Օրենքը չի գործում:
Գործում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը

Armenian English   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ընդունվել է 20.02.2002
Օրենքն ուժը կորցրել է , բացառությամբ  2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված   «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի  166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների: Դրույթներն ուժը կկորցնեն համապատասխան ակտն ընդունվելու եւ ուժի մեջ մտնելու պահից:  

  (առ 25 մայիսի 2016 թվականի փոփոխություններով եւ լրացումներով)

  • Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 1. Ազգային ժողովի պատգամավորը
  • Գլուխ 2. Խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը
  • Գլուխ 3. Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները
  • Գլուխ 4. Ազգային ժողովի հանձնաժողովները
  • Գլուխ 5. Ազգային ժողովի նստաշրջանները եւ նիստերը
  • Գլուխ 6. Ազգային ժողովում քննարկվող հարցերի ներկայացման կարգը
  • Գլուխ 7. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման կարգը
  • Գլուխ 8. Օրենքի նախագծի քննարկման ընթացակարգը
  • Գլուխ 9. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերի քննարկման ընթացակարգը
  • Գլուխ 10. Պետական բյուջեի  քննարկումը եւ հաստատումը
  • Գլուխ 11. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը եւ հաստատումը
  • Գլուխ 12. Հանրապետության Նախագահի իրավասությանը վերապահված հարցերի քննարկման ընթացակարգերը
  • Գլուխ 13. Ազգային ժողովին վերապահված հարցերի քննարկման ընթացակարգերը
  • Գլուխ 14. Կառավարությանն առնչվող հարցերի քննարկման ընթացակարգերը
  • Գլուխ 15. Ազգային ժողովի աշխատանքի կազմակերպումը
  • Գլուխ 16. Եզրափակիչ դրույթներ
  • Հավելված 1. Փորձագետների աշխատանքայի խմբի կանոնակարգ (Բյուջետային գրասենյակ)
  • Հավելված 2.  Բյուջետային գրասենյակի փորձագետներին ներկայացվող պահանջների, նրանց ընտրության(նշանակման) կարգի եւ վարձատրության չափի մասին

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Ազգային ժողովը եւ նրա լիազորությունները

    1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

    2. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

    3. Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը

    1. Ազգային ժողովը գործում է Սահմանադրությանը եւ սույն կանոնակարգին համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաեւ իր մարմինների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի աշխատանքի միջոցով: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

    3. Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները եւ հանձնաժողովները:

    4. Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, եւ կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր:

    Հոդված 3. Ազգային ժողովի աշխատանքային լեզուն

    Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

    Հոդված 4. Ազգային ժողովի նիստերի անցկացման վայրը

    Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:

    ԳԼՈՒԽ 1

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

    Հոդված 5. Պատգամավորի իրավունքները

    1. Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝

    ա) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի, հայտարարության նախագծեր. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    բ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) նիստերում.

    գ) մասնակցել, տալ հարցեր եւ ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

    դ) առաջադրվել եւ ընտրվել Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում.

    ե) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113, 19.03.2012 ՀՕ-111)

    զ) ընդգրկվել խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    զ.1) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաեւ այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    զ.2) իր դիմումի համաձայն` ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    է) ծանոթանալ Ազգային ժողովին եւ (կամ) հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ը) հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

    թ) ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) դռնբաց նիստերին.

    ժ) մասնակցել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (այսուհետ՝ Վերահսկիչ պալատ) խորհրդի նիստերին. (փոփ. 25.12.2006 ՀՕ-12)

    ժա) hանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

    ժբ) հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, հատուցելի հիմունքներով, օգտվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային եւ էլեկտրոնային կապի միջոցներից։

    2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

    Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

    1. Պատգամավորը պարտավոր է՝

    ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է.

    ա.1) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.

    ա.2) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներին, որոնց կազմում նա ընդգրկված է.

    ա.3) պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները.

    (փոփ. եւ լր. 19.03.2012 ՀՕ-111)

    բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

    գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին.

    դ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    1.1. Ազգային ժողովի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նիստերից, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին կետի «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:

    Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ), իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը:

    (լր. 26.02.2007 ՀՕ-111, փոփ. 30.04.2009 ՀՕ-113, 19.03.2012 ՀՕ-111, լր. 13.09.2012 ՀՕ-174)

    1.2. Եթե պատգամավորն ընդգրկված է մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում, ապա այդ հանձնաժողովներից մեկի նիստի կամ կազմակերպած խորհրդարանական լսումների անցկացման պահին մեկ այլ հանձնաժողովի նիստին կամ կազմակերպած խորհրդարանական լսումներին մասնակցելու դեպքում համարվում է, որ պատգամավորը կատարել է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հանձնաժողովի նիստերին եւ «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պարտականությունը:

    (լր. 13.09.2012 ՀՕ-174)

    2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

    3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 6.1. Պատգամավորի էթիկայի կանոնները

    1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա  ամենօրյա  վարքագծին:

    2. Պատգամավորի էթիկայի կանոններն են`

    ա) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.

    բ) հարգել հանրության բարոյական նորմերը.

    գ) պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը.

    դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.

    ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

    զ) իր գործունեությամբ  նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.

    է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ.

    ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 6.2. Պատգամավորի  շահերի բախումը

    1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կամ Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`

    ա) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

    բ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

    գ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

    դ) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:

    ե) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ որպես թեկնածու իր ելույթի:

    (փոփ. եւ լր. 25.05.2016 ՀՕ-65)

    2. Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:

    3. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում շահերի բախում առաջանալու  դեպքում պատգամավորը պարտավոր է համապատասխան նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ  հանդես գալիս, Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելիս կամ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել  շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` ներկայացնելով շահերի բնույթը:

    Պատգամավորն Ազգային ժողովի նիստում շահերի բախման վերաբերյալ իր հայտարարությամբ հանդես է գալիս սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված կարգով: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաեւ հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքով համարվում է հարգելի:

    4. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի անունից, կամ տվյալ գործողությունը`

    ա) վերաբերում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,  պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների,  հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

    բ) ունի համընդհանուր կիրառելիություն եւ անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա, այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

    գ) վերաբերում է պատգամավորի` օրենքով նախատեսված վարձատրությանը, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը կամ արտոնություններին:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

    1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

    ա) պատգամավորի նախաձեռնությամբ հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը, այդ թվում` Բյուջետային գրասենյակի աջակցությամբ պատրաստված, եւ գրավոր պատասխանել նրան. (լր.25.03.2015 ՀՕ-17)

    գ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

    (փոփ. եւ լր. 24.12.2004 ՀՕ-69)

    2. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

    3. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին` ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են խմբակցության,  պատգամավորական խմբի կամ պատգամավորի պահանջով ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին` քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպելու համար: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    6. Պատգամավորը կարող է ունենալ Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    7. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

    1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) եւ կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաեւ խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ ժամանակահատվածը: Հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի վարձատրությունը սահմանվում է օրենքով:

    4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

    5. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝  36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:

    6. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

    7. (7-րդ մասն ուժը կորցրել է, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:

    9. (9-րդ մասն ուժը կորցրել է, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 9. Պատգամավորի անձեռնմխելիությունը

    1. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

    2. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության:

    3. Պատգամավորին չի կարելի ձերբակալել` առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 9.1. Պատգամավորի գործունեության սահմանափակումները

    1. Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

    2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես  նաեւ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը (աշխատանքը):

    3. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով  չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

    4. Պատգամավորին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհամարվող անձը կարող էր հավակնել:

    5. Պատգամավորական լիազորությունների իրականացումից բացի, գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ օրենքով չարգելված  այլ աշխատանք կատարելը հիմք չէ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելը սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հարգելի համարելու համար:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 9.2. Պատգամավորի գործունեության սահմանափակումների ապահովումը

    1. Պատգամավոր ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման ընդունումից հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

    ա) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

    բ) դուրս գալ առեւտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

    գ) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

    դ) ազատվել  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից,

    ե) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, եթե դա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն չի համարվում  գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք:

    2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է պատգամավորի ընտրության (համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով որոշումների վիճարկման մասին գործը սահմանադրական դատարանում քննության ընդունվելու օրվանից մինչեւ այդ գործով սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:

    3. Պատգամավորն իրավունք ունի մինչեւ վճարովի հիմունքներով գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված կարգով դիմելու Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին (այսուհետ` Էթիկայի հանձնաժողով) եւ ստանալու նրա եզրակացությունը:

    4. Եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առեւտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 10. Պատգամավորի գործունեության հետ առնչվող հարցեր

    1. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր եւ «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:

    2. Պատգամավորի բժշկական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

    3. Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

    4. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

    Հոդված 11. Պատգամավորի օգնականը

    1. Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:

    Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:

    (փոփ. 27.11.2008 ՀՕ-212)

     1.1. Իրենց  աշխատանքային  պարտականությունները  կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական եւ կապի միջոցներից: (լր. 27.11.2008 ՀՕ-212)

    2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

    ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

    բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական եւ այլ նյութեր.

    գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

    դ) վարում է գործավարությունը:

    3. (3-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը

    1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե ՝

    ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

    բ) արձակվել է Ազգային ժողովը.

    գ) սույն օրենքի 99.1-ին հոդվածի համաձայն` նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները. (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    գ.1) նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում. (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    դ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

    ե) մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    զ) նա դատապարտվել է ազատազրկման.

    է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

    ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը.

    թ) նա տվել է հրաժարական՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով.

    ժ) («ժ» կետն ուժը կորցրել է, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ.1», «դ», «զ», «է» եւ «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 13. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

    1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ (լր. եւ փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

    ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

    բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    ԳԼՈՒԽ 2

    ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

    Հոդված 14. Խմբակցությունների ստեղծման կարգը

    1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հետեւյալ սկզբունքներին համապատասխան՝

    ա) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում.

    բ) կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունում ընդգրկվում են նաեւ այդ դաշինքը կազմած կուսակցությունների առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

    1.1. Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ:

    Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:

    Խմբակցությունը համարվում է ոչ ընդդիմադիր, եթե խմբակցություն uտեղծած առանձին կուuակցության կամ կուuակցությունների դաշինքը կազմած կուuակցություններից որեւէ մեկի առաջադրած անձն ընդգրկված է Կառավարության կազմում, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիuտում հանդեu է գալիu Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու եւ ընդդիմադիր չլինելու մաuին հայտարարությամբ: (լր. 19.12.2012 ՀՕ-249)

    Ընդդիմադիր խմբակցությունն ունի սույն օրենքով սահմանված գործունեության երաշխիքներ:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    2. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

    3. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին: ( 30.06.2009թ. ՍԴՈ-810 )

    4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

    5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաեւ գործունեության դադարման եւ վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

    Հոդված 15. Պատգամավորական խմբերի ստեղծման կարգը

    1. Առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

    2. Խումբն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները:

    3. Խմբի անվանումը չպետք է համընկնի գործող, կասեցված կամ արգելված որեւէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հետ:

    4. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբի ղեկավարին:

    5. Խումբը համալրվում է խմբի ղեկավարին ուղղված պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա՝ խմբի որոշմամբ:

    6. Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ, եթե նրա անդամների թիվը նվազում է  10-ից եւ չի լրացվում՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում արված հայտարարությունից հետո՝ 14-օրյա ժամկետում:

    7. Խմբի կազմի փոփոխության կամ լուծարման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

    Հոդված 16. Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը

    1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:

    2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունները եւ պատգամավորական խմբերն ապահովվում են կահավորված, տեխնիկական եւ կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով եւ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության եւ Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, 30.04.2009 ՀՕ-113)

    3. Խմբակցությանը եւ պատգամավորական խմբին տրամադրվում է ավտոմեքենա:

    4. Խմբակցության եւ պատգամավորական խմբի գործավարը եւ փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, պատգամավորական խմբի անդամների աշխատանքին: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    5. Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ 3 փորձագետ, իսկ  14-ից  ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ 4 փորձագետ: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    ԳԼՈՒԽ 3

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

    Հոդված 17. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների ընտրությունը

    1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

    2. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են սույն օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

    3. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր են, ապա թեկնածուների առաջադրումը, քննարկումը եւ քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին:

    Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

    1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով՝

    ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

    բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները եւ նիստերը. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    գ) ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, ուղերձները եւ հայտարարությունները. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    գ.1) ընդունում եւ հրապարակում է որոշումներ եւ կարգադրություններ. (լր. 30.04.2009 ՀՕ-113)

    գ.2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը. (լր. 08.04.2010 ՀՕ-41)

    գ.3) ձեւավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ. (լր. 08.04.2010 ՀՕ-41)

    դ) ներկայացնում է Ազգային ժողովը.

    ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Էթիկայի   հանձնաժողովի կազմերը, նշանակում է Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին. (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.

    է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հետ՝ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, 30.04.2009 ՀՕ-113)

    է.1) դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններին եւ մարմիններին.(լր.25.05.2016 ՀՕ-65)

    ը) վարում է Ազգային ժողովի նիստերը եւ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

    թ) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը.

    ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

    ժա) շրջանառության մեջ է դնում օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաեւ օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.

    ժգ) («ժգ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ. (փոփ. 03.07.2002 ՀՕ-404)

    ժդ.1) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները. (լր. 03.07.2002 ՀՕ-404, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ժե) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    ժե.1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը. (լր.  30.04.2009 ՀՕ-113,  փոփ. 08.04.2010 ՀՕ-41)

    ժզ) նշանակում եւ ազատում է Աշխատակազմի եւ նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    ժզ.1) սահմանադրական դատարանում նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ՝ սահմանադրական դատարանի անդամների եւ սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.  (փոփ. 25.12.2006 ՀՕ-12)

    ժէ.1) ձեւավորում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով. (փոփ. 07.10.2009 ՀՕ-181)

    ժէ.2) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) եւ (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների)  թվաքանակը. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ժը.1) սահմանում է  հեռարձակման անկախ կարգավորող մարմնի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը. (լր.  28.04.2009 ՀՕ-111, փոփ. 08.04.2010 ՀՕ-41)

    ժթ) Ազգային ժողովի եւ իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    ի) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    ի.1) սահմանում է Ազգային ժողովի նիստերի եւ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    ի.2) սահմանում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում  հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի, ինչպես նաեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների ելույթների  հերթականության կարգը. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    իա) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր եւ լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման եւ գործունեության կարգերը. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    իբ) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը եւ պարգեւատրման կարգը. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    իգ) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ խրախուսում է դրամական պարգեւատրմամբ: (լր.  30.04.2009 ՀՕ-113, 08.04.2010 ՀՕ-41)

    2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ», «ի», «ի.1» եւ «ի.2» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «է.1», «ժ», «ժե», «ժը.1», «ի», «իբ» եւ «ի.1» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «գ.3», «ե», «է», «ժդ.1», «ժե.1», «ժզ», «ժը», «ժէ.1», «ի.2», «իա» եւ «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ: (լր. 30.04.2009 ՀՕ-113,  07.10.2009 ՀՕ-181, 08.04.2010 ՀՕ-41, փոփ.25.05.2016 ՀՕ-65)

    4. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ.3», «ե», «է», «ժ», «ժե», «ժե.1», «ժզ», «ժզ.1», «ի»,  «ի.1», «ի.2», «իա», «իբ» եւ «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին: (լր.  30.04.2009 ՀՕ-113, 08.04.2010 ՀՕ-41)

    Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները

    1. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝

    ա) վարում է Ազգային ժողովի նիստերը.

    բ) վարում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

    գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին։

    2. Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ:  (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 20. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը

    1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները դադարում են, եթե՝

    ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրանց պատգամավորական լիազորությունները.

    բ) նրանք տվել են հրաժարական՝ սույն հոդվածի համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված կարգով:

    2. Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո՝

    ա) հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված.

    բ) հրաժարականը կրկին չներկայացվելու դեպքում նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի դիմումը համարվում է առ ոչինչ։

    3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները հրաժարականի մասին իրենց դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

    ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

    բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

    4. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

    5. Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ԳԼՈՒԽ 4

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

    Հոդված 21. Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը

    1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. (2-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 26.05.2007 ՀՕ-60)

    3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքները:

    4. Մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանվում են Ազգային ժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովների թիվը սահմանվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

    6. Մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

     7. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ 3 փորձագետ (մասնագետ): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    7.1. Սույն  հոդվածի  4-րդ  կետով  նախատեսված  դեպքում վերակազմակերպված (միաձուլված, միացված, բաժանված) եւ (կամ) անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    8. Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 22. Ժամանակավոր հանձնաժողովը եւ նրա գործունեությունը

    1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան ՝ ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը եւ կարգը:

    3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:

    4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի` իր գործունեության մասին զեկուցումից հետո` երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ:  Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում, իսկ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու դեպքում` նաեւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: (փոփ. 03.07.2002 ՀՕ-404, 08.04.2010 ՀՕ-41)

    5. Ժամանակավոր հանձնաժողովի փորձագետները (մասնագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 23. Ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի եւ փորձագետների աշխատանքային խմբի (բյուջետային գրասենյակի) ստեղծումն ու գործունեությունը

    1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրել դրանց ղեկավարներին:

    2. Մշտական հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մասնագետը), պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

    3. Մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

    4. Իր գործունեության արդյունքների մասին մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:

    5. Մշտական հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ մշտական հանձնաժողովի որոշմամբ:

    6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ, 11-րդ գլուխներով եւ 101-րդ հոդվածով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար Ազգային ժողովում կազմավորվում է փորձագետների աշխատանքային խումբ (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ):

    7. Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

    1)  պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ (կամ) այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

    2) ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

    3)  պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաեւ ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

    4) պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձեւակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաեւ պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

    5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ  պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների եւ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

    6)  պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

    7)  Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

    8) պետական բյուջեի նախագծի եւ պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա  ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպմանն  աջակցությունը.

    9)  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

    10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

    11) Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների վերաբերյալ տեղեկանքների  տրամադրումը.

    12)  իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

    8.  Բյուջետային գրասենյակն իր գործառույթների շրջանակներում պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին` նրանց գրավոր հարցման հիման վրա, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

    Բյուջետային գրասենյակն իր գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից եւ կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ որեւէ պատգամավորի:

    9. Բյուջետային գրասենյակի կանոնակարգը, փորձագետներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության (նշանակման) կարգը, պաշտոնավարման պայմանները, ժամկետը, վարձատրության չափը սահմանվում են սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հավելվածներով:

    10. Բյուջետային գրասենյակը կազմված է համակարգող փորձագետից եւ  4 այլ փորձագետից: Փորձագետների` տվյալ ժամանակահատվածի աշխատանքային ստաժ հավասարեցվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում  պաշտոն զբաղեցնելու ստաժին:»:
    (փոփ.25.03.2015 ՀՕ-17)

    Հոդված 24. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը եւ նրա գործունեությունը

    1. Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հաշվիչ հանձնաժողով), որը պահպանում է իր լիազորությունները մինչեւ հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:

    2. Ընտրվող պաշտոններում կամ մարմիններում քվեարկվող թեկնածուն, ինչպես նաեւ քվեարկության դրված հարցի հեղինակները համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:

    3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:

    4. Հաշվիչ հանձնաժողովը՝

    ա) սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.

    բ) սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում գրանցում է պատգամավորներին.

    գ) սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հաշվում է պատգամավորների ձայները:

    5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

    Հոդված 24.1. Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը

    1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:

    Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված սկզբունքները:

    2. Խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (ներով), հետեւյալ կարգով`

    ա) եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.

    բ) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին.

    գ) լրացուցիչ անդամի (ների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)` առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի` մեծաթվից փոքրաթիվ.

    դ) լրացուցիչ անդամ (ներ) առաջադրվում է (են) մինչեւ Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարվելը:

    Խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն համարվում  ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ: (լր. 19.12.2012 ՀՕ-249)

    3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ:

    Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

    Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է`

    ա) ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի  տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր խմբակցությանը.

    բ) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի  տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ոչ ընդդիմադիր խմբակցությանը:

    4. Էթիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, ինչպես նաեւ  Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պահպանվում է մինչեւ Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

    Խմբակցություններն իրավունք ունեն փոխելու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված իրենց անդամներին:

    5. Էթիկայի հանձնաժողովի անդամի (նախագահի, նրա տեղակալի)  լիազորությունները դադարում են, եթե`

    ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

    բ) Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են.

    գ) նա տվել է հրաժարական.

    դ) սույն հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված կարգով խմբակցությունը նրան փոխել է:

    6. Էթիկայի հանձնաժողովի անդամի (նախագահի, նրա տեղակալի) թափուր տեղը (պաշտոնը) լրացվում է սույն հոդվածի 1-ից 4-րդ կետերով սահմանված կարգով` Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 24.2. Էթիկայի հանձնաժողովի իրավասությունները

    1. Էթիկայի հանձնաժողովը`

    ա) Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ.

    բ) որոշում է կայացնում պատգամավորի կողմից սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ.

    գ) որոշում է կայացնում պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու` սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ.

    դ) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած աշխատանքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ.

    ե) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա նշած հարցով սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:

    2. Էթիկայի հանձնաժողովը կարող է`

    ա) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

    բ) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների եւ դատախազների, պահանջել Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները:

    3. Էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

    4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալու Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Էթիկայի հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված  24.3. Էթիկայի հանձնաժողով դիմելը եւ դիմումը քննարկելը

    1. Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել`

    ա) յուրաքանչյուր ոք` սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»«գ» ենթակետերով նախատեսված դեպքերում.

    բ) պատգամավորը` սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում:

    2. Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`

    ա) դիմողի անունը, ազգանունը, պատգամավորի դեպքում` նաեւ ընտրատարածքի համարը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

    բ) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը (պատգամավորի դեպքում չի ներկայացվում).

    գ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»«գ» ենթակետերով նախատեսված դեպքերում այն պատգամավորի  անունը, ազգանունը եւ ընտրատարածքի համարը, որին վերաբերում է դիմումը.

    դ) Սահմանադրության, սույն օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

    ե) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

    զ) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

    Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

    3. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

    4. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումում բարձրացված հարցի քննությունը կամ մերժում է  դիմումի քննարկումը:

    5. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե `

    ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովին.

    բ) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.

    գ) նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի եւ (կամ) Էթիկայի հանձնաժողովի որոշում (եզրակացություն).

    դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է  հարցի քննություն:

    6. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո` 3-օրյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորին եւ այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:

    Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին:

    7. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 20 օրով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել  եւ հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել: Հարցի քննության ժամկետի երկարաձգման մասին Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահագրգիռ կողմերին:

    8. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը, եթե`

    ա) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.

    բ) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ Գլխավոր դատախազ):

    Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննությունը, եթե  դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, եւ Էթիկայի հանձնաժողովը նախքան որոշում կամ եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` հարցի քննությանն առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար:

    Հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` 3-օրյա ժամկետում:

    9. Հարցի քննությունը կարճվում է, եթե  Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են, կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերացել է:

    10. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները 3-օրյա ժամկետում ուղարկում է շահագրգիռ կողմերին:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 24.4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

    1. Էթիկայի հանձնաժողովը գործում է սույն օրենքի 27-րդ , 28-րդ , 29-րդ եւ 30.1 -ին հոդվածներով նախատեսված կարգով հետեւյալ տարբերությամբ.

    ա) հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են միայն հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին.

    բ) հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց.

    գ) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը.

    դ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումում նշված պատգամավորը: Դիմումի հեղինակը, ինչպես նաեւ  սույն օրենքի 24.2-րդ հոդվածի  3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաեւ պատգամավորի ներկայացուցիչը  իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների եւ դիմումում նշված պատգամավորի հարցերին.

    ե) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը: Սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաեւ պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների եւ դիմումի հեղինակի հարցերին.

    զ) հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են  հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին. (փոփ. 19.12.2012 ՀՕ-249)

    է) եթե հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումը համարվում է մերժված, իսկ սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումի քննարկումը համարվում է ավարտված. (լր. 19.12.2012 ՀՕ-249)

    ը) հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորին, որին վերաբերում է դիմումը,  պարզաբանումներ տալ դիմումում բարձրացված հարցերի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվել է մասնակցել հարցի քննարկմանը, ապա այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից առնվազն 10 օր առաջ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի  նյութերը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, Էթիկայի հանձնաժողով ուղարկելու դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն ու պարզաբանումները.

    թ) հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ ըստ էության որոշումները եւ եզրակացությունները` նաեւ պատճառաբանված, բացառությամբ սույն կետի «է» ենթակետով նախատեսված դեպքերի.

    ժ) մինչեւ հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքի.

    ժա) հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն հարցի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու` առանց նրանց գրավոր համաձայնության.

    ժբ) պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե նա կամ նրա հետ  փոխկապակցված անձը դիմումի հեղինակն է, կամ հանձնաժողովը քննում է նրանց հարցը:

    2. Էթիկայի հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

    3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում:

    Բացառությամբ սույն օրենքի 99.1-ին հոդվածով նախատեսված դեպքի, Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն Ազգային ժողովում չեն քննարկվում:

    4. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-ից 5-րդ կետերը Էթիկայի հանձնաժողովի գործունեության վրա չեն տարածվում:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 24.5. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ապահովումը

    1. Էթիկայի հանձնաժողովի կազմակերպչական, իրավաբանական, փաստաթղթային, տեղեկատվական եւ վերլուծական գործունեությունն ապահովում է Էթիկայի հանձնաժողվի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է,  ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված  քարտուղար  եւ գործավար (օգնական):

    2. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը (օգնականը) աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից` Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:

    3. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը կատարում է Էթիկայի հանձնաժողովի նախագահի հանձնարարականները եւ իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը

    1. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրի թվաքանակը հավասար է պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 1/ՄՀ-ին, որտեղ ՄՀ-ն մշտական հանձնաժողովների ընդհանուր թիվն է: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, 26.05.2008 ՀՕ-60, 19.03.2012 ՀՕ-111)

    2. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

    3. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

    4. (4-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    5. Խմբակցության, պատգամավորական խմբի անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    6. Խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    6.1. Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ: (փոփ. 13.09.2012 ՀՕ-174)

    6.2. Խմբակցության եւ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորը կարող է ընդգրկվել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի կազմում: (լր. 13.09.2012 ՀՕ-174)

    7. Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալները, ինչպես նաեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները կարող են իրենց ցանկությամբ չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    8. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

    1. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով թեկնածուների առաջադրման իրավունքը մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը պատկանում է խմբակցություններին: (փոփ. 23.10.2008 ՀՕ-182)

    1.1. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

    Գխխ /(Պխ +1)
    որտեղ`

    Գխ -ն խմբակցության գործակիցն է,

    Ախ -ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է,

    Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է:

    Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունն ստանում է մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հերթական պաշտոնի ընտրության եւ դրանում թեկնածու առաջադրելու իրավունքը ստանում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությունը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:

    Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխարինել եւ (կամ) միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի եւ (կամ) նրա տեղակալի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելու իրավունքը:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

    3. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

    ա) սույն օրենքի 12-րդ  հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

    բ) նա դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով.

    գ) նա տվել է հրաժարական՝ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

    (փոփ. 23.10.2008 ՀՕ-182)

     4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝  3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

    ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

    բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

    5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում եւ քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    7. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշմամբ:

    7.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    7.2. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    8. Հանձնաժողովի նախագահը ՝

    ա) նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.

    բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

    գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

    դ) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

    ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

    ե.1) ներկայացնում է հանձնաժողովը. (լր. 30.04.2009 ՀՕ-113)

    զ) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

    է) ղեկավարում է հանձնաժողովի փորձագետների (մասնագետների) աշխատանքը. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ը) հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    թ) հանձնաժողովին իրազեկում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    ժ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Աշխատակազմի հետ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

    Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

    1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, 26.05.2008 ՀՕ-60, 19.03.2012 ՀՕ-111, 13.09.2012 ՀՕ-174)

    2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

    3. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում:

    Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

    5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝ շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների եւ որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

    1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

    2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաեւ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Բյուջետային գրասենյակի փորձագետները, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111, լր.25.03.2015 ՀՕ-17)

    4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

    5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը

    1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

    2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ հաջորդականությամբ՝

    ա) հիմնական զեկուցողի ելույթը.

    բ) հարցեր հիմնական զեկուցողին.

    գ) հարակից զեկուցողի ելույթը.

    դ) հարցեր հարակից զեկուցողին.

    ե) մտքերի փոխանակություն.

    ե.1) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

    է) քվեարկություն:  (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    2.2. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից եւ քվեարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    2.3. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

    5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել     հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը:  (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111)

    5.1. (5.1 մասն ուժը կորցրել է, փոփ. 13.09.2012 ՀՕ-174)

    6. Նիստի  արձանագրությունը, որը ներառում է նաեւ հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների անվանական արդյունքները, ստորագրում է հանձնաժողովի նախագահը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը

    1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած մեկ հանձնաժողովն է:  (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

    2.1. Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը եւ դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

    Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    3. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:

    4. Գլխադասային հանձնաժողովը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացություն կարող է ներկայացնել՝ հեղինակի (հիմնական զեկուցողի), իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամի առաջարկությամբ։ (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, 19.03.2012 ՀՕ-111)

    5. Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը ՝

    ա) գլխադասային հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվում հեղինակի (հիմնական զեկուցողի) գրավոր դիմումով.

    բ) հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե մինչեւ հետաձգման ժամկետը լրանալու օրը հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 30.1. Հանձնաժողովի հարցումները

    Հանձանաժողովը` իր որոշմամբ, կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են`

    ա) 20-օրյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան.

    բ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հանձնաժողովին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

    (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 30.2. Որոշակի հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու կարգը

    1.  Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը կարող է իր որոշմամբ որոշակի հարցերի նախնական քննարկումը հանձնարարել մշտական հանձնաժողովներից մեկին` սահմանելով քննարկման արդյունքով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու ժամկետը:

    2. Եզրակացությունն  Ազգային  ժողովում  քննարկվում  է  հանձնաժողովի ներկայացրած եւ Ազգային ժողովի սահմանած հատուկ ընթացակարգով:

    (լր.  07.10.2009 ՀՕ-181)

    Հոդված 31. Հանձնաժողովների համատեղ նիստերը

    Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:

    Հոդված 32. Խորհրդարանական լսումները

    1. Հանձնաժողովները իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, 13.09.2012 ՀՕ-174)

    2. Լսումների օրը, ժամը եւ անցկացման վայրը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ: (փոփ. 13.09.2012 ՀՕ-174)

    3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

    4. Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովների կողմից հաստատված ընթացակարգով:

    5. Լսումները վարում են դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահները կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրանց տեղակալները, իսկ դրա անհնարինության դեպքում հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։ (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    6. Լսումները կազմակերպող հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    7. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով: (լր. 08.04.2010 ՀՕ-41)

    Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին եւ խորհրդարանական լսումներին (լր. 13.09.2012 ՀՕ-174)

    1. Հանձնաժողովի անդամը նիստերին եւ խորհրդարանական լսումներին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին: (փոփ. 13.09.2012 ՀՕ-174)

    2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից եւ հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստում: (փոփ. 13.09.2012 ՀՕ-174)
     
     

    ԳԼՈՒԽ 5

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

    Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը

    1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

    3. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

    4. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝

    «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝

    Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

    Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում երդվում են: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:

    6. Նիստը վարողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

    ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.

    բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

    գ) Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ.

    գ.1) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում. (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

    ե) («ե» կետն ուժը կորցրել է, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    զ) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    7. Մինչեւ օրակարգի «ա»-«դ» հարցերի սպառումը տեղի են ունենում ամենօրյա նիստեր, որոնք անցկացվում են ժամը 10-ից մինչեւ 18-ը՝ մեկուկես ժամ տեւողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է: Օրակարգի «զ» հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել՝ նիստը վարողը: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    7.1. Ազգային ժողովի  առաջին  նստաշրջանի  գումարման ժամանակահատվածում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով կազմավորվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները, իսկ սույն օրենքի 24.1-ին հոդվածով նախատեսված կարգով կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով: Հանձնաժողովների կազմավորումն ավարտվելուց հետո Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս դրա վերաբերյալ հայտարարությամբ:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    8. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

    9. Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների առաջարկությամբ Ազգային ժողովի գործունեությանն առնչվող  հարցերի վերաբերյալ պատգամավորների համար կարող են կազմակերպվել սեմինարներ: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

    1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչեւ դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին եւ փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչեւ հունիսի երկրորդ հինգշաբթին: (լր. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. 26.02.2007 ՀՕ-111, 12.04.2011 ՀՕ-70)

    1.1. Հերթական նստաշրջանն անցկացվում է նստաշրջանի բացման օրվանից սկսած՝ երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնց գումարման օրը, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ կետով նախատեսված դեպքերի, կարող է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունով Ազգային ժողովի որոշմամբ տեղափոխվել նույն գումարման հերթական նստաշրջանի մեկ այլ երկուշաբթի օր: Եթե տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման կամ այլ օրը համընկնում է օրենքով ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրվա հետ, ապա այդ օրը նիստեր չեն անցկացվում:

    (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    1.2. Ազգային ժողովի նախագահը կարող է սույն հոդվածի 1.1-ին կետում նշված առաջարկությամբ Ազգային ժողովի նիստում հանդես գալ մինչեւ տեղափոխվող չորսօրյա նիստերի գումարման օրը: Չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունից անմիջապես հետո՝ առանց քննարկման:

    (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    1.3. Չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող տեղափոխվել, եթե այդ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու է Սահմանադրությամբ քննարկման ժամկետ ունեցող կամ սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «ե» կամ «ը» ենթակետերով նախատեսված հարց: Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում չորսօրյա նիստերի գումարման օրը կարող է տեղափոխվել ոչ ավելի, քան երկու անգամ:

    Տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող համընկնել՝

    ա) հաջորդ չորսօրյա նիստերի գումարման օրվա հետ, եթե այդ նիստերի գումարման օրը նույնպես չի տեղափոխվում կամ տեղափոխված չէ.

    բ) մինչեւ չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունելը նախաձեռնված արտահերթ կամ հատուկ նիստի գումարման օրվա հետ, եթե այդ նիստը չի նախատեսվում գումարել ժամը 18.30-ից մինչեւ 24-ը:

    (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    2. Չորսօրյա նիստերը տեղի են ունենում ժամը 12.00-ից մինչեւ 18.00-ն՝ մեկուկես ժամ տեւողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. 12.04.2011 ՀՕ-70)

    3. Չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17-ից,  պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչեւ 3 րոպե տեւողությամբ հայտարարություններով, ընդ որում` սկզբում հայտարարություններով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո հայտարարություններով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները։ Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչեւ 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստաընկերությամբ: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, լր. 23.10.2008 ՀՕ-182, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3.1 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 105.1-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում են խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցապնդումները, իսկ դրանց բացակայության կամ քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    4.1. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 104.2-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր: (լր. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. 23.10.2008 ՀՕ-182)

    4.2. Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է, կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչեւ հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է`

    ա) մինչեւ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում, եւ չորսօրյա նիստերը համարվում են ավարտված` այդ նիստի ավարտից հետո.

    բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա  չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    5. Օրենքով ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 36. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը

    1. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, Ազգային ժողովի որոշումների նախագծերը եւ օրենքով նախատեսված այլ հարցեր:

    2. Հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաեւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են երեք մասից՝

    ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

    բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

    գ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

    3. Պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝

    ա) Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

    բ) («բ» կետն ուժը կորցրել է, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    գ) Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.

    դ) Հանրապետության Նախագահի առարկություններով եւ առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.

    ե) համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը.

    զ) Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

    է) նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը.

    ը) պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու հարցերը. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    ժ) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում ընտրությունների անցկացման մասին հարցերը.

    ժա) Սահմանադրության 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 103-րդ հոդվածներով եւ օրենքով նախատեսված դեպքերում պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին հարցերը. (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111)

    ժբ) հարցապնդումների քննարկման մասին հարցերը. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    ժգ) սույն օրենքի 104.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերը: (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    Հոդված 37. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը

    1. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

    2. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից՝

    ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

    բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

    գ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

    3. Չորսօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝

    ա) սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը, բացառությամբ «է» ենթակետում նշվածի.

    բ) նախորդ չորսօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.

    գ) նախորդ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը:

    դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 38. Հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը

    1. Հերթական նստաշրջանի առաջին նիստն սկսվում է նստաշրջանի եւ ընթացիկ չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

    2. Չորսօրյա նիստերն սկսվում են հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ինչպես նաեւ ընթացիկ չորսօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

    3. Հերթական նստաշրջանի օրակարգը հաստատելու, դրանում լրացումներ կատարելու եւ չորսօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը քննարկվում են առանձին-առանձին:

    4. Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20-ական րոպե:

    5. Հարցերը տրվում են սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

    6. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

    ա) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի մեկ հեղինակի, հանդես է գալիս խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.

    բ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչեւ երկու րոպե:

    գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    7. (7-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչեւ 5 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

    ա) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում հարցերի, կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում՝ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

    Եթե հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ մասում.

    բ) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասի մնացած եւ երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին եւ երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

    Եթե հերթական նստաշրջանի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    9. Չորսօրյա նիստերի  օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչեւ 5 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ  նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

    ա) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցերի կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

    Եթե չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասում.

    բ) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած եւ երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին եւ երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

    Եթե չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    10. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը հերթական նստաշրջանի, իսկ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը՝ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    11. (11-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    12. Չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ Աշխատակազմն Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը:

    Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

    1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

    Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Հանրապետության Նախագահի կամ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու դեպքում այդ նստաշրջանի օրակարգը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը նախաձեռնողի կողմից ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին։ (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ինչպես նաեւ կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է  արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին եւ Կառավարություն: Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    5. Օրակարգն սպառվելուց հետո կամ հերթական նստաշրջանի գումարման օրը, ինչպես նաեւ նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ արտահերթ նստաշրջանը համարվում է փակված: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    6. Արտահերթ նստաշրջանը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետեւյալ ընթացակարգով՝

    ա) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տեւողությամբ  4 նիստ.

    բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

    գ) երկրորդ ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է։

    7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, եւ այն դրվում է քվեարկության ՝ առանց քննարկման: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը

    1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ նստաշրջանի եւ հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

    2. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միեւնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչեւ դրանց քննարկումն սկսվելն Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) եւ գլխադասային հանձնաժողով: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը

    1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Արտահերթ նիստ գումարելու մասին Հանրապետության Նախագահի կամ Կառավարության նախաձեռնությունը ներառում է արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը եւ օրակարգային հարցերի նախագծերը: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը եւ անցկացման ժամկետը, ինչպես նաեւ կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից  24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին եւ Կառավարություն: Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում: Չորսօրյա նիստերի օրը արտահերթ նիստ կարող է գումարվել ժամը 18.30-ից մինչեւ 24-ը։ Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:

    5. Արտահերթ նիստը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետեւյալ ընթացակարգով՝

    ա) նիստի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տեւողությամբ 4, իսկ չորսօրյա նիստերի օրերին՝ 3 նիստ.

    բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

    գ) երկրորդ ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, բացառությամբ չորսօրյա նիստերի օրվա։

    6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, եւ այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:  (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    7. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ նիստի եւ հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

    8. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միեւնույն օրենքի նախագիծը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչեւ դրանց քննարկումն սկսվելը Ազգային ժողովում քննարկվում է այդ օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ։ (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, լր. 30.04.2009 ՀՕ-113)

    9. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) եւ գլխադասային հանձնաժողով: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 42. Հատուկ նիստերը

    1. Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է հատուկ նիստ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    1.1. Եթե Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ 3 ժամվա ընթացքում, քվորում չի ապահովվում, ապա նիստը սկսվում է անկախ քվորումի առկայությունից:

    (լր. 21.03.2012 ՀՕ-108)

    2. Հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում եւ քննարկվում են պատերազմ հայտարարելու մասին որոշման նախագիծը, զինված ուժերի օգտագործման հարցը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին միջոցառումների ծրագիրը:  (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումները քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ բացառություններով`

    1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

    2) հարակից զեկուցումներ չեն լինում.

    3) քննարկումն ավարտվում է Հանրապետության Նախագահի կամ նրա ներկայացուցչի եզրափակիչ ելույթով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

    (լր. 21.03.2012 ՀՕ-108)

    Հոդված 43. Դռնբաց եւ դռնփակ նիստերը

    1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:

    2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

    3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:

    4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։

    5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել եւ օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա եւ տեսատեխնիկա, ռադիոկապի եւ հեռախոսակապի, ինչպես նաեւ ձայնագրման եւ տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

    6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

    7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, սահմանադրական դատարանի նախագահը, Կառավարության անդամները, Գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Աշխատակազմի ղեկավարը եւ նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաեւ նիստը վարողի հրավիրած անձինք: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաեւ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով նիստի լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաեւ նիստը վարողի եւ    քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    9. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչների, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի եւ հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը եւ դրանց հետ ներկայացված փաստաթղթերը:

    11. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

    Հոդված 44. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը

    1. Օրվա առաջին, արտահերթ եւ սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված նիստերն սկսվում են պատգամավորների գրանցումով՝ նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով:

    2. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը, եւ դրանից պատգամավորի բացակայելը կարող է համարվել անհարգելի՝ սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

    3. Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:

    4. Նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է): (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4.1. Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    5. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի՝

    ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

    բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:

    Հոդված 45. Ազգային ժողովի նիստի վարման կարգը

    1. Նիստը վարողը՝

    ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը.

    բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող 3 հարցի մասին. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    գ) ձայն է տալիս. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

    ե) համակարգում է նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.

    զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված միջոցները.

    է) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

    ը) կարգազանց հրավիրվածներին հեռացնում է նիստերի դահլիճից.

    թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    2. Կարգազանց է համարվում այն պատգամավորը, որը նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն, իր գործողություններով խոչընդոտում է
    պատգամավորին անարգել օգտվել քվեարկության համար օրենքով սահմանված հնարավորություններից, աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում
    Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում է սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ: (լր. 03.07.2002ՀՕ-404, փոփ.16.03.2016 ՀՕ-33)

    2.1Կարգազանց են համարվում, պատգամավորներից բացի, Ազգային ժողովի նիստում ներկա այն անձինք, որոնք նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ: (լր.16.03.2016 ՀՕ-33)

    3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետեւյալ կարգապահական միջոցները՝

    ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

    բ ) խոսափողի անջատում.

    գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

    դ) հեռացում` մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց.

    ե) զրկում` մինչեւ 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու  իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

    Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի «դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, եւ պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

    Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:

     (փոփ. 03.07.2002 ՀՕ-404)

    4. Եթե նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

    5. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    Հոդված 46. Ազգային ժողովի նիստերի սղագրումը

    1. Ազգային ժողովի նիստի սղագրությունն ապահովում է Աշխատակազմը:

    2. Դռնբաց նիստերի սղագրությունը կարող է հրատարակվել։ (փոփ. եւ լր. 26.02.2007  ՀՕ-111)

    3. Չորսօրյա նիստերի, արտահերթ նստաշրջանի եւ արտահերթ նիստի ավարտից հետո՝ տասն օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները եւ ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան եւ տեղադրվում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am), իսկ 30 օր հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, լր. 26.02.2007 ՀՕ-111, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    4. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի Ազգային ժողովի գրադարանում 30 օրվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

    5. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:

    ԳԼՈՒԽ 6

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 47. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

    1. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ Կառավարությանը:

    2. Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:

    3. Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է՝

    ա) առաջադրվող օրենքի նախագիծը.

    բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:

    4. Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

    ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաեւ նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

    բ) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

    գ) ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

    դ) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետեւանքով ստացված այն դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք ընդունվել են:

    Պատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

     ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաեւ նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

    բ) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին:

    (փոփ. 02.12.2008 ՀՕ-225)

    4.1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ կետի`

    1) 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացություն է համարվում կառավարության բյուջետային ուղերձը.

    2) 4-րդ ենթակետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության ընդունած դիտողությունները եւ առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետով   սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում: (լր. 18.05.2010 ՀՕ-93)

    4.2. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով ներկայացվող եզրակացությունում նշվում են`

    1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

    2) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի  ընդունման նախատեսվող ժամկետը:

    (լր. 07.12.2010 ՀՕ-205)

    5. Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:

    6. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:

    Հոդված 48. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման իրավունքը

    Սահմանադրությամբ եւ (կամ) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորը, եթե Սահմանադրությամբ եւ (կամ) սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

    Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

    Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետեւյալ որոշումները՝

    ա) հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու եւ դրանցում փոփոխություններ կատարելու մասին.

    բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

    գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

    դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

    դ.1) սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ, ռադիոընկերությամբ) Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

    է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

    ը) հարցի քննարկումը մինչեւ մեկ ժամով ընդմիջելու մասին. (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    թ) հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին. (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին. (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    ժա) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երեք ընթերցմամբ քննարկելու մասին. (լր. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին. (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին. (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    ժդ) հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    ժե) Ազգային ժողովի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին. (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    ժզ) մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին: (լր. 13.09.2012 ՀՕ-174)

    Հոդված 50. Օրենքի նախագծի առաջադրման կարգը

    1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն, սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

    2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը (հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում): Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգային ժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է <>սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո եւ նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    3. Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է՝

    ա) սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

    բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

    գ) անհրաժեշտության դեպքում՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման  կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 51. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

    1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով՝

    ա) Կառավարություն (եթե հեղինակը պատգամավոր է)՝ վարչապետի անունով, եւ Աշխատակազմ, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.

    բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    գ) խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են oրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատաuխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են  նաեւ սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին  համապատասխան ներկայացված այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ oրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիuի oրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Կառավարության եզրակացությունն անհրաժեշտության դեպքում ներառում է պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին իր եզրակացությունը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։ (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. Ստացվելուց հետո` 24 ժամվա ընթացում, Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ուղարկվում են մշտական հանձնաժողովներին եւ հեղինակին (հիմնական զեկուցողին): (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, 30.04.2009 ՀՕ-113)

    6. (6-րդ մասն ուժը կորցրել է, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    7. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ՝ միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը, հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:

    8. Շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    9. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 52. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման եւ շրջանառության մեջ դնելու կարգը

    1. Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սահմանված դեպքերում՝ նիստը վարողին:

    2. (2-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝

    ա) Աշխատակազմ, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.

    բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    գ) խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    3.1. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    4. Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին։ (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    5. Շրջանառության մեջ գտնվող Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    5.1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    6. Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում արտահերթ։

    7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթին կցվում է Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծը։ Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում արտահերթ։ Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

    Հոդված 52.1. Օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի գրանցումը

    1. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին եւ 52-րդ հոդվածի 3-րդ կետերի համաձայն` շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթները) եւ Ազգային ժողովի որոշման նախագծերը Աշխատակազմի կողմից գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր), որը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

    2. Ռեեստրը բաղկացած է հետեւյալ բաժիններից.

    ա) հերթական նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված հարցեր.

    բ) հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցեր.

    գ) ամբողջությամբ ընդունված հարցեր:

    3. Ռեեստրում գրանցված նախագծի 1-ին էջի վերեւի ձախ անկյունում դրվում է փաստաթղթային կոդ, որը կազմված է միմյանցից գծիկներով բաժանված հետեւյալ մասերից.

    ա) ներկայացնողի անվանման հապավումը («Պ»՝ պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն, «Կ»՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնություն, «Ն»՝ Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագրեր կամ վերադարձված օրենքներ).

    բ) Ռեեստրում հերթական համարը.

    գ) շրջանառության մեջ դրվելու օրը, ամիսը եւ տարին.

    դ) գլխադասային հանձնաժողովի անվանման հապավումը.

    ե) փաստաթղթի տեսակը ներկայացնող թվերը («010»` օրենքի նախագիծ, «011»` Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ միջազգային պայմանագիր, «012»` Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, «013»` Ազգային ժողովի ուղերձի նախագիծ).

    զ) օրենքի նախագծի քննարկման ընթացքը ներկայացնող թիվը («0»` դեռեւս չի քննարկվել կամ քննարկվել է, սակայն դեռեւս չի քվեարկվել, «1»՝ առաջին ընթերցմամբ ընդունվել է, «2»՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, «2ամբ.»՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է, «3»` երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է):

    4. Օրենքների նախագծերի փաթեթի դեպքում առաջադրված օրենքի նախագիծն ունենում է Ռեեստրում նախագծերի փաթեթի գրանցման հերթական համարը, իսկ մյուս նախագծերն ունենում են նաեւ այդ համարին ավելացված լրացուցիչ համարներ:

    5. Եթե հեղինակը ներկայացնում է օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի լրամշակված տարբերակ, ապա փաստաթղթային  կոդում նշվում է նաեւ լրամշակված տարբերակը պաշտոնապես ներկայացնելու ամսաթիվը, իսկ Ռեեստրում տեղադրվում է լրամշակված նախագծի տեքստը:

    6. Եթե օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հեղինակները միացնում են  Ռեեստրում տեղադրված մեկ այլ նախագծի, ապա  միավորված նախագիծը (նախագծերի փաթեթը) ունենում է Ռեեստրում տեղադրված բոլոր նախագծերի փաստաթղթային կոդերը, իսկ Ռեեստրում հրապարակվում է միասնական տեքստը:

    7. Ռեեստրի՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված բաժնում ընդգրկված նախագծի անվանումը հիշատակելիս (արտահայտելիս, այլ փաստաթղթում նշելիս, հղումներ կատարելիս), այդ թվում՝ նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություններ կամ առաջարկություններ ներկայացնելիս, նախագիծն Ազգային ժողովի օրակարգերի նախագծերում ընդգրկելիս, նախագիծը երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս, ինչպես նաեւ առաջին կամ երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագիծն իրավասու մարմիններ ուղարկելիս նշվում է նաեւ փաստաթղթային կոդը: Նախագծերի փաթեթի անվանումը հիշատակելիս կարող է նշվել միայն առաջադրված նախագծի փաստաթղթային կոդը:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 53. Նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքի նախագծերը

    1. Աշխատակազմը, առաջին նստաշրջանի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը՝ կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին եւ գլխադասային հանձնաժողովները:

    2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը չորսօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն եւ համապատասխան գործունեության ոլորտի մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովները եւ Կառավարությունը 30-օրյա ժամկետում քննարկում եւ Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները՝ վերոհիշյալ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին: (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    3. Աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 7-օրյա ժամկետում ապահովում է դրանց եւ համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:

    4. Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա հեղինակի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո` 60-օրյա ժամկետում, ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

    5. Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա նորընտիր որեւէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո` 60-օրյա ժամկետում, որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

    6. Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված եւ Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:

    Հոդված 54. Հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները

    1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը՝ 40-օրյա ժամկետում։ (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, 26.02.2007 ՀՕ-111)

    2. Պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60 օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2.1. Եթե սույն հոդածի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանված ժամկետները լրանում են մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    3. Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ։ (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է գլխադասային  հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել մեկ անգամ՝ մինչեւ մեկ տարի ժամկետով: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    ԳԼՈՒԽ 7

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը

    1. Բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով , 39-րդ հոդվածի 1-ին կետով , 41-րդ հոդվածի 4-րդ եւ 42-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչեւ օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:

    2. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի (բացառությամբ «է» եւ «թ» ենթակետերի) եւ 37-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի , ինչպես նաեւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված եւ երեք հերթական նստաշրջանի ընթացքում չքննարկված հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը՝ դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը: (լր. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

     3.1. Հարցի քննարկումն սկսվում է նիստը վարողի կողմից հարցի, ինչպես նաեւ դրա զեկուցողների անունների, ազգանունների հայտարարությամբ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի եւ օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝

    ա) հիմնական զեկուցողի ելույթը.

    բ) հարցեր հիմնական զեկուցողին եւ նրա պատասխանները.

    գ) հարակից զեկուցողի ելույթը.

    դ) հարցեր հարակից զեկուցողին եւ նրա պատասխանները.

    ե) մտքերի փոխանակություն.

    զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

    է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

    ը) քվեարկություն:

    (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    5. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

    Եթե Հանրապետության Նախագահը այլ լիազոր ներկայացուցիչ չի նշանակում, ապա սույն օրենքի 73-րդ , 78-րդ , 90-րդ եւ 93-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը: (լր. 30.04.2009 ՀՕ-113)

    5.1. Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ հանդես գալ մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    5.2. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի: (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    6. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրանց եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    7. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

    8. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։

    9. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝

    ա) զեկուցման համար՝ մինչեւ 20 րոպե.

    բ) հարցերի համար՝ մինչեւ երեքական րոպե.

    գ) ելույթների համար՝ մինչեւ 10-ական րոպե.

    դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների եւ եզրափակիչ ելույթների համար՝ մինչեւ 12-ական րոպե.

    ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե։

    (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    10. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

    11. Իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից արված առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչեւ մեկ ժամ ընդմիջում: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    12. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է շրջանառությունից, ընդ որում՝ չորսօրյա նիստերի, ինչպես նաեւ հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից, եթե սույն օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 56. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

    1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ՝ խոսափողից, քվեարկությունից առաջ եւ հետո՝ մինչեւ հերթական հարցի զեկուցումը:

    2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է՝

    ա) հանդես գալ սույն օրենքի 49-րդ հոդվածում (բացառությամբ «ա», «գ», «դ», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժե» եւ «ժզ» ենթակետերի) նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որն անմիջապես դրվում է քվեարկության. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69, 12.04.2011 ՀՕ-70, 13.09.2012 ՀՕ-174)

    բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

    գ) հանդես գալ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնելու մասին առաջարկությամբ եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    դ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

    ե) սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում հանդես գալ առարկությամբ.

    զ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ. (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    է) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ: (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաեւ իր ելույթում:

    Հոդված 57. Հարցեր տալու կարգը

    1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

    2. Էլեկտրոնային համակարգով հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին։

    3. Հարցերը տրվում են խոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

    3.1. Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը եւ նիստը վարողը: (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    4. Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:

    5. Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի եւ զեկուցողի միջեւ սկսվում է բանավեճ:

    6. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

    7. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքի: (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    Հոդված 58. Մտքերի փոխանակության կարգը

    1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝

    ա) պատգամավորների ելույթներ.

    բ) խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթներ:

    2. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները եւ վարչապետը, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում, ինչպես նաեւ Կառավարության անդամները՝ սույն հոդվածի  8-րդ կետով սահմանված կարգով։

    3. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը վարողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

    4. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում, որը ցուցադրվում է լուսատախտակին: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

    5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից:

    6. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարները կամ քարտուղարները նիստը վարողին գրավոր ներկայացնում են տվյալ խմբակցության, պատգամավորական խմբի անունից ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

    7. Խմբակցության եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչների ելույթների համար հայտերը ներկայացվում են մինչեւ Կառավարության անդամների եւ հերթագրված պատգամավորների ելույթների ավարտը: Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի՝ փոքրից մեծ:

    8. Մինչեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթները Կառավարության անդամները՝ վարչապետի ներկայացմամբ, ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք։

    Հոդված 59. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

    1. Հեղինակի (հիմնական զեկուցողի) եւ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

    2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաեւ կրճատվել ելույթի կամ հարց տալու համար սույն օրենքով նախատեսված ժամանակը։

    3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, եւ Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

    Հոդված 60. Օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի եւ հայտարարության ընդունումը (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, ուղերձները եւ հայտարարությունները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ բաց քվեարկությամբ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

    3. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագիծն առաջին, երկրորդ ընթերցումներով կամ որպես օրենք (ցանկացած ընթերցման ժամանակ) ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ Կառավարության լիազոր ներկայացուցիչը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում մինչեւ հաջորդ նիստը՝ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը, եւ սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այդ որոշումը ներկայացվելուց հետո չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում է համապատասխան ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունված:

    4. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

    5. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված եւ սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    6. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում եւ կարգով հրապարակվելուց հետո։ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։

    7. Ուղերձները եւ հայտարարություններն ընդունվում են  Ազգային ժողովի որոշման  ընդունման համար սահմանված կարգով: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 61. Բաց քվեարկության անցկացման կարգը

    1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները, իսկ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաեւ, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։ (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

    3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տեւողությամբ:

    4. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչեւ քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:

    5. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» կամ «ե» ենթակետերով նախատեսված կարգով հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    7. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Եթե պատգամավորի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է: (փոփ. եւ լր. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    8. Պատգամավորի քվեարկությունը՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել: (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    Հոդված 62. Գաղտնի քվեարկության անցկացման կարգը

    1. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը՝ ըստ նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ցուցակի, որն ստանում է Աշխատակազմից:

    2. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի հսկողությամբ՝ նրա սահմանած ձեւով եւ քանակով:

    3. Քվեաթերթիկներում նշվում է քվեարկվող հարցը, կամ այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված եւ ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների անունները, ազգանունները:

    4. Քվեաթերթիկում մեկ թեկնածության կամ հարցի առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» եւ «դեմ» բառերը:

    5. Հարցերի ցանկը կամ թեկնածուների ցուցակը հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ազգային ժողովի նիստը վարողը:

    6. Գաղտնի քվեարկության անցկացման ժամկետը եւ տեղը, ինչպես նաեւ քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է հաշվիչ հանձնաժողովը՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:

    7. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկը հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո:

    8. Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` թողնելով դրանում այն թեկնածուի անունը եւ ազգանունը, որի օգտին նա քվեարկում է, եւ ջնջելով մյուսների անունները, ազգանունները: Մեկ թեկնածուի կամ հարցի դեպքում նա ջնջում է «դեմ» բառը (եթե քվեարկում է թեկնածուի կամ հարցի օգտին) կամ «կողմ» բառը (եթե քվեարկում է դեմ):

    9. Քվեարկության ավարտից հետո՝ 30 րոպեի ընթացքում, հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփը եւ հաշվում ձայները:

    10. Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաեւ այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ, կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ «կողմ» եւ «դեմ» բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ:

    11. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:

    12. Հաշվիչ հանձնաժողովն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման, իսկ ընտրությունների դեպքում՝ թեկնածուի ընտրության մասին:

    ԳԼՈՒԽ 8

    ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

    Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը

    1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    2. Օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը քննարկվում են երկու ընթերցմամբ՝ սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին համապատասխան, եթե  հեղինակի (հիմնական զեկուցողի) եւ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված չէ, որ այդ նախագիծը պետք է քննարկվի երեք ընթերցմամբ: Այդ որոշման նախագիծը ներկայացվում է օրենքի նախագծի առաջին կամ երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսելուց առաջ եւ քվեարկվում է արտահերթ: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 64. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

    1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

    2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է փոփոխության ենթարկել քննարկված օրենքի նախագիծը՝ հանելով հոդված, կամ նախագծերի փաթեթը՝ հանելով օրենքի նախագիծ, բացառությամբ առաջադրվող օրենքի նախագծի, եւ առաջարկել՝

    ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ.

    բ) քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

    3. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ:

    4. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 3-րդ կետի առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա հարցը հանվում է շրջանառությունից: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7 օրվա ընթացքում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին եւ Աշխատակազմ եւ տեղադրվում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում: (լր. 24.12.2004 ՀՕ-69, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 65. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

    1. Չորսօրյա նիստերի օրակարգում գտնվող եւ միմյանց նկատմամբ այլընտրանքային համարված օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար՝ սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը քվեարկության փուլում մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը կարող է հետաձգվել միայն մյուս այլընտրանքային օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների հեղինակների գրավոր համաձայնությամբ՝ միաժամանակ:

    2. Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի այլընտրանքային օրենքի նախագծեր, եւ դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:

    3. Եթե քվեարկության է դրվել երկու օրենքի նախագիծ, եւ դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:

    4. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

    5. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով եւ հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

    6. Առաջին ընթերցմամբ քննարկված եւ Ազգային ժողովի կողմից չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 66. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը

    1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները եւ Կառավարությունը:

    2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստանալուց հետո՝ 14-օրյա ժամկետում, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել կամ մինչեւ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալը օրենքի նախագիծը, նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը չի ընդգրկվել արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգում, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են Աշխատակազմ, որը 24 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է հեղինակին (հիմնական զեկուցողին) եւ գլխադասային հանձնաժողով: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունը ներառում է համապատասխան հոդվածի համարը, առաջարկվող փոփոխությունը եւ (կամ) լրացումը:

    Հոդված 67. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցման

    1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ դրան կցելով սույն օրենքի  66-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաեւ ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների եւ լրացումների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են՝

    ա) առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը.

    բ) հոդվածը, կետը, ենթակետը, որին վերաբերում է առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

    գ) առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

    դ) առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը:

    2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարված փոփոխությունները եւ լրացումները կատարվում են ընդունված նախագծի տեքստից տարբերվող տառատեսակով:

    3. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:

    4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝  14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովն իր եզրակացության եւ ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

    4.1. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    5. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ, եթե Սահմանադրությամբ եւ օրենքով այլ բան նախատեսված չէ: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 68. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների ընդունումն առաջին ընթերցմամբ

    Եթե երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագիծը համալրվել է հոդվածով կամ օրենքի նախագծերի փաթեթը՝ օրենքի նախագծով, կամ նախագծից հանվել է հոդված, կամ նախագծերի փաթեթից՝ նախագիծ, կամ համաձայն գլխադասային հանձնաժողովի եզրակացության ամբողջությամբ փոփոխվել է առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի, օրենքի նախագծի բովանդակությունը, ապա երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսվում է համալրված կամ ամբողջությամբ փոփոխված հոդվածը կամ օրենքի նախագիծը սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

    1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ բացառությամբ՝

    ա) զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների հեղինակները: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝

    ա) ընդունել երկրորդ ընթերցմամբ.

    բ) սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով փոփոխության ենթարկելու նպատակով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

    3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներառել կամ հանել ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները հետեւյալ բացառությամբ՝

    ա) oրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի կարող համալրվել առաջին ընթերցմամբ չընդունված հոդվածով կամ օրենքի նախագծով:

    բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված նոր ամփոփաթերթիկ:

    4. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

    5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 4-րդ կետի համաձայն հեղինակի (հիմնական զեկուցողի) արված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից, կամ, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ, առանց լրացուցիչ քննարկման, սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության են դրվում ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները, բացառությամբ սույն օրենքի  68-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունվածների: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    6. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության ավարտից հետո մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) եւ առաջարկել քվեարկությամբ ընդունված առաջարկություններն օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում ընդգրկելու նպատակով հարցի քննարկումը հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

    7. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ: Եթե քվեարկության արդյունքում այդ առաջարկը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այն չի արվում, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    8. Երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7-օրյա ժամկետում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն եւ մշտական հանձնաժողովներին: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 70. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության կարգը

    1. Այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ ամփոփաթերթիկում առկա է հեղինակի (հիմնական զեկուցողի) դրական եզրակացությունը, չեն քվեարկվում, եթե պատգամավորներից որեւէ մեկը չի առարկում:

    2. Առաջարկությունները քվեարկվում են հետեւյալ հաջորդականությամբ՝

    ա) օրենքի նախագծերի փաթեթից հանել օրենքի նախագիծը.

    բ) օրենքի նախագծերի փաթեթը համալրել օրենքի նախագծով.

    գ) հոդվածն ամբողջությամբ հայտարարել չեղյալ.

    դ) օրենքի նախագիծը համալրել հոդվածով.

    ե) հոդվածը մասամբ հայտարարել չեղյալ.

    զ) տեքստում կատարել փոփոխություն.

    է) տեքստում կատարել լրացում:

    3. Օրենքի նախագծի միեւնույն հոդվածի վերաբերյալ ներկայացված իրարամերժ առաջարկությունները քվեարկվում են մրցակցության սկզբունքով՝ սույն օրենքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով:

    4. Առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:

    5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «բ» եւ «դ» ենթակետերում նշված առաջարկությունները քվեարկության արդյունքում ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դրանք համարվում են առաջին ընթերցմամբ ընդունված:

    Հոդված 71. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման

    1. Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը, հեղինակի (հիմնական զեկուցողի) հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ, որոնք չեն փոխում ընդունված տեքստի իմաստը, եւ ներկայացնել Ազգային ժողովի նախագահին:

    1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:  (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    2. Երրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են՝

    ա) փոփոխվող հոդվածը, կետը, ենթակետը.

    բ) հոդվածի, կետի, ենթակետի նախկին տեքստը.

    գ) հոդվածի, կետի, ենթակետի նոր տեքստը:

    3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

    4. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ, եթե Սահմանադրությամբ եւ օրենքով այլ բան նախատեսված չէ:

    Հոդված 72. Օրենքի նախագծի քննարկումը երրորդ ընթերցմամբ

    1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ քննարկելիս մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ ելույթ են ունենում գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հեղինակը (հիմնական զեկուցողը):

    2. Հեղինակը կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերն ընդունել որպես օրենք: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչեւ 5 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) եւ առաջարկել օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված առաջարկությունների ներկայացման փուլ:

    4. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, եւ հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել 3-րդ կետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել եւ չի ընդունվել, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

    Հոդված 73. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը

    1. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

    2. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով, որը դրա վերաբերյալ իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ:

    3. Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով եւ (կամ) առաջարկություններով վերադարձված օրենքը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

    4. Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի՝ սույն օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

    5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է առաջարկել՝

    ա) ընդունել օրենքը՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի տեսքով.

    բ) օրենքը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

    6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել օրենքը՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքով։

    7. Եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահի եւ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչները, որից հետո քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:

    8. Եթե սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետով, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության դրված հարցերը չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ եւ ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն:

    ԳԼՈՒԽ 9

    ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

    Հոդված 74. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծեր ներկայացնելը եւ հանրաքվե նշանակելը

    1. Սահմանադրության 111-րդ հոդվածին համապատասխան՝ Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով՝ Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ։

    2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը եւ Կառավարությունը:

    3. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    4. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվեն նշանակվում եւ անցկացվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 75. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները

    1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են՝

    ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.

    բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.

    գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։

    2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է՝

    ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.

    բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.

    գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը.

    դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ե) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.

    զ) հանրաքվեով օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ միաժամանակ հանրաքվեի դնելու մասին առաջարկություն կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:

    3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:

    Հոդված 76. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը

    1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է՝

    ա) սույն օրենքի 75-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.

    բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

    2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է՝

    ա) սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.

    բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

    գ) անհրաժեշտության դեպքում՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

    4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով։ Կառավարությունը եւ Աշխատակազմը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝  40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը, կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը։

    Հոդված 77. Հանրաքվեի դրվելիք օրենքների եւ պատգամավորի ներկայացրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման կարգը

    1. Հանրաքվեի դրվելիք օրենքների, պատգամավորի առաջադրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են երեք ընթերցմամբ՝ սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

    ա) Հանրապետության Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը նշված նախագծերի քննարկման ընթացքում իրավունք ունի հանդես գալ որպես հարակից զեկուցող.

    բ) սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի որոշում՝ քննարկված նախագծի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկ անելու մասին.

    գ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) եւ առաջարկել տվյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված՝ առաջարկությունների ներկայացման փուլ.

    դ) եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվել, եւ հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել է, բայց չի ընդունվել, ապա տվյալ նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերից:

    2. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջարկությամբ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ օրենքի ընդունման հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները համապատասխան նախագծերի հետ միասին դրանց ընդունվելուց հետո՝ 7-օրյա ժամկետում, ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե կամ տվյալ նախագիծն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

    3. Հանրապետության Նախագահի կողմից առաջարկություններով կամ առարկություններով վերադարձված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

    Հոդված 78. Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը

    1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, նախագիծն ստանալուց հետո` եռամսյա ժամկետում: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը եւ առաջարկել՝

    ա) Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.

    բ) քննարկված նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության։

    4. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչեւ 3 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե՝ քննարկված եւ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով:

    5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:

    ԳԼՈՒԽ 10

    ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

    Հոդված 79. Պետական բյուջեի նախագծի ներկայացման եւ քննարկման ժամկետները

    1 . Սահմանադրության 76-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով՝ մինչեւ բյուջեի հաստատումը:

    2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը պաշտոնապես նաեւ էլեկտրոնային տարբերակով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը:  (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց, որը ներկայացված բյուջեի նախագծի հետ ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Վերահսկիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ: Ժամանակացույցն ուղարկվում է նաեւ Կառավարություն: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, փոփ.25.03.2015 ՀՕ-17)

    Պետական բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում,  Բյուջետային գրասենյակը պատրաստում եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ
    բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում
    է Ազգային ժողովի նախագահին: (լր. 30.04.2009 ՀՕ-113, փոփ.19.03.2012 ՀՕ-111, փոփ.25.03.2015 ՀՕ-17)

    4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 80. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները եւ ներկայացման կարգը

    1. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաեւ վարչապետի լիազորած անձինք:

    2. Բյուջեի նախագծի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտների մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաեւ վարչապետի լիազորած անձինք: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    3. Բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկությունները պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը եւ մշտական հանձնաժողովներն Աշխատակազմի միջոցով ներկայացնում են Կառավարություն՝ նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել բյուջեի նախագծում:

    4. Կառավարությունը խմբագրված բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որում հետեւյալ հաջորդականությամբ նշվում են՝

    ա) առաջարկության հեղինակը.

    բ) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկությունը.

    գ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

    դ) առաջարկության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

    5. Առաջարկությունները,  որոնց  վերաբերյալ  Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

    Հոդված 81. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

    1. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչեւ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաեւ նախնական քննարկումների արդյունքով նախագծում կատարված փոփոխությունները:

    2. Մինչեւ 30-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

    ա) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    բ) ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը. (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    գ) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը. (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    դ) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

    3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն:

    Հոդված 82. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության անցկացման կարգը

    1. Մտքերի փոխանակությունը կատարվում է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ բացառություններով՝

    ա) ելույթների համար տրվում է մինչեւ 10-ական րոպե.

    բ) մինչեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

    2. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի՝ մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

    3. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը հայտարարում է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով:

    Հոդված 83. Բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման կարգը

    Պատգամավորները, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերն իրենց առաջարկությունները, իսկ մշտական հանձնաժողովները՝ իրենց առաջարկություններն ու եզրակացությունները բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում են Աշխատակազմ, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

    Հոդված 84. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

    1. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը եւ սույն օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է Աշխատակազմ, որն ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

    2. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները:

    3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

    4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝

    ա) խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչները.

    բ) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.

    գ) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

    5. Ելույթներից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

    6. Եթե բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունելու մասին Կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը՝ սույն օրենքի  60-րդ հոդվածի  3-րդ կետով սահմանված կարգով:

    7. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

    8. Բյուջեի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:

    Հոդված 85. Բյուջեի նախագծի կրկնական ներկայացման կարգը եւ ժամկետները

    Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան՝ բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունն Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո` տասն օրվա ընթացքում, որը քվեարկվում եւ հաստատվում է սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով՝ 30 օրվա ընթացքում: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 86. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը

    1. (1-ին կետն ուժը կորցրել է, փոփ. 25.12.2006 ՀՕ-12)

    2. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում (նաեւ էլեկտրոնային տարբերակով) բյուջեի կատարման ընթացքի մասին: (լր.25.03.2015 ՀՕ-17)

    2.1. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը: Հանձնաժողովի նիստում քննարկումներն իրականացվում են հետեւյալ ընթացակարգով.

    ա) հիմնական զեկուցողի ելույթը.

    բ) հարցեր հիմնական զեկուցողին.

    գ) հարակից զեկուցողի ելույթը.

    դ) հարցեր հարակից զեկուցողին.

    ե) մտքերի փոխանակություն:

    Քննարկումներն ավարտվում են հարակից եւ հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով: (լր.15.04.2015 ՀՕ-17)

    3. Մինչեւ Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա բյուջեի հաստատումն Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

    ԳԼՈՒԽ 11

    ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

    Հոդված 87. Տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման ժամկետները

    1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում եւ հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

    2. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես եւ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը եւ ներկայացված հաշվետվության հետ այն ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Կառավարություն, Վերահսկիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ:(փոփ. 25.03.2015 ՀՕ-17)

    4. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: (լր.  30.04.2009 ՀՕ-113, փոփ. 19.03.2012 ՀՕ-111, փոփ.25.03.2015 ՀՕ-17)

    Հոդված 88. Տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

    1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովներում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաեւ Կառավարության անդամները եւ վարչապետի լիազորած անձինք:

    2. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտների մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը եւ վարչապետի լիազորած անձինք: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 89. Տարեկան հաշվետվության քննարկումը

    1. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչեւ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ:

    2. Մինչեւ 30-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

    ա) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    բ) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի տարեկան  ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    գ) ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը. (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    դ) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը. (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    ե) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

    3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն՝ սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով:

    4. Մինչեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթները՝ վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

    5. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է՝

    ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.

    բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

    6. Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:

    7. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման որոշում չի ընդունվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

    8. Եթե սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն է հայտնվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

    ԳԼՈՒԽ 12

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 90. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը

    1. Հանրապետության Նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին։

    2. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով, Կառավարություն եւ ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    3. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի եւ վարչապետի լիազորած անձինք: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    4. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները եւ առաջարկել՝

    ա) ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.

    բ) որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

    6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

    7. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

    Հոդված 91. Պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    1. Պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝  (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    ա) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

    բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ. (փոփ. 24.12.2004 ՀՕ-69)

    գ) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս միայն Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը։

    2. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:  (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 92. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը

    1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Սահմանադրության 81-րդ հոդվածի վերջին մասին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովին ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ քննարկվում եւ ընդունվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. (5-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    6. (6-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    7. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    8. (8-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 93. Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգը (փոփ. 22.02.2007 ՀՕ-124)

    1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

    2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է Սահմանադրությամբ եւ օրենքով: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի կիրառումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք այդ մասին:

    Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը  սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ աննպատակահարմարության մասին:

    (փոփ. 22.02.2007 ՀՕ-124)

    4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման մասին որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը: (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111, փոփ. 22.02.2007 ՀՕ-124)

    5. Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաեւ հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով։

    6. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու վրա: (լր. 22.02.2007 ՀՕ-124)

    7. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին եւ, համաձայն կառավարության տեղեկանքի (տեղեկանքների), համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք  ընդունելու մասին նախագիծը (նախագծերը): (լր. 22.02.2007 ՀՕ-124)

    8. Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը կամ այն միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը, որին միանալու որոշումն ընդունել է Ազգային ժողովը, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում չեղյալ հայտարարելը  հիմնավորող տեղեկանքով:

    Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ կետի կանոնները:

    (լր. 22.02.2007 ՀՕ-124)

    Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման եւ ընդունման կարգը

    1. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:

    2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման եւ ընդունման մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ):

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 95. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման քննարկման կարգը

    1. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, եւ հանդես է գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը: (փոփ. 03.07.2002 ՀՕ-404)

    2. Եզրափակիչ ելույթում, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով, Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է սահմանադրական դատարան, եւ հարցի քննարկումն ընդմիջվում է մինչեւ սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը: (փոփ.03.07.2002 ՀՕ-404)

    3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: (փոփ.03.07.2002 ՀՕ-404)

    4. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ եւ  3-րդ կետերով սահմանված կարգով Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

    5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

    Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

    1. Սահմանադրության 59-րդ հոդվածին համապատասխան՝ Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության ներկայացուցչի՝ մինչեւ 20 րոպե տեւողությամբ զեկուցումով, որից հետո մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: (փոփ.03.07.2002 ՀՕ-404)

    3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

    ԳԼՈՒԽ 13

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 97. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպես նաեւ պաշտոնում նշանակելու մասին առաջարկությունը ներկայացնում է Սահմանադրությամբ եւ օրենքով իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը:

    Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը  պատկանում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին: (փոփ. 28.04.2009 ՀՕ-111)

    Սահմանադրության 83.2-րդ հոդվածի համապատասխան   հեռարձակվող  լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով` օրենքով ստեղծվող անկախ կարգավորող մարմնի անդամների կեսին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը: (փոփ. 08.04.2010 ՀՕ-41)

    Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը  Հանրապետության Նախագահի կողմից։ (փոփ. 07.10.2009 ՀՕ-181)

    Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է  Ազգային ժողովի նախագահին։

    Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով Ազգային ժողովի նախագահը գրավոր դիմում է խմբակցություններին: Խմբակցությունների առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-օրյա ժամկետում  ձեւավորում է մրցութային հանձնաժողով:

    Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իսկ մնացած խմբակցությունների կողմից` չորս թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են  լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, պետական ծառայողները եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։ (փոփ. 08.04.2010 ՀՕ-41)

    Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:

    Մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Ազգային ժողովի նախագահի սահմանած համապատասխան կարգով, իսկ մրցույթի կազմակերպման եւ անցկացման  ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի  որոշումներով։

    Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին, իսկ որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ։

    Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝  «Հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի պահանջների համաձայն։

    Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ՝  ներկայացնելով երկու երաշխավորագիր  զանգվածային լրատվության եւ հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով  գրանցված եւ տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր  կարող է տալ նաեւ  Հանրային խորհուրդը։

    Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝  առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը։

    Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։

    Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մասնակից։

    Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝  թեստավորման եւ հարցազրույցի։

    Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

    Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը` ստուգելու համար մասնակիցների  գիտելիքները՝

    ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

    բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի,

    գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  օրենքի, (փոփ. 08.04.2010 ՀՕ-41)

    դ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի,

    ե) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

    զ) «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ։ (փոփ.08.04.2010 ՀՕ-41)

    Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի։

    Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատասխան։

    Հարցազրույցի փուլին  մասնակցելու իրավունք են ստանում թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։

    Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության եւ արտահայտվելու ազատության կիրառման, ինչպես նաեւ  կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, սոցիալական խմբերին կամ անչափահասներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։

    Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։

    Եթե մրցույթի օրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ 10-օրյա ժամկետում անցկացվում է մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։

    Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հեռուստատեսության եւ ռադիոյի  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 41-րդ հոդվածի կամ  45-րդ  հոդվածով  սահմանված  հիմքերից  որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ  չի պատասխանել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ։

    Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝  նույն օրը։

    Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։

    Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության  հարցը ներկայացվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա  նիստերի օրակարգ։

    Ազգային ժողովում Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության  հարցի քննարկման ժամանակ մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է նիստը նախագահողը, իսկ որպես թեկնածուներ դիտվում են մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցած անձինք:

    Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն։

    Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մասին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը ընտրության հաջորդ օրը հրապարակում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներում։

    Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝  իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։

    Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։

    (լր.  28.04.2009 ՀՕ-111)

    2. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

    ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու, իսկ Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության  հարցի քննարկման ժամանակ` մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ 10 րոպե. (լր. 28.04.2009 ՀՕ-111)

    բ) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս առաջադրված թեկնածուն.

    գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

    3. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 83.3, 83.4 եւ 103-րդ հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ կետով սահմանված կարգով առաջադրում է մեկ թեկնածու: (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    4. Եթե որեւէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:

    5. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, եւ կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:

    5.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    5.2. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    6. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

    ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

    բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

    7. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները կամ պաշտոնատար անձինք: Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ: (լր. 26.02.2007 ՀՕ-111, փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 97.1.  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների ընտրության կարգը

    1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

    2. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների թեկնածուներ են առաջարկվում  պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:

    3. Հանձնաժողովն Ազգային ժողովին առաջարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների մեկական թեկնածու:

    4. Դիմումով հանձնաժողովին կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների մեկական թեկնածու:

    5. Դիմումները հանձնաժողովին են ներկայացվում նրա նախագահի տեղեկացմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

    6. Դիմումին կցվում են թեկնածուի՝

    ա) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

    բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն չունենալու կամ դատվածությունը հանված  կամ մարված լինելու վերաբերյալ տեղեկանքը,

    գ) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

    դ) աշխատանքային կամ մասնագիտական ստաժի վերաբերյալ տեղեկանքը,

    ե) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ նման ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ՝  արական սեռի թեկնածուի դեպքում,

    զ) կենսագրությունը,

    է) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

    ը) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:

    7. Դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

    8. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների թեկնածուներ առաջարկելու մասին հարցերը քննարկվում են հանձնաժողովի դռնփակ նիստում, իսկ քվեարկությունները կատարվում են դռնբաց նիստում:

    9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների ընտրության հարցերն առանց քվեարկության ընդգրկվում են հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում են արտահերթ:

    10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով՝ առանձին, իսկ մյուս անդամների ընտրության հարցերը՝ համատեղ, հետեւյալ տարբերությամբ՝

    ա) մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուի, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ բոլոր թեկնածուների  վերաբերյալ հանձնաժողովի որոշումը.

    բ) մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ նույն տեւողությամբ ելույթով հանդես են գալիս բոլոր թեկնածուները.

    գ) ելույթներից հետո՝ հանձնաժողովի ներկայացուցչին եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուին, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ յուրաքանչյուր թեկնածուի տրվում են հարցեր.

    դ) մտքերի փոխանակություն.

    ե) եզրափակիչ ելույթներով հանդես են գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ բոլոր թեկնածուները եւ հանձնաժողովի ներկայացուցիչը.

    զ) թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

    11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

     12. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ  անդամը չի ընտրվում, ապա այդ պաշտոնի վերաբերյալ հարցի քննարկումը համարվում է ավարտված, որից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:
    (լր. 25.05.2016 ՀՕ-65)

    Հոդված 97.2.  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման կարգը

    1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ  5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

    2. Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

    3. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

    4. Եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն  առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին:  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության  դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

    5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

    6. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

    7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը չի խախտել Սահմանադրության  195-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասի այն պայմանը, որը նշված է եզրակացությունում:

    8. Եթե Ազգային ժողովի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, ապա քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:
    (լր. 25.05.2016 ՀՕ-65)

    Հոդված 98. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու  համար համաձայնություն տալու կարգը  (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    1. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին եւ ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում: (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

    ա) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.

    բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

    գ) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը եւ Գլխավոր դատախազը:

    3. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ (սահմանված կարգով գրանցված չէ), եւ նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

    4. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 99. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

    1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:

    2. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին: Այդ տեղեկանքը ուղարկվում է նաեւ պատգամավորների էլեկտրոնային հասցեներին: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

    ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ չորսօրյա ժամկետում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    ա.1) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    ա.2) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. (լր.  30.04.2009 ՀՕ-113, 08.04.2010 ՀՕ-41)

    բ) բացակայելուց առաջ կամ քվեարկությունից հետո` չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի. (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 15-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)
    դ) սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետով սահմանված կարգով նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ. (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    3.1. Սույն հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    4. Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով:

    7. Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
    (16.04.2013թ.ՍԴՈ-1081)

    Հոդված 99.1. Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

    1. Եթե սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովն ընդունում է պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ եզրակացություն, ապա այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

    2. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

    3. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունում նշված պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում եզրակացության քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

    4. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը:

    5. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը հավանություն տալու մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

    6. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ պատգամավորը չի խախտել Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները:

    7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա այդ որոշման եւ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 100. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը եւ քննարկումը

    1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:

    2. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:

    3. Ազգային ժողովի նիստի քննարկմանը ներկայացվող Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին կցվում է նախնական քննարկումների ընթացքում դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետեւյալ սյունակներից՝

    ա) առաջարկության հեղինակը.

    բ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

    գ) առաջարկության վերաբերյալ Վերահսկիչ պալատի խորհրդի եզրակացությունը:

    4. Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

    5. Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    6. Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին՝ առանց քննարկման:

    7. Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:

    8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում: (փոփ. 25.12.2006 ՀՕ-12)

    Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    1. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եւ Ազգային ժողովում քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:  (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու: (լր. 25.12.2006 ՀՕ-12, փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    4. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման եւ երկու արտահերթ ելույթի իրավունք: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. (5-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 25.12.2006 ՀՕ-12)

    6. (6-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 25.12.2006 ՀՕ-12)

    7. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում եւ եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրել՝

    ա) հանձնաժողովի նիստ.

    բ) հանձնաժողովների համատեղ նիստ՝ համապատասխան ոլորտային հանձնաժողովի հետ: (լր. 25.03.2015 ՀՕ-17)

    8. Հանձնաժողովի կամ հանձնաժողովների համատեղ նիստերում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

    ա) Վերահսկիչ պալատի ներկայացուցչի ելույթը.

    բ) հարցեր Վերահսկիչ պալատի ներկայացուցչին եւ նրա պատասխանները.

    գ) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձի ելույթը.

    դ) հարցեր վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձին եւ նրա պատասխանները:

    Քննարկումներն ավարտվում են մտքերի փոխանակությամբ: (լր. 25.03.2015 ՀՕ-17)

    Հոդված 102. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի ներկայացումը (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա  ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն uտանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

    3. Ազգային ժողովի նիuտում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

    4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության եւ ֆինանuավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է uույն oրենքի 55-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ավարտվում է ֆինանuավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի եւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաuտաթուղթ ընդունելու: (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    (փոփ. 25.12.2006 ՀՕ-38)

    Հոդված 103. Կենտրոնական բանկի  դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելը

    1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:

    2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

    3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

    4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

    ա) ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը. (փոփ. 19.03.2012 ՀՕ-111)

    բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

    5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

    (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 103.1. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը եւ քննարկումը

    1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

    2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն դնում է շրջանառության մեջ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկում Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

    3. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

    1) մինչեւ 1 ժամ տեւողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Գլխավոր դատախազը.

    2) հարակից զեկուցումներ չեն լինում.

    3) հաղորդման քննարկումն ավարտվում է Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով ` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

    (լր. 11.03.2014 ՀՕ-111)
     

    Հոդված 104. Հաշվետվությունների, ծրագրերի եւ հաղորդումների քննարկման կարգը

    1. Օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

    2. Օրենքով նախատեսված դեպքերում որպես օրենք հաստատվող հաշվետվություններն Ազգային ժողովում քննարկվում են մեկ ընթերցմամբ, իսկ ծրագրերը՝ երկու ընթերցմամբ։

    Հոդված 104.1. Ուղերձներ եւ հայտարարություններ ընդունելու կարգը

    1. Սահմանադրության 62-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ:

    2. Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է:

    3. Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը Ազգային ժողովին ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշումների համար սույն օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածներով սահմանված կարգով:

    4. Ազգային ժողովի նախագահի ներկայացրած ուղերձի կամ հայտարարության նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

    5. Ազգային ժողովի ուղերձը կամ հայտարարությունը քննարկվում եւ ընդունվում է սույն օրենքի 55-րդ եւ 60-րդ հոդվածներով սահմանված կարգով:

    (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 104.2. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկումը կազմակերպելու կարգը

    1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ դրա ստացման ժամկետը սպառվել է:

    Oրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն:

    2. Ընդդիմադիր խմբակցությունն արտահերթ չի կարող համարել`

    ա) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը.

    բ) օրենքների նախագծերի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկումները.

    գ) Ազգային ժողովի կողմից նշանակված պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:

    3. Ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերն ընդգրկվում են հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի օրակարգում եւ քննարկվում են այդ նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

    4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերի օրակարգում  կարող է ընդգրկվել եւ քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:

    Մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում նրանց կողմից արտահերթ համարված հարցերի քննարկման համար սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված նիստերը տրամադրելու հաջորդականությունը Ազգային ժողովի նույն գումարման ընթացքում որոշվում է ըստ նրանց անդամների թվաքանակի` մեծաթվից փոքրաթիվ:

    5. Եթե Ազգային ժողովը հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում չի ընդունում, ապա ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է Ազգային ժողովի մեկ նիստում` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ.

    ա) զեկուցումների եւ եզրափակիչ ելույթների համար հատկացվում  է մինչեւ  7-ական րոպե.

    բ) հարցերի եւ դրանց պատասխանների համար հատկացվում է մինչեւ մեկական րոպե.

    գ) հարցերի եւ դրանց պատասխանների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 20 րոպեն.

    դ) ելույթների, այդ թվում` արտահերթ եւ խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթների համար հատկացվում է մինչեւ 3-ական րոպե.

    ե) ելույթների ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն.

    զ) հարցի քննարկման ժամանակ ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ:

    (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    ԳԼՈՒԽ 14

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

    Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

    1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն գրավոր եւ բանավոր հարցերով դիմել Կառավարությանը: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր եւ բանավոր հարցով:

    3. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

    4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին եւ Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

    5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:

    6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետեւում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչեւ երեք րոպե տեւողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչեւ երկու րոպե տեւողությամբ պատասխանով: (փոփ.03.07.2002 ՀՕ-404)

    7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով եւ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

    7.1. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների  3-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: (լր. 23.10.2008 ՀՕ-182)

    8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմել Կառավարություն եւ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:

    9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամն առաջարկում է պատգամավորի հնչեցրած բանավոր հարցին գրավոր պատասխանել, ապա պահպանվում է պատգամավորի` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մեկ բանավոր հարցով դիմելու իրավունքը: (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    Հ ոդված 105.1. Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

    1. Հարցապնդումը Կառավարության իրավասությանը վերապահված որոշակի հարցի վերաբերյալ խմբակցության կամ պատգամավորական խմբի կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցումն է, որը կարող է քննարկվել Ազգային ժողովում, եւ որի վերաբերյալ Ազգային ժողովը կարող է կայացնել որոշում:

    Խմբակցությունը կամ պատգամավորական խումբը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարությանը հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ այն հարցապնդումների, որոնք քննարկելուց  խմբակցությունը կամ պատգամավորական խումբը հրաժարվել է:

    2. Խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իր հարցապնդումը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցապնդմանը կից կարող են ներկայացվել դրան առնչվող տեղեկանքներ, եզրակացություններ, տեղեկատվական ու վերլուծական այլ նյութեր:

    3. Հարցապնդումը ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, Կառավարությունը գրավոր պատասխանում է հարցապնդման հեղինակ խմբակցությանը կամ պատգամավորական խմբին: Հարցապնդումները, ըստ դրանց պատասխանների ստացման հաջորդականության, ընդգրկվում են հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում, եթե հարցապնդման հեղինակ խմբակցությունը կամ պատգամավորական խումբը չի հրաժարվում իր հարցապնդումը քննարկելուց: Օրակարգում ընդգրկված հարցապնդումները քննարկվում են հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում: Հարցապնդումների քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի թվաքանակի` փոքրից մեծ:

    4. Հարցապնդումների քննարկումն սկսվում է հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցչի եւ վարչապետի կամ նրա հանձնարարությամբ` Կառավարության համապատասխան անդամի կամ Կառավարությանը ենթակա պետական կառավարման մարմնի ղեկավարի մինչեւ 5-ական րոպե տեւողությամբ ելույթներով, որից հետո նրանք նույն հերթականությամբ կարող են հանդես գալ մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով:

    5. Հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում կարող է առաջարկել ընդունել հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին որոշում, որը քվեարկության է դրվում հարցապնդման քննարկման վերջում:

    6.  Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է միեւնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել չորս ամիս հետո:

    7. Ազգային ժողովի նախագահը հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան մարմնին եւ (կամ) պաշտոնատար անձին, որոնք իրենց գրավոր պատասխաններն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում մինչեւ առաջիկա չորսօրյա նիստերի սկիզբը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ  սահմանված չէ:

    Գրավոր պատասխանները` ըստ դրանց ստացման հաջորդականության, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցվում են հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա առաջին նիստի սկզբում:

    8. Հարցապնդումները եւ դրանց պատասխանները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

    (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 105.2. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքների նախագծերը

    1. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ներկայացվել է առաջիկա չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ, ապա՝

    ա) Աշխատակազմը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է ոչ ուշ, քան առաջիկա  չորսօրյա նիստերից 2 օր առաջ,

    բ) գլխադասային հանձնաժողովը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի  «բ» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է ոչ ուշ, քան առաջիկա  չորսօրյա նիստերից  2 ժամ առաջ,

    գ) նախագիծը կամ նախագծերի փաթեթն առանց քվերակության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում եւ առաջին ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:

    2. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ներկայացվել է առաջիկա չորսօրյա նիստերից մինչեւ 4 օր առաջ, ապա՝

    ա) Աշխատակազմը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է 14-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա  չորսօրյա նիստերին հաջորդող չորսօրյա նիստերից 2 օր առաջ,

    բ) գլխադասային հանձնաժողովը սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված իր եզրակացությունը ներկայացնում է 20-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա  չորսօրյա նիստերին հաջորդող չորսօրյա նիստերից 2 ժամ առաջ,

    գ) նախագիծը կամ նախագծերի փաթեթն առանց քվերակության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերին հաջորդող չորսօրյա նիստերի օրակարգում եւ առաջին ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:

    3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր եզրակացությունը գլխադասային հանձնաժողովը կարող է ներկայացնել նաեւ մինչեւ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով , սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով կամ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Աշխատակազմի եզրակացությունը ստանալը կամ դրա ստացման ժամկետը սպառվելը:

    4. Սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններն Աշխատակազմ են ներկայացվում օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում:

    5. Կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողով է ներկայացնում առաջարկությունների ներկայացման համար սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, իսկ գլխադասային հանձնաժողովն իր եզրակացությունը, ինչպես նաեւ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ ամփոփաթերթիկի վերջնական տարբերակն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Կառավարության ներկայացրած փաստաթղթերն ստանալուց հետո՝ 3-օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 2 ժամ առաջ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

    6. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, ապա սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով երրորդ ընթերցման է ներկայացվում  երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

    7. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում է առանց քվեարկության եւ համապատասխան ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:

    8. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի համարվում անհետաձգելի, եթե՝

    ա) Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը բացակայում է,  եւ նրա փոխարեն հիմնական զեկուցմամբ հանդես չի գալիս Կառավարության այլ լիազոր ներկայացուցիչ.

    բ) Կառավարությունը սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում  համապատասխան փաստաթղթերը գլխադասային հանձնաժողով չի ներկայացնում.

    գ) սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցման չի ներկայացվում.

    դ) Կառավարության առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման կամ սույն հոդվածով նախատեսված ժամկետները երկարաձգվում են Սահմանադրության 74.1-ին հոդվածի «ա» կետով նախատեսված ժամկետը գերազանցող ժամկետով:

    9. Սահմանադրության 74.1-ին հոդված ի «ա» կետով նախատեսված ժամկետը չի համարվում սպառված, եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, երկրորդ  կամ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք, շրջանառության մեջ դրվելուց հետո՝

    ա) հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում, եթե այդ նստաշրջանի ավարտին մնացել է ոչ պակաս, քան երեք ամիս.

    բ) միմյանց հաջորդող երկու հերթական նստաշրջանների երեք ամսվա ընթացքում, եթե առաջին նստաշրջանի ավարտին մնացել է երեք ամսից պակաս:

    10. Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է Սահմանադրության 74.1 հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքով արձակել Ազգային ժողովը սույն հոդվածի 9-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունում է Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը:

    11. Եթե սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված ժամկետները լրանում են մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետները համարվում են սպառված` առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

    (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    Հոդված 106. Կառավարության ծրագրի ներկայացումը

    1. Կառավարությունն իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը:

    2. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ` Կառավարության ծրագիրն ստանալուց հետո` 48 ժամվա ընթացքում:

    3. Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչեւ մեկ ժամ:

    4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում մտքերի փոխանակություն: Մտքերի փոխանակությունից հետո վարչապետը կարող է հանդես գալ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ եզրափակիչ ելույթով:

    5. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը դրվում է քվեարկության այն ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում:

    Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    6. Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն չտալու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 107. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը

    1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել՝

    ա) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ , 84-րդ , 89-րդ հոդվածների 6-րդ կետերով նախատեսված դեպքերում Կառավարության վստահության հարցը դրվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    ա.1)  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից. (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    բ) Հանրապետության Նախագահի կողմից: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    1.1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Սույն հոդվածի 1-ին կետի  «ա» կամ «ա.1» ենթակետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթն ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձեւաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում եւ անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա`

    ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը.

    բ) սույն հոդվածի 1-ին կետի «ա.1» ենթակետում նշված դեպքում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

    (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

    ա) մինչեւ 30 րոպե տեւողությամբ զեկուցումով հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ հարցը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տեւողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը. (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    բ) մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ հարցը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչը եւ վարչապետը, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    4. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:  (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: (փոփ. 03.07.2002 ՀՕ-404)

    6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

    Հոդված 108. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման սահմանումը (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    1. Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111)

    2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջադրվում, շրջանառության մեջ է դրվում եւ հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 50-րդ , 51-րդ եւ 54-րդ հոդվածներով սահմանված կարգով:

    3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ՝ սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով:

    Հոդված 109. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Կառավարության հաշվետվությունը

    1. Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը։

    2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Վերահսկիչ պալատ:

    3. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 40 րոպե:

    4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝

    ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

    բ) տնտեսական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը: (փոփ. 26.02.2007 ՀՕ-111, 19.03.2012 ՀՕ-111)

    5. Հաշվետվությունը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով եւ 104-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: (փոփ.03.07.2002 ՀՕ-404)

    ԳԼՈՒԽ 15

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    Հոդված 110. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

    1. Հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ , 79-րդ հոդվածի 3-րդ , 87-րդ հոդվածի 3-րդ , 112-րդ հոդվածի 4-րդ եւ 113-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են, որպես կանոն, ուրբաթ օրը՝ ժամը 17.30-ին հրավիրվող Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները կամ քարտուղարները, Հանրապետության Նախագահի եւ վարչապետի լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք: (փոփ. եւ լր. 26.02.2007 ՀՕ-111, լր.  30.04.2009 ՀՕ-113)

    2. Աշխատանքային խորհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

    3. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները՝ Ազգային ժողովի նախագահը հաստատում է հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու մասին եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը եւ դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:

    Հոդված 110.1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված  դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը

    1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:

    2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթն ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձեւաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դատարան, որից հետո ձեւաթուղթը փոփոխման  ենթակա  չէ:

    (լր. 26.02.2007 ՀՕ-111)

    Հոդված 111. Աշխատակազմի գործունեությունը

    Ազգային ժողովի նորմատիվ, փորձագիտական, իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով եւ գործում է օրենքների եւ իր կանոնադրության հիման վրա: (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    Աշխատակազմը Ազգային ժողովի նստավայրում Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչին ապահովում է կահավորված եւ կապի միջոցներով հագեցված աշխատասենյակով: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

    1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

    2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

    Հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռարձակումը սկսվում է այդ մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` 1 ժամվա ընթացքում:

    Ազգային ժողովի դռնբաց նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում: Առցանց հեռարձակումն իրականացնում է Աշխատակազմը:

    (փոփ. 30.04.2009 ՀՕ-113, լր. 12.04.2011 ՀՕ-70)

    2.1. Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռուստա(ռադիո)-հեռարձակումը, ինչպես նաեւ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ սույն հոդվածի 4-րդ կետերով նախատեսված դեպքերում տեսագրությամբ հեռարձակումն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, պետական գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցույթը հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն): Մրցույթի պայմանները, այդ թվում` հեռարձակման ժամերին, եւ սփռման տարածքին ներկայացվող պահանջները  սահմանվում են  Ազգային ժողովի նախագահի կողմից: (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    3. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը՝

    ա) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունը.

    բ) իրականացնում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությունը. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    գ) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ գործուղման մեկնած պատգամավորների ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ. (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    գ.1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության եւ անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում. (լր. 24.12.2004 ՀՕ-69)

    դ) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:

    4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միեւնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին` ըստ այբբենական հերթականության (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի.2» ենթակետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը: (փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    5. (5-րդ կետն ուժը կորցրել է, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    5.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունները (ձայնագրությունները) իրականացնում է սույն հոդվածի  2.1-րդ կետով նախատեսված հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը, ռադիոընկերությունը): (լր.  30.04.2009 ՀՕ-113)

    6. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները եւ հանձնաժողովների նախագահները։

    Հոդված 113. Միջխորհրդարանական կապերը

    1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության եւ համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության եւ այլ հարաբերություններ:

    2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձեւակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով եւ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:

    3. Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, պատգամավորական եւ բարեկամական խմբերը, մշտական հանձնաժողովները: (լր. 26.02.2007 ՀՕ-111, փոփ. 30.04.2009 ՀՕ-113)

    4. Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովում եւ մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին: (լր. 19.03.2012 ՀՕ-111)

    5. Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը:

    Ազգային ժողովի կողմից այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորները եւ պատվիրակությունները պարտավոր են վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում, սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով նախատեսված կարգով հանդես գալ ճեպազրույցով կամ մամուլի ասուլիսով: (լր. 30.04.2009 ՀՕ-113)

    6. Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմատիվներին համապատասխան: Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կարող են հատուցվել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` տվյալ տարվա պետական բյուջեով Ազգային ժողովի պահպանման ծախսերում այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում: (լր. 12.04.2011 ՀՕ-70)

    ԳԼՈՒԽ 16

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 114. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

    2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ իր փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:
     

    Հավելված 1
    «Ազգային ժողովի կանոնակարգ »
    Հայաստանի Հանրապետության օրենքի
    ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

    ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

    (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ)

    ԳԼՈՒԽ  1

     ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Սույն հավելվածով սահմանվում են փորձագետների աշխատանքային խմբի (Բյուջետային գրասենյակի)՝ «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Ազգային ժողովի կանոնակարգ)  23-րդ հոդվածով սահմանված գործունեության նպատակի եւ գործառույթների իրականացման կազմակերպումը, դրանց կատարման ժամկետները, գործավարությունը եւ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ու Ազգային ժողովի աշխատակազմի հետ փոխգործակցության կարգը եւ պայմանները:

    2. Բյուջետային  գրասենյակն  Ազգային  ժողովի  կանոնակարգի 23-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված գործառույթների շրջանակներում` Ազգային ժողովի կանոնակարգով եւ սույն  հավելվածով սահմանված դեպքերում եւ ընթացակարգերով, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

    3.  Բյուջետային գրասենյակն իր գործառույթներն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերից եւ տեղեկատվությունից:

    4. Բյուջետային գրասենյակն օժտված է գործառութային ինքնավարությամբ: Բյուջետային գրասենյակն իր գործունեությունն իրականացնում է իրեն վերաբերելի իրավական ակտերին համապատասխան:

    5. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը եւ մշտադիտարկումը, այդ թվում` ներքին աշխատակարգի սահմանումը, իրականացնում է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովը:

    6. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը եւ վերահսկումն իրականացնում է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը, որը պատասխանատու է Բյուջետային գրասենյակի գործառույթների պատշաճ իրականացման համար:

    7. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը եւ մյուս փորձագետներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի աշխատակազմի եւ իրենց միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերի պայմաններին համապատասխան:

    8. Սույն հավելվածով սահմանված ժամկետներում պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի հարցումների հիման վրա տեղեկանքներ, նկարագրեր, տեղեկատվություն կամ աջակցություն անհարգելի պատճառով չտրամադրելը, չցուցաբերելը, ուշացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ լրիվ տրամադրելը հիմք է կարգազանց փորձագետին աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

    9. Բյուջետային գրասենյակի աշխատանքային պայմանները, նյութական, տեխնիկական, գործավարական, կազմակերպական, տեղեկատվական, ծրագրային  անհրաժեշտ աջակցությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:

    10. Բյուջետային գրասենյակի պաշտոնական լրիվ անվանումն է փորձագետների աշխատանքային խումբ, իսկ կրճատ` Բյուջետային գրասենյակ:

    11. Բյուջետային գրասենյակն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում ունի իր ինտերնետային էջը:

    12. Բյուջետային գրասենյակի գտնվելու վայրը՝ քաղաք Երեւան, Մարշալ Բաղրամյան պողոտա 19:

    ԳԼՈՒԽ  2

     ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

    13. «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված Բյուջետային գրասենյակի լիազորություններն իրականացնում է համակարգող փորձագետը կամ նրան փոխարինող փորձագետը:

    14. Բյուջետային  գրասենյակն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով  է ներկայացնում՝

    1) պետական բյուջեի նախագծի եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը.

    2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

    15. Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին`

    1) տրամադրում է՝

    ա. տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ (կամ) այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

    բ. պետական բյուջեի նախագծի  ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

    գ. տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,

    դ. տեղեկանքներ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ,

    ե. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

    զ. տեղեկանքներ Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների վերաբերյալ,

    է. տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

    ը. այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ.

    2) աջակցում է՝

    ա. պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձեւակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ,

    բ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպման գործում:

    16. Բյուջետային գրասենյակը պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ:

    17. Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

    18. Բյուջետային գրասենյակը պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով  իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ  պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների եւ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում`  տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով:

    19. Բյուջետային գրասենյակի փորձագետները կարող են ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եւ պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կամ նրանց համատեղ նիստերին:

    ԳԼՈՒԽ 3

     ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

    20. Բյուջետային գրասենյակը սույն  հավելվածի 14-րդ կետում նշված  գործառույթներն իրականացնում է ինքնաշխատ` հետեւյալ ժամկետներում`

    1) սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամփոփ նկարագրերը պատրաստվում եւ ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

    2) սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ամփոփ նկարագիրը` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքն ստանալուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

    21. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 15-րդ կետում նշված գործառույթներն իր մոտ առկա տեղեկատվության շրջանակներում իրականացնում է պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի գրավոր հարցման առկայության դեպքում` հետեւյալ ժամկետներում`

    1) սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա », «բ », «գ », «դ », «ե », «զ », «է », «ը » պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են համապատասխան  հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում.

    2) սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «ա », «բ » պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

    22. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն                 10 փորձագետի գրավոր հայտերի եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի:

    23. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

    24. Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`

    1) հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը եւ պատգամավորական մանդատի համարը.

    2) պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է).

    3) հարցման բովանդակությունը (առարկան).

    4) հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

    5) հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը.

    6) հարցումը հանձնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը:

    25. Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

    26. Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով:

    27. Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի                 21-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում,  եթե հարցումը ներկայացնողը մինչեւ իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:

    28. Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

    29. Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը եւ դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:

    30. Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել եւ (կամ) հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին,  ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`

    1) հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ

    2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:

    31. Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են`

    1) մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.

    2)  Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը.

    3) պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը.

    4) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.

    5) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:

    32. Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ)  բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում:

    ԳԼՈՒԽ 4

     ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

    33. Բյուջետային գրասենյակում ներքին գործավարությունը կազմակերպվում եւ իրականացվում է Ազգային ժողովում սահմանված գաղտնի եւ ոչ գաղտնի գործավարության, այդ թվում` էլեկտրոնային, կարգին համապատասխան:

    34. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարության կազմակերպման պատասխանատուն Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն է:

    35. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարությունն իրականացվում է Բյուջետային գրասենյակի ներքին աշխատակարգի համաձայն:

    36. Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:

    37. Բյուջետային գրասենյակի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից եւ կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ պատգամավորին  ուղարկված կամ վերադարձված գրությունները եւ դրանց կից փաստաթղթերը հաշվառվում եւ պահվում են Բյուջետային գրասենյակում:

    38. Բյուջետային գրասենյակն ունի իր անվանմամբ ձեւաթղթեր եւ անհատականացման այլ միջոցներ:

     (Հավելվածը լրաց 15.04.2015 ՀՕ-17)

    Հավելված 2
    «Ազգային ժողովի կանոնակարգ »
    Հայաստանի Հանրապետության օրենքի

     

    ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԻ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

    ԳԼՈՒԽ  1

     ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը եւ մյուս  փորձագետներն աշխատանքի են ընդունվում սույն հավելվածով սահմանված կարգով՝ 5 տարի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրով:

    2. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքային հարաբերությունները  կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորող նրանց վերաբերելի այլ իրավական ակտերով:

    3. Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովում քննարկելու արդյունքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով, հանձնաժողովի որոշման հիման վրա հանձնաժողովի նախագահը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` միջնորդությունում նշված Բյուջետային գրասենյակի փորձագետի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ նրա նկատմամբ համապատասխան աշխատանքային կարգապահական տույժ կիրառելու մասին: Ազգային ժողովի նախագահը բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում հանձնարարում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված  կարգով միակողմանի լուծել աշխատակազմի եւ տվյալ փորձագետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ նրա նկատմամբ կիրառել համապատասխան աշխատանքային կարգապահական տույժ:

    4. Բյուջետային գրասենյակի փորձագետների հաստիքները ներառվում են Ազգային  ժողովի աշխատակազմի հաստիքացուցակում:

    5. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոնի նկարագիրը Բյուջետային գրասենյակի փորձագետի համար «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Ազգային ժողովի որոշումներով, Ազգային ժողովի նախագահի որոշումներով եւ կարգադրություններով նախատեսված պաշտոնեական իրավունքները, պարտականությունները նկարագրող, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի, որակավորման եւ փորձի չափանիշները սահմանող փաստաթուղթ է: Փորձագետի պաշտոնի նկարագիրը հանդիսանում է նրա հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մաս:

    6. Բյուջետային գրասենյակի փորձագետների պաշտոնների նկարագրերը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

    7. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքային գործունեության ընթացքն արտացոլվում է նրանց անձնական գործերում, որոնք վարում է Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:

    ԳԼՈՒԽ 2

     ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    8. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հավելվածով եւ տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

    9. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար համապատասխան պաշտոնի հավակնորդին մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների տիրապետման, աշխատանքային ստաժի եւ փորձի տեսանկյունից, ի թիվս սույն հավելվածի եւ տվյալ պաշտոնի նկարագրի պահանջների, ներկայացվող պահանջներն են`

    1) բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի համար՝

    ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

    բ. 7 (յոթ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

    գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,

    դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.

    2)  փորձագետների համար՝

    ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

    բ. 5 (հինգ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

    գ. ծրագրային բյուջետավորման իմացություն,

    դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

    10. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

    1)   դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը Բյուջետային գրասենյակում պաշտոնի   նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը նույնական է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հանրային ծառայության  պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին.

    3) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

    4) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

    5) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
     
     

    ԳԼՈՒԽ 3

     ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ

    11. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Բյուջետային գրասենյակի համակարգող  փորձագետի եւ մյուս փորձագետների թափուր պաշտոններն զբաղեցվում են  մրցութային կարգով քննություններ հանձնելու արդյունքներով:

     12. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում եւ անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով՝ հիմք ընդունելով uույն հավելվածով uահմանված իրավակարգավորումները:

    13. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում իրենց ցանկությամբ ընդգրկվում են նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ:

    14.  Բյուջետային գրասենյակի փորձագետի  թափուր պաշտոն առաջանալու դեպքում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:

    15. Մրցույթի թեստերի եւ հարցազրույցի հարցաշարերը, ներառյալ՝ ենթադրյալ եւ ճիշտ պատասխանները, կազմում է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը:

    ԳԼՈՒԽ 4

      ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

    16. Բյուջետային  գրասենյակի համակարգող փորձագետը վարձատրվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով, իսկ փորձագետը` վեցապատիկի չափով:
    ( Հավելվածը լրաց. 15.04.2015 ՀՕ-17)




    03.07.2002 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    24.12.2004 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    25.12.2006 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    25.12.2006 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    22.02.2007 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    26.02.2007 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    26.05.2008 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    23.10.2008 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    27.11.2008 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    02.12.2008 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    28.04.2009 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    30.04.2009 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    07.10.2009 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    08.04.2010 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    18.05.2010 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    07.12.2010 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    12.04.2011 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    19.03.2012 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    21.03.2012 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    13.09.2012 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    19.12.2012 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    11.03.2014 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    25.03.2015 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    16.03.2016 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    25.05.2016 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին