Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 2. Սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող եւ (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 3. ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը կամ անհատ ձեռնարկատերը`

1) տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը, եթե անձը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ օրենքի համաձայն չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների եւ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, որոնք ԱԱՀ վճարող են համարվում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում եւ կարգով.

2) օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու պահից մինչեւ օրացուցային տարվա ավարտը: Օրացուցային տարվա ընթացքում ԱԱՀ-ի շեմը գերազանցվելու դեպքում ԱԱՀ վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից.

3) օրացուցային տարվա այն պահից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը, որ պահից անձը օրենքի համաձայն տվյալ օրացուցային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող.

4) ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից մինչեւ հայտարարությունում նշած տարվա ավարտը, բայց ոչ շուտ, քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից, եթե անձը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող, սակայն իր հաշվառման վայրի հարկային մարմնին վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով գրավոր հայտարարություն է ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ:

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարման  եւ ծառայությունների մատուցման իրացման շրջանառության չափը սույն օրենքի կիրառման առումով համարվում է ԱԱՀ-ի շեմ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է սույն օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում եւ 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում: Սույն պարբերությունում նշված գործարքների մասով ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը որոշվում է`

ա. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառությունից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում գերազանցել է ԱԱՀ-ի շեմը,

բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության եւ ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից, եթե անձի իրականացրած՝ ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով`

«Հոդված 3.1. Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են`

1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք չունեցող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, այդ թվում՝ հիմնարկները, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինները, այդ մարմինների ստեղծած հիմնարկները.

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե`

ա. նրանց իրականացրած գործարքները, սույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում,

բ. մատուցել են այնպիսի ծառայություններ կամ մատակարարել են այնպիսի ապրանքներ, որոնց իրականացումն օրենքի համաձայն չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն,

գ. նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:

Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ այլ անձի կամ անձանց խմբի կողմից իրականացված գործարքից առաջացած ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման մասով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի եւ անշարժ գույքի) սեփականության իրավունքը որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:

Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) եւ ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետեւյալ դեպքերում`

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առեւտրային եւ հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքoգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը,

բ. մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում,

գ. իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) ներդրումը, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչեւ ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը օտարվել է այլ անձի,

դ. օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների), բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում՝ մինչեւ  4 անհատական բնակելի տների օտարումը:

Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար սույն կետում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման եւ գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն կետը կիրառվում է նաեւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե սույն կետում նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության առարկա:

Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող` ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը ապրանքի մատակարարում չի համարվում:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5) առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել: Սույն կետում նշված դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օրենքի 8 հոդվածի  6-րդ կետին համապատասխան:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականցվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում՝ որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):»:

Հոդված 5 . Օրենքի 6.1-ին հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն մասով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը, իսկ հարկ վճարողի կողմից տույժերը հաշվարկված լինելու դեպքում՝ դրա նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:».

2) 4-րդ մասը «ժամանակաշրջանում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 4-րդ կետի «իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում՝ սեփականաշնորհման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի եւ փայի նկատմամբ սեփականության իրավունքի` այլ անձի փոխանցումը» բառերով.

2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին կետով`

«9.1) պետության կամ համայնքի կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.».

4) 10-րդ կետը «օտարումը պետությանը» բառերից հետո լրացնել  «, ինչպես նաեւ հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի հողամասը որպես համայնքային սեփականություն` համայնքին, կամ որպես պետական սեփականություն` պետությանը փոխանցելու գործարքները.» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով`

«10.1) հողամասի, այլ անշարժ գույքի փոխանակության գործարքները, երբ գործարքի կողմ է հանդիսանում պետությունը եւ (կամ) համայնքը:»:

Հոդված 7 . Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի «դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի եւ դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը» բառերը փոխարինել «ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի եւ դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերության, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված մաքսատուրքի եւ ակցիզային հարկի հանրագումարը» բառերով.

2)  4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4) Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված (չհաշվառված) օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարք իրականացվելու (ներառյալ` այդ անձի սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծվելու) դեպքերում այդ գործարքների մասով պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող` ԱԱՀ վճարող համարվող կամ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք, բացառությամբ արտոնագրային կամ հաստատագրված վճար կամ շրջանառության հարկ վճարող անձանցից եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, օտարերկրյա անձանց փոխարեն որպես հարկային գործակալ կրում են ավելացված արժեքի հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն կետի կիրառման իմաստով գործարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված, եթե ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում է: Սույն հոդվածին համապատասխան, օտարերկրյա անձի փոխարեն ԱԱՀ-ի պարտավորություն կրելիս ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում:».

3) 5-րդ կետի`

ա. երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Կոմիսիոների եւ գործակալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքի կամ ծառայության ընդհանուր արժեքով նաեւ այն դեպքերում, երբ կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիսիոների կամ գործակալի կողմից երրորդ անձից ձեռք բերված ապրանքը կամ ծառայության արդյունքը հանձնվում է համապատասխանաբար՝ կոմիտենտին կամ պրինցիպալին:»,

բ. երկրորդ պարբերության «հանձնարարության» բառը փոխարինել «կոմիսիայի» բառով,

գ. երրորդ պարբերության «սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` ֆիզիկական անձի այն գույքի օտարման գործարքների դեպքում, որոնց օտարումը, համաձայն օրենքի, ԱԱՀ-ով հարկվող գործարք չի համարվում» բառերը փոխարինել «ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում» բառերով.

4) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե հրապարակային պայմանագրի համաձայն, ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձը հրապարակային պայմանագրով առեւտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի հայտարարություն՝ առեւտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ:».

5) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով`

«13) արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքի եւ ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:»:

Հոդված  8. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Եթե անձը օրենքի խախտմամբ իրեն չի համարել ԱԱՀ վճարող կամ ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ով հարկվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում ԱԱՀ-ի գումարի առանձնացում չի կատարել կամ հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել եւ միաժամանակ նշված դեպքերում ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ի գումարը չի արտացոլել ԱԱՀ-ի հաշվարկի համապատասխան տողերում, ապա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է ԱԱՀ-ի  20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:»:

Հոդված 9 . Օրենքի 11-րդ հոդվածի «հաստատագրված վճարումներ» բառերը փոխարինել «հարկեր կամ վճարներ» բառերով:

Հոդված 10 . Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 13. Բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված դեպքերի, ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն մատուցող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները մատուցվում են  անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվելու դեպքում` նրա բնակության վայրը:»:

Հոդված 11 . Օրենքի 14-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող՝ բեռների, փոստի, ուղեւորների եւ ուղեբեռների տրանսպորտային փոխադրումների մասով տրանսպորտային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե ծառայություն մատուցող անձի կողմից փոխադրման ծառայությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:».

2) չորրորդ պարբերության «այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են նշված ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը» բառերը փոխարինել «ծառայություն ստացող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները ստացվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացվելու դեպքում` նրա բնակության վայրը» բառերով.

3) նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12 . Օրենքի 15-րդ հոդվածի 34-րդ կետում՝

1) «գույքի ներդրումը.» բառերը փոխարինել «սույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության «գ» կետում չնշված գույքի ներդրումը:» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «գ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչեւ ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի:»:

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին կետի երկրորդ պարբերության «կարգով» բառը փոխարինել «դեպքերում եւ կարգով» բառերով.

2) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների կողմից ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում եւ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման եւ (կամ) վերադարձման օրենքով սահմանված կարգով, չափերով եւ ժամկետներում:»:

Հոդված 14 . Օրենքի 18-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Տնտեսավարող սուբյեկտի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված` հարկային հաշիվը կարող է դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ ապրանքները պետք է մատակարարվեն կամ ծառայությունները պետք է մատուցվեն հարկային հաշվում նշված համապատասխան օրը:

Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից հարկային հաշվի դուրսգրումը սույն մասով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը:

Սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն նոր հարկային հաշիվները դուրս են գրվում նախկինում դուրս գրված հարկային հաշիվները անվավեր ճանաչելու օրը:».

2) երրորդ պարբերությունից հանել «կամ պետական կառավարչական հիմնարկներին» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս հանձնակատարի կամ գործակալի կողմից համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրվել հարկային հաշիվներ, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է հարկային հաշիվներ դուրս գրելու լիազորագիր: Հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող՝ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքին վերաբերող հարկային հաշիվներում, բացի դուրս գրողի տվյալներից, լրացվում են հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող այն տվյալները, որոնք պարտադիր են մատակարարի համար հարկային հաշիվների լրացման դեպքերում: Այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հանձնարարողի կամ պրինցիպալի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով համատեղ գործունեության գործերի վարումն օրենքով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած մեկ մասնակցի կողմից իրականացվելու դեպքում համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկային հաշիվները դուրս են գրվում հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն ստանձնած անձի կողմից:

Համատեղ գործունեության պայմանագրով մեկից ավելի անձանց կողմից գործերի վարում նախատեսված լինելու դեպքում համատեղ գործունեության մասով իրականացված գործարքների մասով առանձին մասնակցի կողմից հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով, համատեղ գործունեության բոլոր մասնակիցների համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Հանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության կամ համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում համապատասխանաբար հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով հարկային հաշիվներ դուրս են գրվում առնվազն 3 օրինակից, որի մեկ օրինակը պարտադիր տրամադրվում է այն անձին, ում անունով այդ հաշիվները դուրս են գրվել: Հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնած անձի անունով դուրս գրված հարկային հաշիվները սույն օրենքի դրույթների կիրառման առումով համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:»:

Հոդված 15 . Օրենքի 19-րդ հոդվածը «հաստատագրված» բառից առաջ լրացնել «շրջանառության հարկով, արտոնագրային վճարով կամ» բառերով:

Հոդված 16 . Օրենքի 20-րդ հոդվածի վեցերորդ պարբերության «հաշվետու ժամանակաշրջանի» եւ «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «եռամսյակի» եւ «եռամսյակի ընթացքում» բառերով, իսկ պարբերությունն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Տեղեկանք ներկայացնում են նաեւ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք, եթե նրանց կողմից տվյալ եռամսյակում իրականացվել է ապրանքի մատակարարում համարվող գործարք եւ այդ գործարքին վերաբերող ձեռքբերումների մասով կատարվում է հաշվանցում եւ (կամ) դուրս է գրվել հարկային հաշիվ:»:

Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «կտրոններում» բառից առաջ լրացնել «ֆիսկալային» բառով.

2) 3-րդ կետում՝

ա. առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն օրենքով սահմանված կարգով կոմիսիոների կամ գործակալի կողմից հաշվանցման ենթակա են կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիտենտին կամ պրինցիպալին հանձնելու համար ձեռք բերված ապրանքին կամ ծառայությանը վերաբերող՝ երրորդ անձից ստացված հարկային հաշիվներում առաձնացված ԱԱՀ-ի գումարները:»,

բ. երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ առկա կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարների) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման եւ վերագրվում է արտադրության եւ շրջանառության ծախսերին: Արտադրության եւ շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող չհամարվելու օրվան, իսկ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի դեբետային մնացորդ առաջանալու դեպքերում՝ դրա առաջացման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից եւ կարող է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի չափով վերականգնվել, եթե այդ չափը հիմնավորվում է հարկ վճարողի կողմից ներկայացված համապատասխան գրությամբ կամ ստուգման արդյունքներով:

ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հաշվարկելիս հաշվի են առնվում վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը, այդ ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում կատարված ԱԱՀ-ի վճարումները:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցումներ կատարում են նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկելիս:

Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման դեպքերում սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող գումարները որոշվում են կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում օտարվող տարածքների մակերեսի տեսակարար կշռից ելնելով:»:

Հոդված 19 . Օրենքի 24.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20 . Օրենքի 26-րդ հոդվածի`

1) 2-րդ կետում՝

ա. առաջին պարբերությունը «ազատված» բառից հետո լրացնել «, այդ թվում` արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով կամ շրջանառության հարկով հարկվող» բառերով,

բ. երկրորդ պարբերության «հաստատագրված վճարումներ կատարողների» բառերը փոխարինել «հարկեր կամ վճարներ վճարողների» բառերով,

գ. երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն մասին համապատասխան վերաձեւակերպումներ չեն կատարվում այն դեպքերում, երբ գործարքներն իրականացվում են այն անձի կողմից, որը դադարել է համարվել ԱԱՀ վճարող:»,

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն մասի կիրառման նպատակով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ գույքի հաշվեկշռային արժեքը կամ ամորտիզացիայի գումարը որոշվում է ելնելով`

ա) տվյալ հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող տարվա հունվարի 1-ի դրությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի հաշվեկշռային արժեքից կամ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի ընդհանուր ամորտիզացիայի տարեկան գումարից` դրանց նկատմամբ կիրառելով շահագործման ժամկետ ունեցող գույքի սկզբնական արժեքների հանրագումարում շահագործման ժամկետ ունեցող տվյալ գույքի սկզբնական արժեքի տեսակարար կշռից, եւ

բ) ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող ամիսների թվի եւ մեկ տասներկուերորդի արտադրյալից:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով`

«7) առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեության իրականացման համար համատեղ գործունեության մասնակցի կողմից կատարվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են՝ վերաձեւակերպվում եւ նվազեցում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:»:

Հոդված 21. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝  ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված կամ արտոնագրային վճարներով կամ շրջանառության հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաեւ այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա`

1) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարից կարող են հաշվանցել (պակասեցնել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի), ստացված ծառայությունների` այսուհետ սույն հոդվածում` ձեռքբերումների) հարկային հաշիվներում, օրենքով սահմանված չափի սահմաններում հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային կտրոններում կամ կրճատ հաշիվ ապրանքագրերում (այսուհետ սույն հոդվածում` հարկային հաշիվներում), ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում (այսուհետ` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված եւ սույն օրենքի այլ հոդվածներին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է սույն օրենքի 23 կամ 43.1 հոդվածների հիմքով, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու.

2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.

3) հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցվում են հետեւյալ կարգով`

ա) ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց դիմաց մատակարարներին կանխիկ վճարումները կատարվել են չպահպանելով սույն օրենքի 23-րդ հոդվածի սահմանափակումները, ամբողջությամբ պակասեցվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

բ) ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել կամ որոնց մասով սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները պակասեցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարներին համապատասխանող գործարքների գծով հետագա հաշվետու ժամանակաշրջանում կանխիկ վճարումները սույն օրենքի 23 հոդվածի սահմանափակումները չպահպանելով կատարելու դեպքում այդ գումարները ենթակա չեն հաշվանցման (այդ գումարների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաձեւակերպումներ չեն կատարվում),

ե) սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման` հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու,

զ) ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով օրենքի 20, 23 եւ 43.1 հոդվածների համաձայն առկա են հաշվանցումներ կատարելու հիմքերը, հաշվանցվում են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով, իսկ չհարկվող գործարքների տեսակարար կշռով ենթակա են պակասեցման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից:»:

Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից մինչեւ ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալն այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը օտարվելու դեպքում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության «գ» կետում նշված գույքի ներդրման գործարքի մասով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում բաժնեմասի օտարման պահը:»:

Հոդված 23. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության «23 եւ 24 հոդվածների» բառերը փոխարինել «23 եւ 24.2 հոդվածների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«ԱԱՀ վճարող չհամարվող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած գործարքի մասով սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքերում ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչեւ գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

Հոդված 24. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն հոդվածով սահմանված ժամկետում ԱԱՀ հաշվարկներ ներկայացնում են նաեւ ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում հարկային հաշվի վերաբերյալ նախկինում չներկայացված տեղեկությունները ներկայացնելու, ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու արդյունքում հաշվանցման ենթակա գումար առաջանալու դեպքերում:»:

Հոդված 25 . Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն օրենքի 8 հոդվածին համապատասխան՝  առանց միջազգային ուղեւորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի  կողմից վճարվող գումարի: Օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաեւ զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղեւորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 26 . Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 35. Մեկից ավելի անձանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դեպքում ԱԱՀ-ի շեմը կիրառվում է մեկ անգամ` անկախ պայմանագրով գույք օտարող կողմում հանդես եկող անձանց թվաքանակից կամ այդ գույքի նկատմամբ սեփականություն ունեցողների թվաքանակից: ԱԱՀ-ով հարկման (այդ թվում` ԱԱՀ-ի շեմի կիրառման նպատակով գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքի` օրենքին համապատասխան որոշվող ԱԱՀ-ով հարկվող) շրջանառությանն ավելացվում է նախկինում կատարված գործարքով (գործարքներով) այդ գույքի սեփականության իրավունքում այդ անձի բաժնեմասի օտարման գործարքների ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները: Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկի պարտավորության մասով գույքի սեփականությունում բաժնեմաս ունեցողները կրում են համապարտ պարտավորություն:»:

Հոդված 27 . Օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված Էլեկտրակապի օպերատորի կամ փոստային կապի օպերատորի կողմից օտարերկրյա համապատասխան օպերատորներին մատուցվող այն ծառայությունների, որոնց մասով, համապատասխանաբար` Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) կանոնադրությանը կամ Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը համապատասխան, կատարվում է միջազգային փոխկապակցման ծառայությունների շրջանակներում միմյանց մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարների փոխադարձ հաշվարկ` կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:»:

Հոդված 28. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 38. Գրավի առարկայի օտարման դեպքերում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:»:

Հոդված 29 . Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 42. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված չհամարվելու ժամանաշրջանում ԱԱՀ վճարողների կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում այդ անձանցից գանձվում է տուգանք՝ դուրս գրված հարկային հաշիվերում առանձնացված  ԱԱՀ-ի գումարի տասը տոկոսի չափով:»:

Հոդված 30. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 43. Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`

1) պակաս հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը.

2) ավել հաշվարկված` պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարը.

3) պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի եւ հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեից հաշվանցման ներկայացված գումարի հանրագումարը, եթե հարկ վճարողի կողմից ներկայացվել է բյուջեից հաշվանցման ենթակա գումարով ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն ստուգման արդյունքներով առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար:

Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված ԱԱՀ-ի համապատասխան գումարի նկատմամբ հաշվարկվում եւ գանձվում է տուգանք`

ա) 100 տոկոսի չափով, եթե փաստացի իրականացված գործարքի գծով առաջացող պարտավորությունը նվազեցնելու նպատակով գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշիվը հարկ վճարողի կողմից անվավեր է ճանաչվել,

բ) սույն մասի «ա» կետում չնշված դեպքերում` սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարի  50 տոկոսի չափով, իսկ սույն կետով սահմանված տուգանքը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` բյուջե վճարման ենթակա գումարի 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարները եւ տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար սույն հոդվածով սահմանված դրույթները (այդ թվում` պատասխանատվությունը) չեն կիրառվում, եթե չի ավարտվել այն եռամսյակի համար տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետը, որն ընդգրկում է հարկային հաշվի վերաբերյալ դուրս գրման (ստացման), իսկ հաշվանցումների կատարման մասով` փաստացի հաշվանցման ամիսը:»:

Հոդված 31 . Օրենքի 43.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Տուգանքը վճարվում է հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չներառելու (չներկայացնելու) փաստն արձանագրող համապատասխան ակտը հարկային մարմնի կողմից ներկայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 32. Օրենքի 44.1-ին հոդվածի «հաստատագրված վճարով» բառերը փոխարինել «շրջանառության հարկով, արտոնագրային կամ հաստատագրված վճարով» բառերով:

Հոդված 33. Ուժը կորցրած ճանաչել օրենքի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ով հաստատված` «Ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգի» 16-րդ եւ  17-րդ կետերը:

Հոդված 34 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված տուգանքի կիրառման համար 2013 թվականի հունվարի 1-ից հետո արձանագրված խախտումը դիտվում է որպես առաջին խախտում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման նվազագույն ժամկետը 2013 թվականի համար համարվում է երեք տարին, իսկ 2014 թվականի համար՝ չորս տարին:

Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը եւ սույն օրենքով սահմանված համատեղ գործունեությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված եւ շահագործման հանձնված գույքի մասով:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-240