Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Հարկերի  մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 30.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հաշիվների» բառը փոխարինել «հաշիվներին առկա դրամական միջոցների» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաեւ արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին եւ պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Առեւտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները Հայաստանի  Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները արտարժույթով, ավանդային հաշիվները Հայաստանի  Հանրապետության դրամով, ավանդային հաշիվներն արտարժույթով:

Հարկ վճարողի բանկային հաշիվներին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առեւտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչեւ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչեւ սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, եւ արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առեւտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առեւտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առեւտրային բանկերին եւ հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձեւով:

Եթե որեւէ առեւտրային բանկ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առեւտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առեւտրային բանկի (բանկերի):

Այն դեպքում, երբ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առեւտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում եւ այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առեւտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, եւ հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ իրավական ակտով:

Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում եւ ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:

Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:».

3) 9-րդ մասից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքում, երբ հարկային մարմնին տրամադրվել է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեն, գույքի արգելադրման մասին որոշման ծանուցումը վերջինիս ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

4) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է՝

1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել  Հայաստանի  Հանրապետության  արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն.

2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ սույն օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում.

3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աuտիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.

4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:

Պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով աuտիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց եւ մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի սահմանած ժամկետում չներկայացնելու դեպքում հարկ վճարողն իավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ սույն օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձումը հավաստող փաստաթուղթը կամ հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աuտիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է: Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում`

-  հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին,

- ըստ հարկային մարմնի տվյալների, սույն օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով իրականացվել է պարտավորության գումարի գանձում,

- հարկ վճարողի հետ կնքվել է հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աuտիճանական մարման ժամանակացույց:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգը ներդրվում է սույն օրենքի ուժի մտնելու օրվանից մեկ ամիս հետո:

3. Մինչեւ սույն օրենքով սահմանված գործընթացների կազմակերպման էլեկտրոնային համակարգերի ներդրումը արգելադրման գործընթացներն իրականացվում են թղթային եղանակով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.07.2014
ՀՕ-109