Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝

ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձեւն ու կարգը.

բ) մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս եւ պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը եւ այդ տեղեկատվության տրամադրման ձեւը եւ կարգը, ինչպես նաեւ հաճախորդների հետ հաղորդակցման եւ հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:

Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որեւէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առեւտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը:

գ) բանկի եւ նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը եւ մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին եւ ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Բանկերը պարտավոր են հետեւել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպեu վնաuների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը uահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 43-րդ հոդվածի 1.1-ին մասի վերջին պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2016
ՀՕ-16