Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2010

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 215-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաեւ զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս» բառերը փոխարինել «, երկակի նշանակության ապրանքների» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 240.1-րդ հոդվածով.

«Հոդված 240.1. Երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը

1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը`

պատժվում է  ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին  մասում նշված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է պաշտոնական դիրքը չարաշահելով,

3) առաջացրել է ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.04.2010
ՀՕ-43