ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.12.2007

Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման (այսուհետ` ծառայությունների մատուցում) համար գանձվող սակագների սահմանման սկզբունքները, ինչպես նաեւ դրանց սահմանումն ու վերանայումը։

Հոդված 2. Ծառայությունների մատուցման սակագների ձեւավորման սկզբունքները

1. Ծառայությունների մատուցման սակագները (այսուհետ` սակագներ) սահմանում եւ վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

2. Սակագների  ձեւավորման սկզբունքներն են՝

1) միանմանությունն ու   միասնականությունը բոլոր ծառայություն մատուցողների համար  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.

2) ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների եւ նյութական ակտիվների մաշվածության փոխհատուցման ապահովումը.

3) մատչելիությունը՝  տվյալ  ծառայության բոլոր սպառողների համար.

4) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

5) մատուցվող  ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը.

6) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

7) տրանսպորտային միջոցների տեսակներով ու առանձնահատկություններով պայմանավորված  սակագների տարբերակումը:

Հոդված 3. Սակագների սահմանումը եւ կիրառումը

1. Սակագների սահմանման եւ վերանայման կարգը, այդ առնչությամբ ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Հանձնաժողովը սակագները սահմանում է լիազոր մարմնի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս լինել չի կարող, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայությունների մատուցման երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտվել ինչպես որոշակի թվային արժեքով, այնպես էլ հաշվարկվել  որոշակի մեծություններից կախված բանաձեւով:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ծառայություններ մատուցողների պահանջով` լիազոր մարմնի առաջարկությամբ, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) եւ որոշում է կայացնում լիազոր մարմնի կողմից վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

6. Լիազոր մարմին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Հանձնաժողովը ծառայություններ մատուցողների համար սահմանում է Հայաստանի Հանրապետության  օրենքներին, ազգային հաշվային պլանին եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ:

7. Ծառայություններ մատուցողները սակագների սահմանման եւ վերանայման հետ կապված իրենց ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները եւ այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում են լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ձեւերով եւ ցանկով:

8. Ներկայացված հաշվետվությունների եւ տեղեկությունների հավաստիության ճշգրտման նպատակով լիազոր մարմինն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:

9. Հիմք ընդունելով սույն  օրենքի 2-րդ հոդվածը` Հանձնաժողովը հաստատում  է սակագները եւ դրանց  հաշվարկման անհրաժեշտ մեթոդիկաները:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.12.2007
ՀՕ-298