Armenian      
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2014

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 1-ին հոդվածում «անդրսահմանային եւ շրջակա» բառերը փոխարինել «անդրսահմանային, շրջակա» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը եւ նախատեսվող գործունեության տեսակները

1. Ռազմավարական գնահատման եւ փորձաքննության ենթակա են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, բնապահպանության, ռեկրեացիայի, սպասարկման, անտառատնտեսության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը:

2. Գնահատման եւ փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը:

3. Գնահատման եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակները ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:

4. Ա կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. ատոմակայաններ կամ ատոմային ռեակտորով աշխատող այլ կառույցներ,

բ. մշակված միջուկային վառելիքի պահեստավորման եւ հերմետիկացման կայանքներ,

գ. միջուկային վառելիքի հարստացման արտադրություն,

դ. ջերմային էլեկտրակայաններ,

ե. 800 մմ տրամագծով եւ 40 կմ ու ավելի երկարությամբ նավթի կամ գազի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,

զ. 50 ՄՎտ եւ ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

է. 30 ՄՎտ եւ ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում,

բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում եւ (կամ) հանքաքարի, հանքանյութի վերամշակում, ներառյալ՝ պոչամբարներ կամ պոչատարեր,

գ. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում եւ (կամ) հանքանյութի վերամշակում,

դ. հանքային կամ ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,

ե. քաղցրահամ ստորերկրյա ջրերի հանքավայրերի օգտագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,

զ. նավթի ու գազի արդյունահանում եւ (կամ) հանքանյութի վերամշակում,

է. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում,

ը. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում,

թ. օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնում (ռեկուլտիվացիա).

3) քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի եւ այլ օրգանական նյութերի արտադրություն եւ վերամշակում,

բ. նավթավերամշակման արտադրություն,

գ. մազութի արտադրություն,

դ. պայթուցիկների արտադրություն,

ե. անօրգանական թթուների կամ ալկալիների եւ այլ նյութերի արտադրություն,

զ. թունաքիմիկատների կամ քիմիական պարարտանյութերի արտադրություն,

է. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա եւ ավելի.

4) դեղագործական արտադրության բնագավառում՝

ա. դեղանյութերի արդյունաբերական արտադրություն.

5) մետաղների արտադրության եւ վերամշակման բնագավառում`

ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ` սուլֆիդային հանքանյութերի) թրծում եւ ագլոմերացիա,

բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սեւ մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն,

գ.  գունավոր   մետաղների   մշակում,   ներառյալ`   լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն եւ այլն),

դ. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ` անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը,

ե. մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ եւ ավելի ծավալով ավազաններում.

6) թափոնների օգտագործման բնագավառում`

ա. վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտագործում, մշակում, վերամշակում, հեռացում, վնասազերծում, տեղադրում, թաղում,

բ. 15 000 եւ ավելի բնակչության սպասարկման համար կամ օրական 10 տոննա եւ ավելի աղբ ընդունող աղբավայրերի կազմակերպում եւ (կամ) կենցաղային թափոնների վերամշակում.

7) շինանյութի արդյունաբերության բնագավառում`

ա. ցեմենտի, կրի, գաջի արտադրություն` օրական 100 տոննա եւ ավելի,

բ. հանքային նյութերի հալեցում` 20 տոննա եւ ավելի, ներառյալ` հանքային մանրաթելի արտադրությունը,

գ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի, աղյուսի, հրակայուն աղյուսի, կերամիկական սալիկի, քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 75 տոննա եւ ավելի.

8) թեթեւ արդյունաբերության բնագավառում`

ա. բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա եւ ավելի.

9) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում`

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ,

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 500 գլուխ եւ ավելի.

10) ենթակառույցների բնագավառում`

ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ եւ ավելի,

բ.  էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ եւ ավել երկարությամբ, 220 կՎ լարման,

գ. չորս եւ ավելի երթեւեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկուսից ոչ ավելի երթեւեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս եւ ավելի երթեւեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ եւ ավելի անընդհատ երկարություն.

11) ջրային տնտեսության բնագավառում`

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 1 մլն խմ եւ ավելի,

բ. կոյուղաջրերի մաքրման կայաններ` 50 000 եւ ավել բնակչի համարժեք հզորությամբ,

գ. հանրային նշանակության ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով.

12) քաղաքաշինության բնագավառում`

ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա եւ ավելի տարածքների համար.

13) անտառային տնտեսության բնագավառում`

ա. անտառահատում.

14) գյուղատնտեսության բնագավառում`

ա. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա եւ ավելի արտադրական հզորությամբ:

5. Բ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ` 30-50 ՄՎտ ջերմային հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` 10-30 ՄՎտ հզորությամբ,

գ. երկրաջերմային ջրերի արդյունահանում կամ էներգիայի արտադրություն՝  8 ՄՎտ եւ ավել հզորությամբ.

 2) քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի ստորգետնյա 5 000 եւ ավելի տոննա տարողության պահեստներ.

3) ենթակառույցների բնագավառում`

ա. 1 կմ եւ ավելի երկարությամբ թունելների, մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում, գետերի վրա 25 տոննա բեռնատարողությամբ կամուրջների կառուցում,

բ. 300 մմ եւ ավելի տրամագծով, 20 կմ եւ ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիկատների խողովակաշարեր,

գ. էլեկտրահաղորդման գծեր` 110 կՎ եւ ավելի լարման,

դ. բենզալցակայաններ` 5 խմ եւ ավելի տարողությամբ,

ե. գերհզոր hաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով գերհզոր hաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այնպիսի օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության  գործակիցը 5-ից ավելի է, կամ առավելագույն  հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ  մակարդակները՝

900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,

500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,

25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում,

զ. 300 մմ եւ ավելի տրամագծով եւ 1կմ եւ ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար.

4)  ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում`

ա. կեղտաջրերի  ընդունման  կետեր  կամ  մաքրման  կայաններ` 5000-50 000 բնակչության համար.

5) շինանյութի արդյունաբերության բնագավառում`

ա. ապակու, ապակաթելի, ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա եւ ավելի.

6) փայտի եւ թղթի արդյունաբերության բնագավառում`

ա. թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա եւ ավելի ծավալով.

7)  թեթեւ արդյունաբերության բնագավառում`

ա. արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր եւ ավելի.

8) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա եւ ավելի,

բ. ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա եւ ավելի.

9) գյուղատնտեսության բնագավառում`

ա. թռչնաբուծական` 40000 առանձնյակ եւ ավելի,

բ. խոզաբուծական` 2000 գլուխ եւ ավելի:

6. Գ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետեւյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները`

ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ եւ ավելի հզորությամբ,

բ.  հիդրոէլեկտրակայաններ` 1-10 ՄՎտ հզորությամբ,

գ. հողմաէլեկտրակայաններ՝ 8 ՄՎտ եւ ավելի ընդհանուր հզորության, արեւային էլեկտրակայաններ՝ 40 հա եւ ավելի տարածք զբաղեցնող.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ.

3) ջրային տնտեսության բնագավառում՝

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 100 000 - 1 մլն խմ,

բ. 300 մմ եւ ավելի տրամագծով եւ 1կմ եւ ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր կամ մայր ջրանցքներ.

4) գյուղատնտեսության բնագավառում`

ա. ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա եւ ավելի,

բ. ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ եւ ավելի,

գ. անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ եւ ավելի,

դ. թռչնաբուծական՝ 10000-40000 առանձնյակ.

5) անտառային տնտեսության բնագավառում`

ա. անտառավերականգնում, անտառապատում.

6) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. մսի կամ մսամթերքի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 50 տոննա եւ ավելի,

բ. շաքարի կամ շաքարավազի արտադրություն` օրական 10 տոննա եւ ավելի,

գ. ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` օրական 10000 դեկալիտր եւ ավելի,

դ. գարեջրի արտադրություն` օրական 10000 դեկալիտր եւ ավելի,

 ե. գինու եւ (կամ) շամպայն գինիների եւ (կամ) լիկյորի եւ (կամ) օղու եւ (կամ) կոնյակի արտադրություն` օրական 1000 դեկալիտր եւ ավելի,

զ. կաթի վերամշակման եւ կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100–200 տոննա արտադրական հզորությամբ,

է. կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա եւ ավելի,

ը. մարգարինի արտադրություն` օրական 1 տոննա եւ ավելի.

7) քաղաքաշինության բնագավառում`

 ա. քաղաքաշինական կառույցներ` 1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով.

8) ռեկրեացիայի եւ զբոսաշրջության բնագավառներում`

ա. հիմնադրութային փաստաթղթով չնախատեսված զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառապուրակներ, հանգստի գոտիներ,

բ. ճոպանուղիներ.

9) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում`

ա. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով` 100 հա եւ ավելի,

բ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ եւ ավելի երկարությամբ:

7. Փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար անհետաձգելի միջոցառումները:

8. Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող եւ անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են ֆինանսավորվել» բառերը փոխարինել «ֆինանսավորվում են» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

03.10.2014
ՀՕ-144