Քրեակատարողական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2006

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 24-26-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Տուգանքի կատարումը

1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

2. Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ եւ ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:

Հոդված 25. Տուգանքը վճարելու անհնարինությունը եւ դրա հետեւանքները

1. Դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, եւ պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:

Հոդված 26. Տուգանքը չվճարելը եւ դրա հետեւանքները

1. Տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով:

2. Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:»:

Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքների փաստացի ներգրավվելու պահից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատապարտյալի` ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված հանրային աշխատանքների ձեւով պատժի կատարումը ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով կասեցվում է:»:

Հոդված 4. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Երկարատեւ տեսակցություն տրամադրվում է նաեւ դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.12.2006
ՀՕ-182