Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.11.2011

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետը «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «զ» ենթակետը «պարտադիր վճարները» բառերից հետո լրացնել «, բնօգտագործման վճարները» բառերով.

2) «է» ենթակետը «տոկոսները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» եւ «ժդ» ենթակետերով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ե» ենթակետի «եւ հովանավորչական» բառերը փոխարինել «, հովանավորչական եւ կառավարման ծառայությունների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետով`

«ժդ) բանկ եւ (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հաշվետու տարվա արդյունքներով հարկատուի (բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների) զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների եւ պարտավորությունների դրական տարբերության) կրկնապատիկը, իսկ բանկերի եւ վարկային կազմակերպությունների դեպքում  զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների եւ պարտավորությունների դրական տարբերության) իննապատիկը գերազանցող գումարը:

Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների, ինչպես նաեւ պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց վճարման ենթակա տոկոսների վրա:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման նպատակով հաշվետու տարվա ընթացքում միակողմանի փաստաթղթերով (կրճատ հաշիվ-ապրանքագիր, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, միակողմանի գնման ակտ) կատարված ծախսերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 36.0 մլն. դրամը:»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերի «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով, իսկ 6-րդ մասի «երկու երրորդից» բառերը` «75 տոկոսից» բառերով:

Հոդված 7. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված չափով շահութահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 թվականի շահութահարկի փաստացի գումարը եւ (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացրել են մինչեւ 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:

2011 թվականի շահութահարկի հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.12.2011
ՀՕ-301