Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2006

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով  արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամները:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.

«Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության կամ դատախազությունում ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասը «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ` բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրվանից։
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26.10.2006
ՀՕ-168