Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «տարածքային մարմնի» բառերից հետո լրացնել «(Երեւան քաղաքում՝  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում  լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ վերականգնման համար: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության եւ (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:

Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երեւան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման  ոլորտի նախարարության ) թույլտվությամբ:

Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի  դրական եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:»:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետը «տարածքային մարմնին» բառերից հետո լրացնել «(Երեւան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը )» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-222