Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.02.2014

Հայաստանի Հանրապետության Նախագահի
 առարկությամբ եւ առաջարկությամբ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

2. Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական այլ ակտերից:

Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը եւ այլ սոցիալական երաշխիքները

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում.

2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամը՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարեցման դեպքերում.

3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

4) դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 9-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5) հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որը պաշտոնից ազատվել է «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

7) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

8) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

9) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, վերահսկիչ պալատի նախագահը, դատավորները, դատախազները, հատուկ քննչական ծառայության ծառայողները՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, կառավարության անդամի, սահմանադրական դատարանի անդամի, մարդու իրավունքների պաշտպանի, վերահսկիչ պալատի նախագահի, դատավորի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում`

1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,

2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,

3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում եւ վճարվում է կենսաթոշակ:

2. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու եւ վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

1. Սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:

Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի եւ նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձեւով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը,

Գ-ն` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

2. 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:

3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:

4. Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի, նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, եւ նրան նշանակվել է կենսաթոշակ:

2. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-3-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի անցնելու (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վճարովի աշխատանք կատարելու, պետական եւ համայնքային պաշտոն զբաղեցնելու, որպես անհատ ձեռնարկատեր՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում (բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքի)՝ աշխատանքի անցնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում եւ վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

Հոդված 7. Թաղման նպաստի վճարումը

1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ:

2. Թաղման նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե անձը հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում կամ մահացել է Հայաստանի Հանրապետությունում:

3. Թաղման նպաստը նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստը նշանակելու եւ վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-236 օրենքը:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:

2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվածների այրիներին սույն օրենքով կենսաթոշակ է նշանակվում՝ անկախ նրանց տարիքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

3. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաեւ մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը`

1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը.

2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին:

Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի եւ դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), քննիչի (մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի եւ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում եւ ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչեւ դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած եւ մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը:

Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը եւ դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման եւ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը եւ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

Հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ եւ հաշվարկվում են սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը եւ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:

Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով:

5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին կենսաթոշակը նշանակվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակը նշանակվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, եւ կենսաթոշակ նշանակելուց հետո նա անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.02.2014
ՀՕ-1


19.05.2014 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
10.06.2014 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
01.12.2014 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
04.03.2015 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
31.05.2017 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
17.01.2018 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.03.2018 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
21.06.2018 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
22.11.2018 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
08.05.2019 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
01.07.2019 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
11.12.2019 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
21.01.2020 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
30.06.2020 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
24.03.2021 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.03.2022 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
23.03.2022 ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.06.2022 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.06.2022 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
08.12.2022 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
23.12.2022 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
23.12.2022 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.06.2023 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.06.2023 ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
25.10.2023 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
25.10.2023 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին