Օրենքը չի գործում:
Գործում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2006


ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

Սույն օրենքի նպատակը գույքի եւ եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարագիր ներկայացնողների (այսուհետ՝ հայտարարատու) գույքի եւ եկամուտների հայտարարագրման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն է:

Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող  գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաեւ պատասխանատվությունն օրենքի խախտումների համար:

Հոդված 2. Հայտարարագրման իրավական կարգավորումը

1. Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ  2

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Հոդված 3. Հայտարարագրի հասկացությունը

1. Սույն օրենքով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) հայտարարատուի գրավոր հայտարարությունն է՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի,  եկամուտների եւ դրանց ստացման աղբյուրների, հարկային արտոնությունների եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու եւ վճարելու մասին:

2. Հայտարարագրի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

3. Հայտարարագիրը կարող է ունենալ հավելված: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տարեկան եկամուտների մասին հաշվարկը սույն օրենքով սահմանված հայտարարագրի հավելվածն է, որը «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացնում են տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձինք:

4. Բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքի, հայտարարագիրը ներկայացվում է հարկային տարվա համար, որն ընդգրկում է հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածը:

Հոդված 4. Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջները

1. Հայտարարագիրը հայտարարատու ֆիզիկական անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի կողմից լրացվում է գրիչով կամ մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով:

2. Հայտարարատուն ստորագրում է հայտարարագրի բոլոր էջերը:

3. Հայտարարատուի կողմից կատարված ուղղումները հավաստվում են վերջինիս ստորագրությամբ:

4. Հայտարարագրի լրացման ենթակա տվյալները հայտարարատուն պետք է լրացնի ամբողջությամբ, եթե այլ բան նախատեսված չէ կառավարության կողմից:

5. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականատերերի համաձայնությամբ, հայտարարագրում է սեփականատերերից մեկը: Ընդհանուր համատեղ սեփականատերերից յուրաքանչյուրը հայտարարագրում արտացոլում է եկամտի այն մասը, որը փաստացի ստացել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից կամ օգտագործումից (այդ թվում՝ որպես արտադրության միջոց օգտագործումից):

6. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասի չափով:

7. Հայտարարատուն հայտարարագրում է իրեն եւ իր խնամարկյալին սեփականության (այդ թվում՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող (այսուհետ՝ սեփականության իրավունքով պատկանող) գույքը եւ եկամուտները:

8. Արտարժույթով արտահայտված գումարը հայտարարատուն հայտարարագրում արտացոլում է արտարժույթի անվանական արժեքով:

9. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ բնամթերքով պահանջի իրավունքն արտացոլվում է կառավարության սահմանած կարգով:

10. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ունեցած գույքը եւ (կամ) ստացած եկամուտը:

11. Ոչ ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում ունեցած գույքը եւ (կամ) hայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտը:

12. Սույն հոդվածի հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման եւ պահպանման համար նախատեսված այն տարածքների, շինությունների, գույքի եւ այլ գույքային իրավունքների վրա, որոնք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին:

ԳԼՈՒԽ  3

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Հոդված 5. Հայտարարատուն

1. Սույն օրենքի համաձայն` հայտարարատու է համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ (կամ) Հայաստանի Հանրապետության  տարածքից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք եւ (կամ) եկամուտ ունենալու դեպքում:

Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը, եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.

2) ոչ ռեզիդենտը՝ Հայաստանի Հանապետությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք ունենալու եւ (կամ) եկամուտ ստանալու դեպքում: Ընդ որում, սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է հանդիսանում սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձը:

2. Անկախ սույն օրենքի 9-րդ հոդվածի դրույթներից՝ հայտարարագիր են ներկայացնում`

1) քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, պետական (քաղաքացիական ծառայություն, դատական ծառայություն, հատուկ ծառայություններ, ինչպես նաեւ դիվանագիտական եւ օրենքով նախատեսված այլ ծառայություններ) եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մեջ գնտվող անձինք.

2) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:

3. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) հարկային մարմին:

Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը

Հայտարարագրման ենթակա է հայտարարատուին սեփականության  իրավունքով պատկանող հետեւյալ գույքը՝

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու: Ընդ որում, քառասուն միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող բնակելի նշանակության (բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, բնակելի տունը եւ նրան կից տնտեսական շինությունները՝ անասնաշենք, հացատուն, ամառային խոհանոց, մարագ) շինությունները հայտարարագրվում են պարտադիր, իսկ քառասուն միլիոն դրամից պակաս արժեք ունեցող բնակելի նշանակության շինությունները՝ հայտարարատուի հայեցողությամբ.

2) շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) դրամական միջոցը, բանկերում եւ (կամ) վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվների, այդ թվում՝ ավանդների գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).

4) արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) եւ (կամ) այլ ներդրումը (բաժնեմասը, փայաբաժինը եւ այլն).

5) թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորը.

6) պահանջի իրավունքը.

7) սույն հոդվածի 1-6-րդ կետերում չնշված այն գույքը, որի օտարումը հայտարարատուին կարող է ապահովել վեց միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի եկամուտ: Նշված գույքը հայտարարագրվում է հայտարարատուի հայեցողությամբ:

Հոդված 7. Հայտարարագրման ենթակա եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները

1. Հայտարարատուն սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հայտարարագրում է հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները:

Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է հանդիսանում այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը եւ (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում հայտարարատուն եկամուտները հայտարարագրում է առանց այդ գումարների: Սույնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա:

2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված հետեւյալ եկամուտները՝

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը.

3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը.

4) շահաբաժինները.

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).

7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).

8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).

9) ապահովագրական հատուցումները.

10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.

12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.

13) միանվագ վճարները.

14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը:

3. Հայտարարագրման ենթակա են նաեւ սույն հոդվածի երկրորդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները եւ ստացման աղբյուրները:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Հայտարարագիր ներկայացնելու կարգը եւ ժամկետները

1. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են յուրաքանչյուր հարկային տարվա համար ոչ ուշ, քան հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Մինչեւ հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի ստացման աղբյուրի) դադարեցնելու եւ Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ:

3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել անձամբ կամ ուղարկել փոստով, օրենսդրությամբ էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում՝ էլեկտրոնային փոստի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով: Ուղարկելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի՝ անձը (ինքնությունը) օրենսդրությամբ սահմանված հաստատող փաստաթղթի պատճենը՝ հարկային մարմնի սահմանած կարգով:

4. Հայաստանի Հանրապետության այլ օրենքով գույքի կամ եկամուտների հայտարարագրի ներկայացման պահանջ սահմանված լինելու դեպքում այդ հայտարարագիրը ներկայացվում է տվյալ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:

Հոդված 9. Հայտարարագիր չներկայացնողները

Ֆիզիկական անձը հայտարարագիր չի ներկայացնում, եթե միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները՝

1) հայտարարագրման ենթակա եկամուտը (Հայաստանի Հանրապետության դրամը կամ Հայաստանի Հանրապետության դրամը եւ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը) հարկային տարվա ընթացքում յուրաքանչուր հայտարարատուի (ընտանիքի անդամի) հաշվարկով չի գերազանցել`
 
 
2007 թվականին 8,0 միլիոն դրամը
2008 թվականին 7,0 միլիոն դրամը
2009 թվականին 6,0 միլիոն դրամը
2010 թվականին 5,0 միլիոն դրամը
2011 թվականին 4,0 միլիոն դրամը
2012 թվականին 3,0 միլիոն դրամը
2013 թվականին 2,0 միլիոն դրամը
2014 թվականին եւ հետագա տարիներին 1,0 միլիոն դրամը

2) նրա դրամական միջոցները, բանկերում եւ (կամ) վարկային կազմակերպություններում հաշիվների, այդ թվում` ավանդների գումարները հարկային տարվա դեկտեմբերի 31-ի ավարտին չեն գերազանցում վեց միլիոն դրամը (Հայաստանի Հանրապետության դրամը կամ Հայաստանի Հանրապետության դրամը եւ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը).

3) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված հայտարարագրման ենթակա գույք չունի կամ նախորդ ժամանակաշրջանում հայտարարագրված գույքի կազմում հարկային տարում փոփոխություն չի եղել:
 


ԳԼՈՒԽ  5

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎՈՂ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը

1. Կառավարության սահմանած կարգով եռամսյակը  մեկ՝  հաշվետու  եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկություններ է ներկայացնում գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունը, գույքի հետ կատարվող գործարքների փաստաթղթերը վավերացնող նոտարը:

2. Կազմակերպությունը հարկային մարմնի պահանջով պարտավոր է ներկայացնել տեղեկություններ ֆիզիկական անձանց հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ՝ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:

Հոդված 11. Եկամուտների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելը

1. Կազմակերպությունները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները պարտավոր են եկամուտ ստացած ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված եւ վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների եւ պահված եկամտահարկի վերաբերյալ հարկային մարմնի սահմանած տեղեկանք՝ հարկային մարմիններին ներկայացնելու համար:

3. Բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Տեղեկությունների ճշտումը

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ճշտված տեղեկություն, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ հարկային մարմնի կողմից կազմակերպություններում իրականացվում են օրենքով սահմանված ստուգումներ:

ԳԼՈՒԽ  6

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Հայտարարատուի իրավունքները

1. Հայտարարատուն իրավունք ունի՝

1) հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացնելու ճշտված հայտարարագիր` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում.

2) լրացուցիչ գրավոր բացատրություններ  ներկայացնելու հայտարարագրի կամ դրան կցված փաստաթղթերի վերաբերյալ.

3) չկատարելու հարկային ծառայողի` օրենքից չբխող պահանջները կամ ցուցումները:

2. Հայտարարատուն ունի իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 14. Հայտարարատուի պարտականությունները

Հայտարարատուն պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել հայտարարագրեր.

2) հարկային մարմնի կողմից հսկողություն իրականացնելիս նրա պահանջով, կառավարության սահմանած կարգով, հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կամ եկամտի ստացման աղբյուրը եւ չափը.

3) կատարել իրավական ակտերով նախատեսված այլ պարտավորություններ:

ԳԼՈՒԽ  7

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 15. Հարկային մարմինը

Հարկային մարմինը՝

1) ընդունում է սույն օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտեր.

2) վարում է հայտարարատուների հաշվառումը.

3) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը եւ պահպանումը.

4) կիրառում է սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 16. Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը եւ գաղտնիությունը

1. Հայտարարագրերում ներառված տվյալները, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, հարկային օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հիմք հանդիսանալ բյուջեի նկատմամբ հայտարարատուի պարտավորությունների հաշվարկման (վերահաշվարկման)  համար:

2. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:

3. Հարկային մարմինն ապահովում է սույն հոդվածի երկրորդ մասում չնշված տվյալների գաղտնիությունը: Այդ տվյալները հարկային մարմնի կողմից այլ անձանց են տրամադրվում հայտարարատուի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ:

4. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալները կառավարության սահմանած կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին:

Հոդված 17. Օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային մարմինը` օրենքով սահմանված կարգով:

2. Հայտարարատուների ներկայացրած հայտարարագրերի տվյալների արժանահավատությունը ճշտելու նպատակով հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով կարող է գործարքի մյուս կողմի մոտ կատարել ուսումնասիրություն:

Հոդված 18. Հայտարարատուների անձնական գործերը

1. Յուրաքանչյուր հայտարարատուի վերաբերյալ հարկային մարմինը վարում է անձնական գործ, որտեղ պահպանվում են հայտարարատուների վերաբերյալ տվյալները, հայտարարատուների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ տեղեկությունները, տեղեկանքները, բացատրությունները կամ դրանց պատճենները եւ այլ փաստաթղթեր:

2. Հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանում է կառավարությունը:

ԳԼՈՒԽ  8

ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 20.  Հայտարարագիր չներկայացնելը, որի հետեւանքով չի  հայտարարագրվել եկամուտը

Հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքով չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) չհայտարարագրված եկամուտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է հարկային պարտավորություն.

2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում է եկամտի ստացման աղբյուրը եւ չափը:

Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը

1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:

Սույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) թաքցված կամ պակաս ցույց տված եկամուտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է հարկային պարտավորություն.

2) թաքցված կամ պակաս ցույց տված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում է եկամտի ստացման աղբյուրը եւ չափը:

2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ եկամտի 10 տոկոսի չափով:

Հոդված 22. Կազմակերպությունների կողմից տեղեկություններ չներկայացնելը

Սույն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղեկություններ չներկայացնելն առաջացնում  է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5 000 դրամի չափով:

ԳԼՈՒԽ  9

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ՄԱՍ

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, ընդ որում`

1) սույն օրենքով սահմանված կարգով առաջին հայտարարագրերը հայտարարատուները ներկայացնում են 2007 թվականի համար` 2008 թվականի ապրիլի 15-ից ոչ ուշ.

2) սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը եւ 22-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից.

3) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները 2006 թվականի հայտարարագրերը ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 25-ի օրենքով սահմանված կարգով:

2. 2008 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 25-ի օրենքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.07.2006
ՀՕ-164


24.10.2007 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
18.12.2007 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
18.03.2009 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
27.10.2009 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
22.12.2010 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
26.05.2011 «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին