Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀO-258 oրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք, ինչպես նաեւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ մասով.

«Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

2) ծնողները, ամուսինը.

3) զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «աջակցություն» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն մասում նշված անձանց ընտանիքի անդամ են համարվում.

1) ամուսինը եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ համատեղ բնակվող` 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

3) համատեղ բնակվող ծնողները.

4) զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող եւ համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ նրա խնամքի տակ գտնվող եւ համատեղ բնակվող` 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:».

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն մասի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ համատեղ բնակվող` 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.04.2012
ՀՕ-35