Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.2013

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասի սանկցիայում «ութսունապատիկի» բառը փոխարինել «քառասնապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենuգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Երթեւեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:»:

Հոդված 4. Օրենuգրքի 129.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենuգրքի 129.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 129.2. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը, ինչպես նաեւ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`

առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից, 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «129.1,» թիվը.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով լիազորված պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «ավագ տեսուչները, տեսուչները» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասից հանել «129.1,» թիվը:

Հոդված 8. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների ու 6-րդ հոդվածի 2-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.07.2013
ՀՕ-94