Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2015

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը «դատական իշխանության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշտարարության» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին բաժնով.

«ԲԱԺԻՆ 7.1

 ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 31.1

ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.1. Հաշտարարը եւ հաշտարարությունը

1. Հաշտարարն այն անձն է, որը որպես անկողմնակալ երրորդ անձ, հաշտարարության վերաբերյալ համաձայնության հիման վրա իրականացնում է հաշտարարություն` կողմերի միջեւ ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի իր գործունեությունը ծավալելու ինչպես մշտապես գործող հաշտարարական հաստատությունում, այնպես էլ դրանից դուրս:

2. Հաշտարարությունը կարող է իրականացվել ինչպես կոնկրետ վեճով (ad hoc/ ադ հոք), այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում:

Հոդված 227.2. Հաշտարարության սկզբունքները եւ հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնները

1. Հաշտարարության գործընթացն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկողմնակալության սկզբունքների հիման վրա:

2. Հաշտարարը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետեւյալ ընդհանուր կանոններով.

1) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ հաշտարարի անկողմնակալության վրա.

2) ապահովել հավասար, հարգալից եւ անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ.

3) հաշտարարությանը մասնակցող կողմերին պարզաբանել հաշտարարի դերն ու հաշտարարության գործընթացի բնույթը.

4) պահպանել հաշտարարության գաղտնիությունը.

5) հաշտարարությունն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում,

6) նպաստել հաշտարարության նկատմամբ վստահության եւ հեղինակության ձեւավորմանը։

Հոդված  227.3. Հաշտարարի իրավունքները եւ պարտականությունները

1. Հաշտարարն իրավունք ունի`

1) հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.

2) գովազդելու իր հաշտարարական ծառայությունները.

3) ստանալու իր ծառայությունների դիմաց վճար, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.

4) ազատորեն կիրառելու օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ:

2. Հաշտարարը պարտավոր է`

1) մինչեւ հաշտարարություն սկսելը հաշտարարության կողմերին պարզաբանել կողմերի իրավունքները եւ պարտականությունները.

2) հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց, եթե գտնում է, որ իր մասնակցությունը հաշտարարության գործընթացին կհանգեցնի հաշտարարության որեւէ սկզբունքի խախտման.

3) պահպանել հաշտարարության սկզբունքները եւ վարքագծի կանոնները:

3. Հաշտարարն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 227.4. Հաշտարարության ընթացքում ձեռք բերված կամ հայտնի դարձած փաստերն օգտագործելու սահմանափակումները

1. Հաշտարարության ընթացքում բացահայտած կամ արտահայտած տեղեկությունները գաղտնի են։ Բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերի, հաշտարարը, կողմերը կամ հաշտարարությանը մասնակցած կամ մասնակցող յուրաքանչյուր անձ չեն կարող կանչվել դատարան՝ որպես վկա, մասնագետ կամ փորձագետ` ցուցմունք տալու հաշտարարության ընթացքում հայտնի դարձած փաստի կամ տեղեկության վերաբերյալ:

Հոդված 227.5. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը

1. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունն իրավաբանական անձ է, որը մշտական հիմունքներով մատուցում է հաշտարարական ծառայություններ:

2. Հաշտարարական հաստատությունը պետք է ունենա հրապարակված հաշտարարության կանոններ եւ հաշտարարների վարքագծի կանոններ, որոնց տվյալ հաստատության բոլոր հաշտարարները պետք է հետեւեն: Մշտապես գործող հաշտարարական հաստատության հրապարակած վարքագծի կանոնները պետք է համապատասխանեն սույն օրենսգրքով սահմանված սկզբունքներին եւ հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոններին:

3. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը պետք է հրապարակի հաստատության ցանկում ընդգրկված հաշտարարների կենսագրությունը եւ մասնագիտացումը:

4. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը գրանցվում է արտոնագրված հաշտարարների ռեեստրում:

Հոդված 227.6. Արտոնագրված hաշտարարը

1. Արտոնագրված հաշտարար է հանդիսանում 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, որը ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, ստացել է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր եւ սահմանված կարգով գրանցված է արտոնագրված հաշտարարների ռեեստրում:

Հոդված 227.7. Արտոնագրված հաշտարարի արտոնագրումը

1. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար արտոնագրված հաշտարարի թեկնածուն անցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաստատած որակավորման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի համարժեքության հաստատումը իրականացնում է հաշտարարության որակավորման հանձնաժողովը:

2. Հաշտարարության որակավորման հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության երկու, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մեկ ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության մեկ նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դադարեցվել է սեփական դիմումի հիման վրա (հրաժարական է տվել), կամ լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), մեկ հոգեբան, մեկ գիտնական-իրավաբան, մեկ արտոնագրված հաշտարար:

3. Որակավորման դասընթացի, հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը եւ ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի համար դիմող անձը

ներկայացնում է իր կենսագրական տվյալները եւ տալիս է համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող տվյալների իսկությունն ստուգելու վերաբերյալ։

5. Արտոնագրված հաշտարարի որակավորման դասընթաց անցած կամ օտարերկրյա պետությունում համապատասխան դասընթաց անցած անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր, եթե այդ անձինք բավարարում են սույն օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջները: Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր տալը կարող է մերժվել նաեւ, եթե արտոնագրված հաշտարարի թեկնածուն հաշտարարության որակավորման հանձնաժողովին իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ ներկայացրել է ոչ լիարժեք կենսագրական տվյալներ:

Հոդված 227.8. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրից զրկելը եւ որակավորման վկայագրի  դադարելը

1. Արտոնագրված հաշտարարը հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշմամբ կարող է զրկվել հաշտարարի որակավորման վկայագրից, եթե նա թույլ է տվել հաշտարարի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ, կամ եթե պարզվել է, որ արտոնագիրը տրվել է օրենքի պահանջների խախտումով: Կոպիտ է համարվում այն խախտումը, որը հեղինակազրկում է հաշտարարությունը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը,  առանձին վերցրած, թեեւ կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է հաշտարարությունը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի կանոնների հետ:

2. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիրը վաղաժամկետ դադարեցվում է հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշմամբ, եթե արտոնագրված հաշտարարը՝

1) դիմել է այդ մասին.

2) մահացել է.

3) ճանաչվել է անգործունակ.

4) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար։

Հոդված 227.9. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը

1. Արտոնագրված  հաշտարարների ռեեստրում ընդգրկվում են բոլոր այն անձինք, որոնք ունեն արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր եւ բավարարում են արտոնագրված հաշտարարի` սույն օրենսգրքով սահմանված պահանջները:

2. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:

3. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, որում ներառվում են նաեւ արտոնագրված հաշտարարների կենսագրությունը, կապի միջոցները, մասնագիտացումը, ինչպես նաեւ տեղեկություններ, թե արդյոք հաշտարարը գործում է որպես անհատ հաշտարար, թե մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում:

Հոդված 227.10. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը

1. Սույն օրենսգրքի համաձայն` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված հաշտարարները: Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, որը ստեղծվում է նվազագույնը 20 արտոնագրված հաշտարարների կողմից։

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաեւ տեղեկություններ նրա անդամների մասին: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել դատական դեպարտամենտում` ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատական դեպարտամենտ:

4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաեւ սույն օրենսգրքով սահմանված լիազորությունների իրագործումը:

5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`

1) քննելու իր անդամների գործունեության հետ կապված` սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ դիմումները.

2) ընդունելու կարգեր եւ կանոններ` իր անդամների որակավորումը, վարքագծի կանոնների կիրառումը, ինչպես նաեւ իր բնականոն գործունեությունն ապահովելու համար.

3) սահմանելու հաշտարարական վճարների միջին գնացուցակը.

4) պարբերաբար կազմակերպելու հաշտարարների վերապատրաստումը.

5) իրականացնելու հաշտարարության ներդրման, զարգացման ուղղությամբ օրենքով չարգելված այլ գործառնություններ եւ գործունեություն:

Հոդված 227.11. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

1. Անդամների (հիմնադիրների) կողմից հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները պարբերաբար վճարներ են կատարում անդամության համար, որի չափը որոշում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը։

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

1) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը եւ դրանցում փոփոխությունների կատարումը.

2) արտոնագրված հաշտարարների վճարների միջին գնացուցակը հաստատելը.

3) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.

4) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների եւ ղեկավարի, վարքագծի հանձնաժողովի ընտրությունը եւ նրանց լիազորությունների դադարեցումը.

5) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

6) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.

7) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը.

8) գործադիր մարմին ընտրելը կամ նշանակելը.

9)  վարքագծի հանձնաժողովի թվաքանակի սահմանումը եւ անդամների ընտրությունը։

3. Գործադիր մարմնի ղեկավարը (անդամը) չի կարող միաժամանակ լինել վարքագծի հանձնաժողովի անդամ:

4. Վարքագծի հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաեւ կանոններով կամ կարգերով սահմանված կարգով քննում  է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենսգրքի եւ վարքագծի կանոններին։

Հոդված 227.12. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը

1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված բողոքը: Օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ հաշտարարին կազմակերպության անդամությունից ազատելու հարցը, որը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողով եւ դատական դեպարտամենտ:

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հիմք է հանդիսանում արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովի կողմից հաշտարարին որակավորման վկայագրից զրկելու համար:ե:

Հոդված 3.  Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 227.6-րդ, 227.7-րդ եւ 227.9-րդ հոդվածների։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 227.6-րդ, 227.7-րդ եւ 227.9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Հաշտարարության որակավորման հանձնաժողովը ձեւավորվում է սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 227.7-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Մինչեւ արտոնագրված հաշտարարների որակավորման վկայագիր տալը հաշտարարության որակավորման հանձնաժողովի կազմում արտոնագրված հաշտարարի փոխարեն ընդգրկվում է հաշտարարության ոլորտում գիտական փորձ ունեցող անձ։

2. Մինչեւ հաշտարարների առաջին ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 227.10-րդ, 227.11-րդ, 227.12-րդ հոդվածներով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության իրավազորությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.06.2015
ՀՕ-45