Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2014

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.8-րդ հոդվածով.

«Հոդված 47.8.  Մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության կանոնները խախտելը

1. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքը առողջապահական կազմակերպությունների կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Մանկական սնունդ արտադրողների եւ (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) առողջապական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Մանկական եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի եւ հարակից ապրանքների գովազդը եւ (կամ) խրախուսման այլ ձեւերը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի եւ (կամ) խրախուսման այլ ձեւերով զբաղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից արտադրողից եւ (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որեւէ նվեր, շնորհ կամ պարգեւ դրամական կամ որեւէ այլ տեսքով ընդունելը, մանկական սննդի եւ հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

6. Մանկական սնունդ արտադրողների եւ (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ), բուժաշխատողի կողմից առողջապահական կազմակերպության ղեկավարությանը  չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

7. Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական եւ ուսուցողական նյութեր պատրաստելը եւ տարածելը օրենքի պահանջների խախտմամբ՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

8. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-րդ եւ 34-րդ մասերով.

«Մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Մանկական սննդի եւ հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առեւտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առեւտրի կետի եւ (կամ) առեւտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «եւ քսանութերորդ» բառերը փոխարինել «, քսանութերորդ, քսանիններորդ եւ երեսուներորդ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածի «եւ 47.7» բառերը փոխարինել «, 47.7 եւ 47.8» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2014
ՀՕ-182