Հոգեբուժական օգնության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 17.05.2010

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) իրազեկման թերթիկի ձեւ` լիազոր մարմնի կողմից հաստատված ձեւի ձեւաթուղթ, որում թվարկված են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքները:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1)  3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձեւը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը:».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  նախադասություններով.  «Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը եւ համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը  սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի  6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով uահմանված` հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը (այuուհետ` իրավունքների իրականացման ընթացակարգ) uահմանվում են uույն oրենքի բաղկացուցիչ մաu կազմող հավելվածով:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները եւ դրանց շահագործման ժամկետները:»:

Հոդված 4. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելվածով.

«Հավելված
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաuտանի
Հանրապետության oրենքի




ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ  ՏԱՌԱՊՈՂ  ԱՆՁԱՆՑ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Սույն ընթացակարգով սահմանվում են հոգեբուժական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` հոգեբուժական կազմակերպություն) հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

I. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1.  Հոգեբուժական կազմակերպություններն իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ տաքսոֆոն  հոգեկան  խանգարումներով տառապող անձանց  համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները, գործող սակագներին համապատասխան, կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցությունների սակագները:

2. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի կատարելու առնվազն մեկ անվճար հեռախոսազանգ հանրապետության տարածքում:

3. Հոգեբուժական կազմակերպություններն իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ փոստարկղ: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները:

4. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը հոգեկան խանգարումներով տառապող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը եւ փոստային առաքման անդորրագրի հանձնումը հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձին, ինչպես նաեւ փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան խանգարումներով տառապող անձին:

II. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ԻՐԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

1. Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար, բացառությամբ օրենքով  սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:

2. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, ինչպես նաեւ անչափահաս հիվանդներին այցելուների հետ հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժշկի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում համապատասխան բժշկական փաստաթղթերում:

3. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց միջոցների հաշվին ձեռք են բերում առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, իրենց օրինական ներկայացուցիչների կամ հոգեբուժական  կազմակերպության ավագ բուժքրոջ միջոցով, կամ եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում տեղակայված է վաճառք իրականացնող կրպակ, ապա հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձը կարող է առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ կրպակից  գնել անձամբ:

4. Հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքույրը հիվանդի պահանջով գնում է հոգեկան խանգարումներով տառապող անձի համար առաջին անհրաժեշտության իրեր եւ պարագաներ եւ գնումը հավաստող հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հետ այդ իրը հանձնում հիվանդին:

III.  ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց: Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան պարտավոր է ապահովել հիվանդի կողմից թերթերի բաժանորդագրությունը եւ բաժանորդագրված թերթերի եւ ամսագրերի հանձնումը հիվանդին:

IV.  ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ (ԵԹԵ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՒԼՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՈՒ ԻՐ ԸՆՏՐԱԾ ՀՈԳԵԲՈՒՅԺ ՄԱՍՆԱԳԵՏԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան  խանգարումներով տառապող յուրաքանչյուր անձ իրավունք ունի  իր բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմելու  կազմակերպության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին:

2. Հոգեբուժական կազմակերպության տնօրենը կամ բաժանմունքի վարիչը,  ստանալով գրավոր դիմումը կամ բանավոր հարցումը եւ նշում կատարելով համապատասխան բժշկական փաստաթղթերում, երկօրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն է տրամադրում դիմումատուին եւ ձեռնամուխ է լինում համապատասխան հարցերի կարգավորմանը:

3. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության տնօրենին` պահանջելով իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին: Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունը ստանալուց հետո` 2-օրյա ժամկետում, հոգեբուժական կազմակերպության տնօրենը դիմում է դիմումում նշված հոգեբույժին եւ վերջինիս համաձայնությունը ձեռք բերելով`  ընդգրկում է մասնագետին հանձնաժողովի կազմում:

V.  ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող յուրաքանչյուր անձ իրավունք  ունի   ստանալու իրավական հարցերով օժանդակություն՝ հիվանդանոցում իր գտնվելու եւ բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ:

2. Իրավական հարցերով օժանդակությունը ֆինանսավորում է հոգեբուժական կազմակերպությունը` պետության երաշխավորած պետական պատվերի շրջանակներում այլ ծախսերով նախատեսված գումարների հաշվին:

3. Որպես իրավական հարցերով օժանդակության կարեւորագույն տարր` հոգեբուժական հաստատությունում գտնվող յուրաքանչյուր անձի բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները:

4. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի բանավոր կամ գրավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության տնօրենին` իրավական օժանդակություն ստանալու համար:

5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձին իրավական օգնություն ցույց տալու համար հրավիրված իրավաբանը չպետք է  լինի տվյալ հոգեբուժական կազմակերպության աշխատակից: Իրավաբանի կամ իրավական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ հոգեբուժական կազմակերպությունը կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

VI. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ

1. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի եւ պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:

2. Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ:

3. Հոգեբուժական կազմակերպության ղեկավարն իր հրամանով սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձին նրա իրավունքների մասին իրազեկման համար պատասխանատուներին:

4. Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքները բացատրվում են այն լեզվով եւ այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների բացատրությունը ներառում է իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը:

5. Նշվածի վերաբերյալ բուժող բժիշկը կամ ընդունարանի բժիշկը կամ բաժանմունքի վարիչը գրառում է կատարում հոգեկան խանգարմամբ տառապող անձի բժշկական քարտում` նրա կամ նրա օրինական ներկայացուցչից (եթե անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչված, կամ եթե անձն անչափահաս է) վերցնելով ստորագրություն:

6. Եթե հոգեկան խանգարումով տառապող անձն ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքները բացատրվում են անձի օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին բաժանմունքի վարիչը գրառում է կատարում բժշկական քարտում:

7. Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, ապա անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձը կրկին իրազեկվում է իր իրավունքների մասին, որի վերաբերյալ ստորագրում է բժշկական փաստաթղթերում:

8. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարումով տառապող անձին, սույն կարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների մասին: Անձին տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի եւ պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

11.06.2010
ՀՕ-89