Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2016

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 93-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1 «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով խոշոր ընկերությունում ընկերության աուդիտն իրականացնող անձը կամ վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքի կնքման որոշումն ընդունելուց հետո` մինչեւ պայմանագրի կնքումը, տալիս է եզրակացություն գործարքի` սույն օրենքի պահանջներին, ինչպես նաեւ շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` մինչեւ պայմանագրի կնքումը, գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 93-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված եզրակացությունը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.07.2016
ՀՕ-108