English   Russian   English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2006

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը եւ գործածման կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դրոշը

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերեւից ներքեւ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: Դրոշի  լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության եւ երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշ:

Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը

Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի,

Հայաստանի Հանրապետության կառավարության,

 Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի,

Հայաստանի Հանրապետության դատարանների,

Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների,

մարդու իրավունքների պաշտպանի,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,

հանրապետական գործադիր մարմինների,

պետական կառավարման այլ մարմինների,

Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների),

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի) շենքերի վրա:

Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) եւ Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա` միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին եւ ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման եւ իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:

Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է՝

պաշտոնական, աշխատանքային եւ հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության դատարանների դատական նիստերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:

Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դատավորների եւ դատախազների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի), օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել՝

Հայաստանի Հանրապետության Նախագահի փոխադրամիջոցների վրա, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, դիվանագիտական եւ մշտական ներկայացուցչությունների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի եւ դրա պատկերի գործածման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը, իջեցումը, փոխանցումը

Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է  դրոշի երկարությանը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը սգո արարողությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում  մահացածի դին եւ դագաղը ծածկվում են Հայաստանի Հանրապետության դրոշով: Աճյունը հողին հանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը հանձնվում է մահացածի (զոհվածի) հարազատներին:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը օտարերկրյա պետության դրոշի հետ

Հայաստանի Հանրապետության տարածքում  Հայաստանի Հանրապետության դրոշը օտարերկրյա պետության դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի դրանց մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով (2-ից ավելի) դրոշներ, ապա Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Հայաստանի Հանրապետության դրոշն այլ պետությունների դրոշների հետ միաժամանակ բարձրացվելու դեպքում այլ պետությունների դրոշների չափերը չեն կարող գերացանցել Հայաստանի Հանրապետության դրոշի չափերը:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից  2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ  չխախտվի :

Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակումը

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների դրոշները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության դրոշից:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը զինված ուժերի եւ այլ զորքերի կողմից

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, զորամասերի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի առանձին ստորաբաժանումների, ինչպես նաեւ այլ զորքերի մշտական տեղակայման վայրերում` հանդիսությունների եւ պաշտոնական արարողությունների ժամանակ (զորահանդես, շարային ստուգատես, զինվորական երդում, տոնական միջոցառումներ եւ այլ հատուկ դեպքեր):

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով նախատեսված դեպքերում զորամասի մարտական դրոշը դուրս բերելիս դուրս է բերվում նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հայաստանի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս բերելու եւ տեղադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված  10. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Մինչեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ձեւավորումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի համար:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական դրոշի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 30-ի հրամանագիրը եւ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի օգոստոսի 24-ի ՀՆ-0076-1 օրենքը:
 

Հավելված
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի


ՊԱՏԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԴՐՈՇԻ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.07.2006
ՀՕ-149


03.02.2009 «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.12.2015 «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.01.2020 «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.03.2022 «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
12.07.2023 «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին