ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.02.2007

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի միջեւ կնքված համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) եւ Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ՝ կապալառու) միջեւ կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների (այսուհետ՝ ծրագիր) նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման եւ դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ծախսված միջոցների հաշվին`

1) կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմիցծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար ավելացված արժեքի հարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.

2) կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմիցծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից:

Սույն հոդվածով սահմանված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր եւ այլն), ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հաստատած կարգին համապատասխան` պատվիրատուի կողմից տրված տեղեկանքը:

Հոդված 3. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում կապալառուի կողմից պատվիրատուին մատակարարվող ապրանքների, կատարված աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների գծով հարկային հաշիվ չի լրացվում (լրացվում է սահմանված կարգի համաձայն` այլ հաշվարկային եւ վճարային փաստաթղթեր):

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա: Այդ կազմակերպությունների կողմից կապալառուին ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված եւ չվճարված հարկային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, ինչպես նաեւ դրանց գծով տույժերը եւ տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:

Հոդված 6. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.03.2007
ՀՕ-87