Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.04.2008

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման  մասին» Հայաստանի Հանրապետության  1996 թվականի փետրվարի 19-ի ՀO-33  օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  1. Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «հանրապետական» բառը փոխարինել «պետական» բառով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահի սպասարկումը եւ անվտանգության ապահովումը պաշտոնաթողությունից հետո

Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:

Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի  80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչեւ 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, եւ յուրաքանչյուրը մինչեւ 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական հատուկ պետական պահպանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնի ղեկավարին:»:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող  տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.05.2008
ՀՕ-39