Armenian   Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 201-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 201. Օտարերկրացիների, հրավիրողների եւ գործատուների՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկության կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Գործատուների (իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց գործադիր տնօրենների) կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2007
ՀՕ-48