Armenian      
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2016

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Ինտերնետային կայքում եւ (կամ) էլեկտրոնային հավելվածում հրապարակման ենթակա տեղեկատվությունը

1. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը (էլեկտրոնային առեւտրային հարթակը), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային պայմանագիր կնքելու, պետք է պարունակի՝

ա) վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները եւ հեռախոսահամարը.

բ) պայմանագրի ընդհանուր դրույթները եւ պայմանները.

գ) ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման եւ (կամ) այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը.

դ) տեղեկություն ընդունելի վճարման ձեւի մասին` մինչեւ սպառողի կողմից գնելու գործողությունն սկսելը.

ե) էլեկտրոնային ձեւով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք եւ հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձեւով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.

զ) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը եւ կարգը, ինչպես նաեւ մինչեւ օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.

է) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին.

ը) բողոքների քննության եւ վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաեւ հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ եւ այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը):

2. Պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունն ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում պետք է ներկայացվի սպառողին մինչեւ պայմանագիրը կնքելը:

3. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն:

4. Վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը) պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հասանելի դարձնել սպառողին առավելագույն դյուրին որեւէ եղանակով:

5. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առեւտրի նկատմամբ՝ դրանց առանձնահատկությունները հաշվի առնելով:»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը

1. Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձեւի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի եւ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

2. Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝

ա) եթե ապրանքների պատրաստումը եւ մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով.

բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով.

գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, եւ որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.

դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով.

ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով.

զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.

է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.

ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջեւ կնքված պայմանագրով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.07.2016
ՀՕ-118