Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի  մայիսի 2-ի հողային օրենսգրքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բավանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սահմանել, որ`

1) քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխելու դեպքում, բացառությամբ` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասերի, հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համայնքային բյուջե է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը.

2) ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասերի սեփականատերերը հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը համայնքային բյուջե են մուծում մեկ տարվա ժամկետում, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը.

3) մինչեւ 1000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ մինչեւ 5000 քառակուսի մետր ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում, եւ կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում: Սույն կետում նշված չափերը գերազանցելու դեպքում հողամասի ամբողջ մակերեսի նպատակային նշանակությունը փոփոխվում է սահմանված կարգով, իսկ վճարումները կատարվում են սույն կետում նշված մակերեսները գերազանցող մակերեսների մասով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.03.2011
ՀՕ-61