Armenian      
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1. 2000 թվականի հուլիսի 6-ի  Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իբ», «իգ», «իդ» եւ «իե» կետերով.

«իբ) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված եւ «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված եւ վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի եւ տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ.

իգ) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված եւ «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների եւ մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում եւ չի համարվում «իբ» կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն.

իդ) թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները եւ հնարավոր չէ օգտագործել որպես  հումք  նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում.

իե) մնացորդ է համարվում սույն հոդվածի «իդ» կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի եւ նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին եւ չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:»:

Հոդված 2.   Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.

բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա  երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`

-  դիմում,

- հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները եւ վերամշակման արդյունքում ստացված ապրանքների  արտահանման պայմանագրերի պատճենները,

- լիազոր մարմնի տրամադրած` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաեւ վերամշակումից գոյացած թափոնների,  մնացորդների եւ կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:

Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:

Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված  փաստաթղթերից որեւէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձեւով:

Մշակութային արժեքների եւ բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000)   «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա արտահանման ժամանակ:

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված այլ մաքսային ռեժիմներով ներմուծված ապրանքներն արտահանվում են «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, եթե դրանք ամբողջությամբ արտադրվել կամ վերջին անգամ ենթարկվել են բավարար վերամշակման Հայաստանի Հանրապետությունում` համաձայն Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված  «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով.

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձեւակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը,  որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:»:

Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ  հոդվածում`

1) 1.1-ին  կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների փոխարինում օտարերկրյա ապրանքներով:».

2)  2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա)  մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

 բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է  մաքսային մարմիների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային  օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված  փաստաթղթերից որեւէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլատվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձեւով:

Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա  երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլատվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով  մաքսային մարմին է  ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը `

-  դիմում,

- պայմանագրի պատճենը կամ երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը,

- լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաեւ վերամշակումից գոյացած թափոնների,  մնացորդների եւ կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:

Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:

Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումը  օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է,  եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով, տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:

Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչեւ վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:

Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը`  710210000, 710221000, 710231000)   «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումն իրականացվում է    Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա  ներմուծման  ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված  «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով.

գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «վերաներմուծում» ռեժիմով կամ ձեւակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2011
ՀՕ-354