Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.10.2011

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին’ Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք)  22-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերությունը լրացնել «- ախտաբանաանատոմիական’ բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի եւ այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ ախտաբանական հետազոտությունների արդյունքների եւ կլինիկական տվյալների համադրման եւ վերջնական ախտորոշման հաստատման նպատակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:’:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Ախտաբանաանատոմիական գործունեությունը

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որն  իրականացվում է  ախտաբանաանատոմիական հետազոտությունների, ախտաբանաանատոմիական հերձումների եւ  ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները հիվանդությունների ախտորոշման նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը եւ անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները մահացած անձի մահվան պատճառը  որոշելու եւ նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ–բժիշկները: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության առարկա չէ: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների  կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որեւիցե հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում.

2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.

3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).

4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.

5) հղիների, ծննդականների եւ ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.

6) այն դեպքում, երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:

Պարտադիր կարգով իրականացվող  ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է մահացած անձի բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է նաեւ հարազատներին, օրինական ներկայացուցչին, ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը կամ դատարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:’:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

19.10.2011
ՀՕ-258