Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.10.2010

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1)    4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա,  ոստիկանական  մասնագիտությունների  համար` առնվազն 3 տարվա.».

2)  6-րդ մասի չորրորդ  պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված եւ (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների)  սովորողները կարող են մասնակցել պետական եւ համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ եւ (կամ) ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական  եւ  ոչ  պետական  բարձրագույն  ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

2) 4-րդ մասը «հաշվառմամբ» բառից հետո լրացնել «` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կրթությունը ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:».

2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում եւ ուսանողական այլ կազմակերպություն-ներում: Ուսանողական խորհուրդների եւ  ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի առաջին նախադասությունը «կնքվում է» բառից հետո լրացնել  «մինչեւ» բառով:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`
 
1) 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ  կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.

8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.».

2) 2-րդ մասի 8-րդ կետի «հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի)» բառերը հանել.

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով.

«9) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի ու սկզբունքների մշակումը.

10) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի հաստատումը.

11) բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության եւ մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգերի հաստատումը:»:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում 3-րդ մասի «2010» թիվը փոխարինել «2011» թվով:

Հոդված 8 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.11.2010
ՀՕ-154