Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.11.2013

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենսգրքի 132.2-րդ եւ 168-րդ հոդվածներով, ինչպես նաեւ անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է տուժողի տասնութ տարին լրանալու պահից:»:

Հոդված 2 . Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-8-րդ կետերով.

«6)   կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

 7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, որը որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաեւ 12 տարին չլրացած անձը:»:

Հոդված 3 . Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-8-րդ կետերով.

«6) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`».

3)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 4. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 140. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ եւ 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից  երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենսգրքի  141-րդ  հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 141. Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով կամ 140-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) քսանմեկ տարին լրացած անձի կողմից,

2) մի խումբ անձանց կողմից,

3) միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար`

 պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2)  տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 6. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 142. Անառակաբարո գործողությունները

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կամ տասնվեց տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,

3) տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

4) միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,

5)  մի խումբ անձանց կողմից,

6)  էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 7.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.12.2013
ՀՕ-112