տրամադրելով ներկայացուցիչ նշանակելու մասին վարչության որոշումը:

Ուսումնասիրության արդյունքում արդարադատության նախարարի հրամանով սահմանված ուսումնասիրություն իրականացնողը կազմում է եզրակացություն:

Նոտարական պալատի ներկայացուցիչը պարտավոր է իր մասնակցության մասին ստորագրել եզրակացությունում, իսկ եզրակացության վերաբերյալ առարկությունների դեպքում դրանք ներկայացնել առանձին փաստաթղթի տեսքով մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որը կցվում է եզրակացությանը:

Եզրակացության պատճենը տրամադրվում է նոտարին դիրքորոշում ներկայացնելու համար, որը կցվում է եզրակացությանը:

4. Ուսումնասիրության ենթարկված նոտարի մոտ հաջորդ ծրագրային ուսումնասիրությունը կարող է իրականացվել ոչ շուտ, քան դրան հաջորդող երկրորդ տարում:

5. Դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ իրավապահ այլ մարմիններ նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտնում են արդարադատության նախարարին:

Դատարանը իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք՝ նոտարի գործողությունները վիճարկող գործերի մասին անմիջապես տեղեկություն է ուղարկում արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է այդ գործերով կայացրած վճիռների կամ դատավճիռների պատճենները:

6. Նոտարի՝ իրականացվող եւ իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետական մյուս մարմինները հսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում եւ սահմաններում: Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարին ուղարկվում են նաեւ ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի (արձանագրությունների) պատճենները:»:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1. Ուսումնասիրության ենթակա նոտարի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնասիրության ենթակա նոտարն իրավունք ունի`

1) արգելելու ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրություն իրականացնողը դուրս է եկել ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից.

2) ծանոթանալու եզրակացությանը.

3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ուսումնասիրություն իրականացնող անձանց գործողությունները.

4) չկատարելու ուսումնասիրություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաեւ ուսումնասիրության նպատակներից եւ ծրագրերից չբխող պահանջներ։

2. Ուսումնասիրության ենթակա նոտարը պարտավոր է`

1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները.

2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները։»:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բողոքը արդարադատության նախարարություն կամ նոտարական պալատ ներկայացնելու դեպքում այն ուսումնասիրվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «իր անունից» բառերը փոխարինել «որպես» բառով, իսկ նույն մասը  «պատասխանող կամ» բառերից հետո լրացնել «երրորդ անձ կամ» բառերով:

2) 3-րդ մասի «կամ համայնքային հիմնարկներից» բառերը փոխարինել «կամ տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերով:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում`

ա. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) նոտարական գրասենյակի հասցեի փոփոխությունը համաձայնեցնել արդարադատության նախարարության հետ.»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպված վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանված կարգով եւ պայմաններով:

Վերապատրաստման դասընթացների տեւողությունը առնվազն 30, բայց ոչ ավելի, քան 60 ակադեմիական ժամ է: Ակադեմիական ժամի տեւողությունը                   40 րոպե է:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում արդարադատության նախարարը մեկշաբաթյա ժամկետում մերժում է նոտարական գրասենյակի հասցեի փոփոխությունը, եթե նոտարական գրասենյակի նոր հասցեն գտնվում է նոտարական տարածքից դուրս, կամ նոտարական գրասենյակը չի համապատասխանում առաջադրվող նվազագույն պահանջներին կամ գտնվելու վայրի չափանիշներին:».

3) 2-րդ մասում`

ա. առաջին պարբերության «Ծառայության» բառը փոխարինել «Նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների» բառերով,

բ. առաջին պարբերությունից հանել «խնդրանքով» բառը,

գ. 2-րդ մասի 1-ին կետի «իրավաբանական» բառը փոխարինել «իրավական» բառով,

դ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը.

4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կողմերի մտադրությունների» բառերը.

5)  5-րդ մասից հանել «կամ նոտարական գրասենյակի» բառերը:

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Նոտարի կարգապահական պատասխանատվությունը

1. Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ կարող են հարուցել՝

1) արդարադատության նախարարը.

2) նոտարական պալատը:

2. Արդարադատության նախարարը կարգապահական վարույթը հարուցում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված առիթների ուսումնասիրության արդյունքում՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման հիմքով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է փաստաթղթերը հետազոտելու, ինչպես նաեւ նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդարադատության նախարարության ստորաբաժանումների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից նոտարական գրասենյակ այցելելու կամ առանց նոտարական գրասենյակ այցելելու՝ նոտարից նոտարական գործերը եւ այլ փաստաթղթերը պահանջելու, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Սույն մասով նախատեսված գործողությունները պետք է կատարվեն կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում։

Սույն մասում նշված փաստաթղթերը, նյութերը նոտարը տրամադրում է ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

4. Նոտարական պալատը կարգապահական վարույթ հարուցում է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով: Միեւնույն առիթով եւ հիմքով արդարադատության նախարարի եւ նոտարական պալատի կողմից կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում նոտարական պալատի հարուցած կարգապահական վարույթը կարճվում է։ Նոտարական պալատը կարճման որոշմանը կցում է իր եզրակացությունը՝ կարգապահական հիմքի վերաբերյալ։

5. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

ա) դիմումը կամ բողոքը.

բ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.

գ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.

դ) նոտարական պալատի հաղորդումը՝ իրեն ներկայացված նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների բողոքների կամ դիմումների վերաբերյալ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի, ինչպես նաեւ նոտարական էթիկայի կանոնների խախտման հատկանիշների ինքնուրույն հայտնաբերումը.

զ) նոտարական  պրակտիկայի  ամփոփման  կամ  ծրագրային ուսումնասիրության արդյունքում խախտման հատկանիշների հայտնաբերումը:

6. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող վեց շաբաթից ավելի լինել, որը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք շաբաթ ժամկետով: Նոտարը ծանուցվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին վարույթ հարուցելու պահից մեկ oրվա ընթացքում։

7. Կարգապահական վարույթն իրականացնող անձը կարգապահական վարույթում քննարկվող հարցերի շրջանակում իրավունք ունի՝

1) կարգապահական վարույթի ընթացքում նոտարից պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն, որը պետք է նոտարի կողմից տրամադրվի պահանջը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2) նոտարի գրասենյակում ծանոթանալու անհրաժեշտ փաստաթղթերին եւ նյութերին.

3) նոտարից պահանջելու գրավոր բացատրություններ.

4) դիմելու այն անձին, որի դիմումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել` լրացուցիչ փաստաթղթեր եւ տեղեկատվություն տալու առաջարկությամբ:

8. Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ:

Գրավոր բացատրություն ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում, որի վերաբերյալ ստորագրում է նոտարը, կամ նշում է կատարվում վերջինիս ստորագրելուց հրաժարվելու մասին:

Նոտարը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի չտրամադրելու՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, եթե դա չի բխում կարգապահական վարույթի շրջանակներից։

9. Մինչեւ կարգապահական վարույթ հարուցող անձի կողմից որոշում կայացնելը կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունք ունի այն նոտարը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Նոտարին նյութերը հանձնվում են ոչ ուշ, քան կարգապահական վարույթ հարուցող անձի կողմից որոշում կայացնելու վերջնաժամկետից յոթ աշխատանքային օր առաջ: Նյութերը ստանալու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում նոտարն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցելու լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու մասին:

10. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) կարգապահական վարույթը կարճելու մասին.

2) նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

11. Վարույթ հարուցողն իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:

12. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները եւ այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը:

13. Նոտարական պալատի կողմից կարգապահական վարույթի արդյունքում կայացված որոշումները դրանց կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են արդարադատության նախարարություն։

14. Կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներն ընդհատվում են:

15. Եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետների ընթացքում նոտարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (հետապնդում), կամ դատարանում բողոքարկվում է խախտման հիմք հանդիսացող գործողության իրավաչափությունը, ապա կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի ընթացքը, իսկ կարգապահական վարույթը հարուցված լինելու դեպքում` հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է: Կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը կասեցվում է մինչեւ քրեական գործով վերջնական լուծումը կամ դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, ինչպես նաեւ դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի կամ հարուցված վարույթի ընթացքը շարունակվում է կասեցման պահից՝ սույն օրենքով սահմանված կարգով:

16. Եթե նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել մի քանի փաստերի հիման վրա, ապա նրա նկատմամբ կիրառվում է ավելի խիստ կարգապահական տույժի միջոցը:»:

Հոդված 17. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

«Հոդված 24.1. Կարգապահական վարույթի կարճման հիմքերը

1. Կարգապահական վարույթը կարճվում է, եթե՝

1) հիմնավորված չէ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացող խախտման փաստը.

2) անցել է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետը.

3) դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից.

4) սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում:»:

Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերը

1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  հիմքերն են`

1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի եւ այլ իրավական ակտի նորմատիվ պահանջն ակնհայտ խախտելը.

2) էթիկայի կանոններն ակնհայտ խախտելը.

3) վերապատրաստման դասընթացների առնվազն 20 տոկոսին առանց հարգելի պատճառի չմասնակցելը:

2. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր ճանաչելը կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած՝ նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տրված օրենքի պահանջների խախտման պատճառով:

Նոտարը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր, իսկ կատարած նոտարական գործողությունները ոչ իրավաչափ են ճանաչվել նրան ներկայացված կեղծ կամ անօրինական այնպիսի համաձայնագրերի կամ հայտարարությունների կամ այլ կեղծ փաստաթղթերի պատճառով, որոնց օրինականությունն ու ճշտությունը նոտարը չէր կարող կամ պարտավոր չէր ստուգել, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ ներկայացված համաձայնագրերի, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:

3. Նոտարը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումներն առաջացրած գործողությունների կատարման պահից անցել է մեկ տարի, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ ենթակետերով նախատեսված խախտումների, որոնց համար կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե գործողությունների կատարման օրվանից անցել է երեք տարի:»:

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով նոտարի նկատմամբ կարող է նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) գործունեության կասեցում՝ մինչեւ 6 ամիս ժամկետով:

2. Արդարադատության նախարարն իրավասու է կիրառելու սույն հոդվածի     1-ին մասով սահմանված տույժերը, իսկ նոտարական պալատը` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերը:

3. Նոտարի գործունեության կասեցումը, որպես կարգապահական տույժի միջոց, կարող է կիրառվել նոտարի կողմից սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խախտումների դեպքում:

4. Նոտարի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս հաշվի են առնվում նաեւ խախտման հետեւանքները, նոտարի մեղքի աստիճանը, առկա տույժերը, նոտարին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու կամ նոտարի գործունեությունը կասեցնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոտարը չի ենթարկվել  նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Կարգապահական տույժի նշանակումը նոտարը կարող է բողոքարկել դատարան՝ տույժը կիրառելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:»:

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Նոտարի գույքային պատասխանատվությունը

1. Նոտարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից դիտավորությամբ կամ անզգուշությամբ թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված վնասի համար:

Նոտարի՝ պաշտոնից ազատվելու դեպքում նոտարի կատարած նոտարական գործողությունների կամ նոտարական այլ ծառայությունների կատարման կամ դրանց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս նոտարական պալատը, իսկ վնասի, այդ թվում՝ դատական ծախսերի հատուցման պահանջներով՝ պաշտոնից ազատված նոտարը: Նոտարի նշված պարտավորությունը ժառանգման կարգով իրավահաջորդության ենթակա չէ:

2. Նոտարը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը

նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 6 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։

3. Սույն օրենքի 35.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում նոտարների պատճառած վնասները հատուցվում են պահուստային ֆոնդի միջոցներից:»:

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածում ՝

1) առաջին պարբերությունը «արդարադատության նախարարություն» բառերից հետո լրացնել «եւ նոտարական պալատ» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել առաջին պարբերության երկրորդ նախադասությունը:

Հոդված 22. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպած վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանած կարգով եւ պայմաններով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու եւ ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «ընդունում» բառից հետո լրացնել «փոփոխում, լրացնում» բառերով.

2) 3-րդ մասի «հոգ է տանում» բառերը փոխարինել «իրականացնում է» բառերով, իսկ «բարձրացման համար, իրականացնում է» բառերը՝ «բարձրացմանն ուղղված միջոցառումներ եւ» բառերով:

Հոդված 24. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) կազմակերպում է նոտարական արխիվային փաստաթղթերը համալրելու, հաշվառելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված աշխատանքները.»:

Հոդված 25. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) կազմակերպում է նոտարի, նոտարի օգնականի վերապատրաստման դասընթացները:»:

Հոդված 26. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

«Հոդված 35.1. Նոտարական պալատի պահուստային ֆոնդը

1. Նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար նոտարների անդամավճարների առնվազն տասը տոկոսը բանկային հաշվում կապիտալացնելու միջոցով նոտարական պալատը ստեղծում է պահուստային ֆոնդ (այսուհետ՝ պահուստային ֆոնդ):

2. Բանկային տոկոսներն ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը:

3. Նոտարական պալատի անդամների ժողովը կարող է սահմանել պահուստային ֆոնդ վճարվող տոկոսների առավել բարձր չափ։

4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը, եւ անհնարին է նոտարի անձնական գույքի հաշվին բավարարել վնասն ամբողջությամբ:

5. Պահուստային ֆոնդի միջոցները բացառապես օգտագործվում են նոտարի պատճառած վնասի հատուցման նպատակով: Նոտարական պալատի պարտավորություններով պահուստային ֆոնդի վրա բռնագանձում չի տարածվում:

6. Սույն հոդվածի պահանջները կիրառելի են նաեւ նոտարին պաշտոնից ազատելու կամ սնանկ ճանաչելու դեպքերում:»:

Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 13-րդ կետը «արժեթղթեր» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղներ, քարեր եւ տալիս է վկայագիր» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-23-րդ կետերով.

«17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.

18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.

19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.

20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը.

21) տալիս է կատարողական մակագրության թերթ.

22) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.

23) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.

«3. Ժառանգներին եւ հնարավոր պարտատերերին հայտնաբերելու նպատակով նոտարը համացանցում այդ նպատակի համար նախատեսված տիրույթում հրապարակում է հաղորդագրություն ժառանգության բացման վերաբերյալ:

4. Նոտարը, նոտարական գործողություններ կատարող այլ անձինք նոտարական գործողություններ իրականացնելիս կարող են օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից, իր լիազորություններն իրականացնելու նպատակով ստանալ անձնական տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

5. Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետեւյալ ծառայությունները.

1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը եւ փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ.

2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ.

3) գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին.

4) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր:»:

Հոդված 28. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.

«Հոդված 36.1. Նոտարական ակտը

1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը հանդիսանում են նոտարական ակտ:

2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`

1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.

3) փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագիրը.

4) նոտարի ստորագրությունը եւ կնիքը, ճզմիչ կնիքը.

5) առկայության դեպքում՝ պետական տուրքի եւ նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.

6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:»:

Հոդված 29. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «դիմել» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային եղանակով)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Էլեկտրոնային եղանակով նոտարին դիմումը ներկայացվում է «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ։»։

Հոդված 30. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կազմակերպությունների իրավունակությունը» բառերից հետո հանել «եւ գործունակությունը» բառերը.

2) 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններից հանել «եւ գործունակությունը» բառերը:

Հոդված 31. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերության «պարտավոր է նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջել ներկայացնելու» բառերը փոխարինել «նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջում է ներկայացնել» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Այն դեպքում, երբ նոտարը կարող է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից կամ անձանցից, ապա նոտարին դիմած անձից չի պահանջվում ներկայացնել նոտարական գործողություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը:»:

Հոդված 32. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «մինչեւ տասնութ տարեկան» բառերը:

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «խուլ անձ» եւ «խուլ» բառերը փոխարինել «լսողական խանգարում ունեցող անձ» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե լսողական, խոսակցական խանգարում ունեցող անձինք չեն կարող կարդալ փաստաթուղթը, նոտարը, վկաներից բացի, հրավիրում է ժեստերի լեզվի թարգմանչի, որը կարող է բացատրվել նշված անձանց հետ: Ժեստերի լեզվի թարգմանիչը պետք է բացատրվի լսողական, խոսակցական խանգարում ունեցող անձի հետ եւ հայտնի նոտարին, որ փաստաթուղթն արտահայտում է նրա կամքը, եւ նա հավանություն է տալիս դրան:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Եթե գործարքի կողմ է տեսողական խանգարում ունեցող անձը, ապա նոտարը բարձրաձայն ընթերցում է գործարքի բովանդակությունն ամբողջությամբ՝ առնվազն երկու վկաների ներկայությամբ։ Վկաները գործարքի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում են իրենց ներկայությամբ գործարքի բովանդակությունը նոտարի կողմից ընթերցված եւ կողմերի համար պարզաբանված լինելու փաստը։»:

Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթերում ուղղումներ կատարելու կարգը

1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը։ Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները եւ ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաեւ նոտարին փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա։

2. Վավերացված կամ հաստատված փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, եւ գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը:

3. Վավերացված կամ հաստատված փաստաթղթում ուղղումներ կատարելու անհնարինության դեպքում նոտարը ուղղումը կատարում է առանձին փաստաթղթի տեսքով, ծանոթագրում այն եւ կցում վավերացված կամ հաստատված փաստաթղթին: Առանձին փաստաթղթի տեսքով կատարված ուղղումը հանդիսանում է վավերացված կամ հաստատված փաստաթղթի անբաժանելի մասը:

4. Ծանոթագրման մեջ նշվում է, որ ուղղումը կատարել է նոտարը, ինչպես նաեւ նշվում են դրա կատարման օրը, ամիսը եւ տարին: Ծանոթագրումը ստորագրում եւ կնքում է նոտարը:

5. Նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վավերացված կամ հաստատված փաստաթղթում:

6. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, վավերացված կամ հաստատված փաստաթղթերում որեւէ այլ փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են:»:

Հոդված 35. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի  առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետման մասին որակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը, բացառությամբ  սույն օրենքով նախատեսված դեպքերի:».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հանձնաժողովի կողմից, երբ՝

1) վստահության վերաբերյալ փաստաթուղթ տված նոտարը գրավոր հայտնում է վստահությունը կորցնելու մասին, եւ որեւէ այլ նոտար չի հայտնել իր վստահությունը.

2) թարգմանիչը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում կամ խախտումը կատարել է չարամտորեն.

3) թարգմանիչը վկայական ստանալու համար ներկայացրել է կեղծ փաստաթղթեր.

4) թարգմանիչը չի պահպանել նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը.

5) թարգմանիչը դիմում է ներկայացրել որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին.

6) թարգմանիչը մահացել է, ճանաչվել է անգործունակ կամ անհայտ բացակայող.

7) բացասական են վերապատրաստման արդյունքները:

Որակավորում ունեցող անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած  կարգով  վերապատրաստվում է առնվազն երեք տարին մեկ անգամ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Որակավորման վկայական ունեցող ժեստերի լեզվի թարգմանչի բացակայության դեպքում նոտարական գործողության կատարմանը որպես թարգմանիչ մասնակցում է մասնագիտացված կազմակերպության կողմից որպես ժեստերի լեզվի թարգմանիչ երաշխավորված անձը:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվով որակավորման վկայական ունեցող թարգմանչի բացակայության դեպքում նոտարական գործողության կատարմանը որպես թարգմանիչ մասնակցում է տվյալ ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության նպատակով ձեւավորված հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից երաշխավորված անձը, իսկ այդպիսի հասարակական կազմակերպության բացակայության դեպքում՝ ազգային փոքրամասնության բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից երաշխավորված անձը:»:

Հոդված 36. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սեղանամատյանում» բառը փոխարինել «գրանցամատյանում» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը:

Հոդված 37. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն չունեն, ապա նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշումը կայացնում է իրեն դիմելու օրը կամ դիմումը ներկայացնելու հաջորդ օրը:

Ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության դեպքում նոտարը նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում է կայացնում մինչեւ դիմելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:»:

Հոդված 38. Օրենքի 53-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը «նախարարը» բառից հետո լրացնել «` նոտարական պալատի առաջարկությամբ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.

«8. Նոտարների կողմից արխիվի վարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը` նոտարական պալատի առաջարկությամբ:

9. Նոտարական ակտերի, ինչպես նաեւ ժառանգական գործերի առցանց շտեմարանների վարման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 39. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 12-րդ կետը «արժեթղթեր» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղներ, քարեր եւ տալիս է վկայագիր» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-17-րդ կետերով.

«14) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.

15) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.

16) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.

17) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ:»:

Հոդված 40. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «նոտարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ նոտարին փոխարինելու եւ պաշտոնից ազատելու դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նոտարի բացակայության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է փոխարինող նոտարը:»:

Հոդված 41. Օրենքի 56-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կտակում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինչպես նաեւ կտակը վերացնելու մասին դիմումը վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու եւ պաշտոնից ազատելու դեպքերի:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Նոտարին փոխարինելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նոտարական գործողությունը կատարում է փոխարինող նոտարը:».

3) 5-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կտակը վերացնելու կամ փոփոխելու մասին դիմումը վավերացվում է կտակի վավերացման համար սահմանված կարգով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ  եւ 8-րդ մասերով.

«7. Նոտարը ժառանգության բացման մասին տեղեկանալու պահից ծանուցում է ժառանգներին կտակի առկայության մասին:

8. Նոտարը ժառանգական գործերը եւ կտակները մուտքագրում է ժառանգական գործերի վարման եւ կտակների առցանց շտեմարան:»:

Հոդված 42. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ   5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. Լիազորագիրը վավերացնելուց հետո նոտարն այն մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան:

6. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում ստանալու դեպքում նոտարը համապատասխան տվյալները մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան։»:

Հոդված 43. Օրենքի 62-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «համայնքին` ի դեմս ղեկավարի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում ժառանգության իրավունքի վկայագիր տված նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու եւ պաշտոնից ազատելու դեպքերի:»:

Հոդված 44. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 69. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը

1. Նոտարը քաղաքացու դիմումով հաստատում է նրա` որոշակի վայրում գտնվելու փաստը եւ տալիս է վկայագիր:

2. Անգործունակ ճանաչված անձի` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրանց օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգրողների, խնամակալի), ինչպես նաեւ այն կազմակերպությունների դիմումի հիման վրա, որոնց խնամքի տակ է անգործունակը:»:

Հոդված 45. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 17.1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 81.1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելը

1. Նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

2. Նոտարը հաստատում է հետեւյալ փաստերը.

1) անձանց ազգակցական հարաբերությունները.

2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը.

4) ժառանգությունն ընդունելը եւ ժառանգության բացման վայրը.

5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի.

6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.

7) անձանց բանավոր հայտարարությունները.

3. Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

4. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաեւ բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

5. Նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

6. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձեւակերպելու համար:

7. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը կարող է օգտագործվել միայն նոտարական ակտում նշված նպատակով։

8. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտը պետք է բովանդակի՝

1) սույն օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները.

2) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որը հաստատվում է տվյալ նոտարական ակտով.

3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու կամ մերժելու հիմքերը.

4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու նպատակը:

9. Նոտարն ընդունում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար.

2) hաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից.

3) բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը.

4) դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է.

5) պահպանված են սույն հոդվածի 4-րդ մասի պահանջները.

6) իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անվիճելի է:

10. Սույն հոդվածի 9-րդ մասի պահանջները պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։

Հոդված 81.2.  Նոտարի կողմից անձանց բանավոր հայտարարությունները հաստատվելը

1. Նոտարը հաստատում է անձի կողմից իր մոտ արված բանավոր հայտարարությունը, որին կցվում է նաեւ այդ անձի տված հայտարարությունը ճշմարտացի լինելու երդման հավաստիացումը:

2. Երդման հավաստիացումը կատարվում է նոտարի մոտ առնվազն երկու վկաների ներկայությամբ` բանավոր հայտարարելով եւ երդման հավաստիացումը երդվող անձի կողմից ստորագրվելու միջոցով։ Երդմամբ ֆիզիկական անձը հավաստում է արված հայտարարության ճշմարտացիությունը եւ ստորագրում է իր հայտարարությունն ու երդման հավաստիացումը: Վկաները ստորագրությամբ հավաստում են, որ հայտարարությունը եւ երդման հավաստիացումը կատարվել են իրենց ներկայությամբ:

3. Երդման հավաստիացմամբ անձը հաստատում է, որ տեղյակ է կեղծ երդում տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նոտարի  հաստատած բանավոր հայտարարություններն ապացուցողական ուժ ունեն դատարանում եւ այլ պետական մարմիններ ներկայացնելիս:»:

Հոդված 46. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 18.1

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 82.1. Ընդհանուր դրույթներ կատարողական մակագրության վերաբերյալ

1. Պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն:

2. Կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջեւ կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ։

3. Կատարողական  մակագրությունը  կատարվում  է,  եթե  կողմերի համաձայնությամբ դրամական գումարներ կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտապանի պարտավորությունը կատարվելու է նոտարական ակտեր կայացնելու կամ նոտարական գործողություններ կատարելու միջոցով:

4. Կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով:

Հոդված 82.2. Կատարողական մակագրության թերթ տալու պայմանները

1. Կատարողական մակագրության թերթը տրվում է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝

1) ներկայացվում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթեր, որոնք հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը, եւ բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը.

2) առկա են սույն օրենքի 82.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերը.

3) պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց:

2. Կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին՝ «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:

3. Յուրաքանչյուր չկատարված պարտականության մասով տրվում է առանձին կատարողական մակագրության թերթ:

4. Նոտարին ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են պարտատիրոջը՝ նոտարական գործում թողնելով փաստաթղթի բնօրինակի՝ նոտարի կնիքով վավերացված պատճենը:

5. Կատարողական մակագրության թերթի օրինակելի ձեւաթուղթը հաստատում է արդարադատության նախարարը:

6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:

Հոդված 82.3. Կատարողական մակագրությամբ բռնագանձման կարգը

1. Կատարողական մակագրության թերթը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 47. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները եւ գտնվելու վայրի չափանիշները չեն տարածվում գործող նոտարական գրասենյակների վրա:

3. Սույն օրենքի 26-րդ հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։

4. Որակավորում ունեցող թարգմանիչների առաջին վերապատրաստումն իրականացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

5. Սույն օրենքի 28-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, եւ դրա պահանջները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո ընդունված նոտարական ակտերի նկատմամբ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.11.2016
ՀՕ-180