Russian    
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.02.2007
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-185) 7-րդ   հոդվածում`

ա)   «գ»-«ե»  կետերը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ՝

«գ) համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ   հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի  իրացման թույլտվության համար.

դ) համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության համար.

ե) համայնքի տարածքում՝ առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին)  եւ խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.».

բ)  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ»  կետով`

«ժ) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության  համար»:

Հոդված 2. Օրենքի  10-րդ  հոդվածում`

ա)  4-րդ  մասի առաջին նախադասությունում «վաճառքի» բառից հետո լրացնել «, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի  իրացման» բառերով.

բ) 4-րդ  մասի «ա»  եւ «բ» կետերը  «վաճառքի»  բառից հետո լրացնել «(իրացման)» բառով.

գ) 5-րդ  եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Համայնքի տարածքում՝

ա) բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության համար  տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝  350 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության    համար    տեղական    տուրքը   ընթացիկ  տարվա  համար  սահմանվում է 150 000-200 000 դրամ:

6. Համայնքի տարածքում՝ առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

ա) առեւտրի  օբյեկտների  համար՝   25 000-50 000 դրամ.

բ) հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների   համար՝   50 000-100 000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար՝   200 000-500 000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար՝   500 000-1 000 000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման  համար՝  250 000-500 000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝   100 000-150 000 դրամ:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31.03.2007
ՀՕ-133