Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2006
ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական հիմքերը եւ պետական կարգավորման սկզբունքները, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պետական կառավարման եւ այլ մարմինների լիազորությունները:

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում նշված հասկացությունները օգտագործվում են հետեւյալ իմաստով`

ա)  թանկարժեք մետաղներ` թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին եւ պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում եւ օսմիում)` ցանկացած տեսքով եւ վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն եւ այլն).

բ)   թանկարժեք քարեր` բնական, անմշակ եւ մշակված՝ ալմաստ, զմրուխտ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ եւ բնական մարգարիտ.

գ)   թանկարժեք մետաղներից պատրաստված իր` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք եւ գունավոր մետաղների համաձուլվածքներից նպատակային նշանակության եւ օգտագործման համար պատրաստված պատրաստի արտադրանք, որն իր վրա կարող է ունենալ նաեւ ոչ թանկարժեք մետաղներից այլ բաղադրատարրեր.

դ)   թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն` թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.

ե)   թանկարժեք մետաղների զտարկում (աֆինաժ)` այլ խառնուրդներից եւ ուղեկցող տարրերից թանկարժեք մետաղների կորզման եւ մաքրման մետալուրգիական գործընթաց.

զ)   զտարկված թանկարժեք մետաղներ` զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ստանդարտներին համապատասխան` թանկարժեք մետաղների ցանկացած չափի ձուլակտորներ, մանրագնդիկներ, փոշի, որոնք պետք է ունենան հիմնական թանկարժեք մետաղի 99,5 տոկոսից ոչ պակաս պարունակություն.

է)   թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք` վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.

ը)   բանկային ոսկի` «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոսկի.

թ)   ստանդարտացված ձուլակտոր` ցանկացած չափի եւ սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որը արտադրվել է զտարկող կազմակերպությունում.

ժ)  հարգ` չափանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ.

ժա) հարգորոշում` նյութերի եւ իրերի մեջ տարբեր մեթոդներով թանկարժեք մետաղների պարունակության որոշում.

 ժբ)   հարգադրոշմ` դրոշմ, որը հավաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մեջ թանկարժեք մետաղի պարունակության չափը մեկ հազար կշռային միավորի մեջ (հարգ).

 ժգ)  հարգադրոշմում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մետաղային մակերեւույթին համապատասխան հարգի դրոշմման տեխնոլոգիական գործողություն.

ժդ)   տարբերանիշ` դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին եւ (կամ) հարգադրոշմողին.

 ժե)   անվանանիշ` նշան, որը հավաստում է թանկարժեք մետաղից պատրաստված իրի արտադրողին.

 ժզ)   տրոյական ունցիա` թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31,1034807 գրամի.

ժէ) զտարկող կազմակերպություն` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող կազմակերպություն:

Հոդված 3.Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը եւ դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը եւ դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (այսուհետ` միջազգային պայմանագրեր) սահմանված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների  արտադրության հսկողությունը

1.   Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը եւ գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաեւ մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենքներով)` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով եւ ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2.  Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունն իրականացվում է`

ա)  օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզիա ունեցող սուբյեկտների կողմից` օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.

բ) թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունների կողմից` օրենքներով  սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ.

գ)   օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող սուբյեկտների կողմից` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

3.   Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությունների ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: 

ԳԼՈՒԽ  2

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ  ՈՍԿՈՒ  ԵՎ  ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ  ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ  ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5.  Թանկարժեք մետաղների զտարկումը, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը

1.   Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ կարող են զբաղվել միայն օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի եւ ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)` սահմանած պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության եւ բնապահպանման պահանջները:

2.   Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրվող բանկային ոսկին պետք է համապատասխանի սույն օրենքի 2-րդ հոդվածի «ը» կետին կամ միջազգային ստանդարտներին:

3. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին`

ա)  ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը՝ արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը եւ հարգը.

բ)   մեկ կիլոգրամ եւ ավելի քաշի ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը.

գ)   ձուլակտորները  չպետք է ունենան ծակոտիներ, խոռոչներ:

4.   Զտարկող կազմակերպությունների այն աշխատակիցները, որոնք զբաղվում են զտարկման գործընթացով (աֆինաժ) պետք է ունենան համապատասխան որակավորում:

Հոդված 6.  Հարգորոշումը եւ հարգադրոշմումը, ինչպես նաեւ այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1.   Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման հետ կապված գործողություններ են  նաեւ`

ա)  հակազդուկների պատրաստումը.

բ )  ստուգիչ տարրալուծումները.

գ)   քիմիական տարրալուծումները:

2.   Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված հարգերից ցածր հարգ, պետք է հարգադրոշմվեն տվյալ հարգին ամենամոտ ցածր հարգով:

3.   Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման եւ չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

4. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված եւ թանկարժեք մետաղներով պատված իրերը:

5.   Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի  հարգով:

6.   Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ եւ անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:

7.   Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն`

ա)  թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերը, ինչպես նաեւ մետաղադրամները, շքանշաններն  ու մեդալները.

բ)   գիտական, բժշկական, արտադրական եւ այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքները, սարքերը, լաբորատոր սպասքը.

գ)   զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգեւորականների կողմից կիրառվող եւ նման այլ առարկաների վրա թանկարժեք մետաղներով արված դրվագազարդերը.

դ)   մինչեւ 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ընդ որում՝ արծաթից պատրաստված մինչեւ 3 գրամ կշիռ ունեցող իրերը.

ե)   թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը, որոնք հնարավոր չէ դրոշմել.

զ)   հետագա մշակման ենթակա նախապատրաստվածքները եւ բոլոր այն անավարտ իրերը՝ որոնց վրա դեռեւս կավելացվեն թանկարժեք մետաղներից եւ (կամ) այլ մասեր, ինչպես նաեւ նրբաթերթ թանկարժեք մետաղները, արտադրական ձուլվածքները, թափոնը եւ ջարդոնը:

8.   Հարգադրոշմների, տարբերանիշերի եւ անվանանիշերի ձեւերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաեւ դրանց պատրաստման, հաշվառման եւ տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը:

9.   Հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝

ա)  պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները եւ գործունեության պայմանները.

բ) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:

10. Հարգորոշմամբ եւ հարգադրոշմմամբ զբաղվող անձանց աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:

Հոդված 7.  Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորումները

1. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորումներն իրականացնում են լիազոր մարմնի կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անդամակցությամբ ստեղծված եւ առնվազն երկու տարի գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից ստեղծված որակավորման հանձաժողովները, ընդ որում, դրանց կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնցից առնվազն հիսուն տոկոսը լիցենզավորող մարմնի ներկայացուցիչներ են:

Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորման, որակավորման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոնները:

2. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող թանկարժեք մետաղներ զտարկողի եւ (կամ) հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար որակավորման հանձաժողովներին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքներն ստուգելու եւ ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ հարգորոշողի եւ հարգադրոշմողի որակավորման վկայականներ (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումներն իրականացվում են համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող եւ անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում:

 Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձաժողովը:

3. Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման հանձնաժողովի կազմավորման կարգը եւ կանոնադրությունը հաստատում է լիցենզավորող մարմինը, իսկ թանկարժեք մետաղներ զտարկողների եւ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգերը եւ որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է կառավարությունը՝ լիցենզավորող մարմնի ներկայացմամբ:

Որակավորումների կարգով սահմանվում են որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձեւը եւ նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիցենզավորող մարմինը՝ նախապես քննարկելով մասնագիտացված կառույցի հետ (նման կառույցի առկայության պարագայում):

4. Որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Թանկարժեք մետաղներ զտարկողի եւ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այլ անձինք:

5. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

Հոդված 8. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված  իրերի մանրածախ առուվաճառքը

1.   Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքն անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով:

2.   Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերում նշված իրերի:

3.   Եթե սույն օրենքով պարտադիր հարգորոշման եւ հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը եւ տարբերանիշը չի համապատասխանում սույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:

4.   Մանրածախ առուվաճառքի ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը  պարտադիր պետք է կրեն թանկարժեք մետաղի հարգը, կշիռը, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի եւ որակի բնութագրերի մասին` տեղեկություններ պարունակող պիտակ:

5. Թանկարժեք մետաղների ջարդոնների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը` կապված հարգորոշման եւ (կամ)  հարգադրոշմման հետ, սահմանում է կառավարությունը:

6.   Սույն օրենքով սահմանված մանրածախ առուվաճառքի հետ կապված պայմանների կատարման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը:

Հոդված 9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների եւ նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը

1.   Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծելիս, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նշված դեպքերի, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով հարգորոշման եւ հարգադրոշմման` հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պարտականությունը կրում է ներմուծողը: Ներմուծման  ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց  ընտրությունը կատարում է ներմուծողը:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծվել առանց սույն օրենքով հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց  կողմից դրված հարգադրոշմի, եթե`

ա) այդ իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը (խմբաքանակը) մաքսային հսկողության ներքո ներկայացնում է հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձանց՝ հարգորոշման նպատակով: Վերջիններս ներկայացված իրերը (խմբաքանակը) հարգորոշելուց հետո դրանց վրա դրոշմում են իրենց տարբերանիշը, որի համար տալիս են համապատասխան տեղեկանք.

բ)  այդ իրերը ներառված են սույն օրենքի 6-րդ հոդվածի յոթերորդ մասում.

գ) այդ իրերը ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից եւ չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի հիման վրա կառավարության սահմանած ակնհայտ առեւտրային քանակության նվազագույն չափը:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մյուս ռեժիմներով ներմուծման ժամանակ հարգի առկայությունը պարտադիր չէ:

4. Թանկարժեք մետաղների ջարդոնները եւ թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքները ներմուծելիս հիմք է ընդունվում այդ իրերի քանակը, տեսակը, հարգը եւ կշիռը հավաստող տեղեկանքը, որը տրամադրում են հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձինք:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտահանման ժամանակ այդ իրերի վրա հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայությունը պարտադիր չէ:

ԳԼՈՒԽ  3

ԹԱՆԿԱՐԺԵՔ  ՄԵՏԱՂՆԵՐԻՑ  ՊԱՏՐԱՍՏՎԱԾ  ԻՐԵՐԻ  ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ  ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ  ՄԵՏԱՂՆԵՐԻ  ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ  ԵՎ  ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ  ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը

1.Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին եւ կառավարության սահմանած կարգին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադության նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության եւ տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառում է սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:

3.Զտարկող կազմակերպության գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

4.Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիցենզավորող մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային  մարմիններին:

5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում եւ լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով եւ չափանիշներով:

6.Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցնեզավորումն իրականացվում է սարքավորումների փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

Սարքավորումների փորձաքննությունն իրականացնում է կառավարության սահմանած կարգով  պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

Հոդված 11.  Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը

1.   Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին եւ կառավարության սահմանած կարգին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության եւ տեղում ստուգումների  միջոցով: Դրանց արդյունքներով կիրառում է սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին` վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց  տարբերանիշերի արտատիպերը:

4. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում եւ լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով եւ չափանիշներով:

ԳԼՈՒԽ  4

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԱՄԱՐ  ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

ա)  տուգանք.

բ)   լիցենզիայի գործողության կասեցում.

գ)   լիցենզիայի գործողության դադարեցում:

Հոդված 13. Տուգանքը

1. Տուգանքը կիրառում եւ գանձում է լիազոր մարմինը: Եթե տուգանվող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, 200.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ, 6-րդ հոդվածի երկրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով սահմանված պահաջներից որեւէ մեկը:

3. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, 50.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերով սահմանված պահաջներից որեւէ մեկը:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքում ավելացվում է 600.000 դրամի չափով:

5. Սույն հոդվածի երրորդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքում ավելացվում է 300. 000 դրամի չափով:

Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝

ա)  եթե խախտվել է սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ եւ 6-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, իններորդ եւ տասներորդ  մասերով սահմանված պահանջներից որեւէ մեկը.

բ) եթե խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով սահմանված պահանջը.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձը չի կարող իրականացնել համապատասխան գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանը, ինչպես նաեւ կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացմանը, դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել եւ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Լիցենզիայի գործողության դադարեցումը

Լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:

ԳԼՈՒԽ  5

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔՈՒՄ  ՍԱՀՄԱՆՎԱԾ  ՀԱՐԳԵՐԸ

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված հարգերը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստվող իրերի արտադրության եւ շրջանառության համար սահմանվում են Հավելվածում նշված հարգերը` ըստ մետրական համակարգի:

2. Հավելվածում նշված հարգերից թանկարժեք մետաղների փաստացի հարգերի թույլատրելի երկկողմանի +/- շեղման առավելագույն չափը, հաշվի առնելով նաեւ զոդանյութի հարգը, սահմանվում է`

ա) ոսկու համար` բոլոր հարգերի դեպքում` մինչեւ +/- 3 միավոր (585 հարգի ոսկյա իրերի համար բացասական շեղում չի թույլատրվում).

բ) արծաթի համար` բոլոր հարգերի դեպքում` մինչեւ +/- 5 միավոր.

գ) պլատինի եւ պալադիումի համար՝ բոլոր հարգերի դեպքում` մինչեւ +/- 10 միավոր.

դ) մանրանախշ, բազմաթիվ զոդվածք ունեցող նրբահյուս (ֆիլիգրան) արծաթյա իրերում թույլատրվում է հարգի շեղում՝ մինչեւ +/- 20 միավոր:

3. Հայաստանի Հանրապետությունում չգործող հարգերով թանկարժեք մետաղներից իրերի արտադրությունը թույլատրվում է, եթե այդ իրերը նախատեսված են արտահանման կամ ոչ մանրածախ առուվաճառքի նպատակների համար, եւ այդպիսի պայման առկա է պատվիրատու-արտադրող (կամ մատակարարող) կողմերի միջեւ կնքված պայմանագրում (այլ փաստաթղթում):

ԳԼՈՒԽ  6

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԹԱՆԿԱՐԺԵՔ  ՄԵՏԱՂՆԵՐԻ  ԵՎ  ԹԱՆԿԱՐԺԵՔ  ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը  պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն (այսուհետ՝ գանձարան) է:

2. Գանձարանի հիմնական խնդիրներն են`

ա)  պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառումը եւ կառավարումը.

բ) գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառման եւ պահպանման ապահովումը.

գ) պետության կարիքների համար օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան` թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի գնումն ու վաճառքը:

3. Գանձարանը սույն օրենքով լիազորված է իրականացնել  հետեւյալ  հիմնական գործառույթները`

ա) հաշվառում եւ կառավարում է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները եւ թանկարժեք քարերը, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող  արժեքների.

բ)   կատարում է կառավարության որոշումները թանկարժեք մետաղների եւ թանկարժեք  քարերի պետական պահուստները ձեւավորելու եւ համալրելու մասին,  կնքում պայմանագրեր  թանկարժեք մետաղներ եւ թանկարժեք  քարեր արդյունահանող, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրող կազմակերպությունների  հետ  պետական պահուստները համալրելու նպատակով  թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի մատակարարումների մասին, ապահովում է դրանց դիմաց  վճարումները, ստացված արժեքների մուտքագրումը, պահպանությունը եւ իր հաշվեկշռում  հաշվառումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն`  բռնագրավված, տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով եւ այլ հիմքերով  պետությանն անցած արժեքների մուտքագրումը պետական պահուստներ:

4. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների եւ դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաեւ դրանց տեղաբաշխման եւ գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատում է կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների վիճակի ստուգումներն իրականացնում է լիազոր մարմինը:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող եւ գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը

1. Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած` թանկարժեք մետաղներից եւ  թանկարժեք քարերից պատրաստված նվերները հաշվառվում են այդ կազմակերպության հաշվեկշռում եւ ընդգրկվում են յուրաքանչյուր գույքագրման արդյունքում եւ կարող են հանձնվել բացառապես գանձարան:

2.  Պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 3.000-ապատիկ արժողությամբ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերները գանձարանից տրվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց հետո, իսկ 3.000-ապատիկը գերազանցելու դեպքում` կառավարության  սահմանած կարգով:

3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը պետք է համաձայնեցվի պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ: Նշված իրերի հաշվառման եւ օտարման կարգը սահմանում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

4.   Պետական մասնակցությամբ կազմակերպությունների լուծարման դեպքում դրանց մնացորդային գույքից պետական բաժնեմասին հասանելիք գույքի կազմում առկա  թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը հանձնվում են գանձարան:

5.   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ենթակա իրավաբանական անձանց գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանակարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը, այդ իրավաբանական անձանց մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացքում կառավարության որոշմամբ կարող են առանձնացվել ընկերության հաշվեկշռից եւ փոխանցվել գանձարան:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ)` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի հանրագումարն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային եւ այլ կարիքներն ապահովելու համար: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պետական պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման  գանձարանի  կողմից:

2. Պետական պահուստը կարող է համալրվել`

ա) պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին եւ արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

բ) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ  ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաեւ  թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

գ) թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով ու գանձերով.

դ) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված նվերներով.

ե)   այլ հիմքերով պետության սեփականությանը անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

3.   Գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի միջոցով կառավարությանն է ներկայացնում հաշվետվություն՝ տվյալ ֆինանսական տարում պետական պահուստի համալրման ու ծախսման մասին:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստը

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստը (այսուհետ` ազգային պահուստ) պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական եւ գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական եւ այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:

2. Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի եւ անբաժանելի են, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ենթակա չեն օտարման (այդ թվում՝ ներդրման պետական մասնակցությամբ առեւտրային ընկերությունների կանոնադրական կապիտալում) կամ վարձակալության: Ազգային պահուստի արժեքները կարող են ամրակցվել պետական հիմնարկներին եւ ոչ առեւտրային կազմակերպություններին` ըստ նշանակության օգտագործման իրավունքով: Ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել ցուցադրման կամ գիտական հետազոտությունների  նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս՝ կառավարության թույլտվությամբ:

3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ գանձարանի փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցակցման կարգը սահմանում է կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը եւ կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա  նաեւ պետական եւ համայնքային թանգարաններում եւ մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը

Հայաստանի Հանրապետության ոսկու պահուստը (այսուհետ` ոսկու պահուստ) Հայաստանի Հանրապետության ոսկեարժութային պահուստի մասն է եւ կազմված է ստանդարտացված ձուլակտորներից եւ բանկային ոսկուց` հանդիսանալով պետական սեփականություն: Ոսկու պահուստը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման համար եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում, որի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Ոսկու պահուստը նախատեսված է պետական ֆինանսական քաղաքականություն վարելու եւ արտակարգ իրավիճակներում պետական անհապաղ կարիքները բավարարելու համար: Ոսկու պահուստը ձեւավորվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտներից եւ ոչ ռեզիդենտներից ոսկու, առանձին դեպքերում՝ նաեւ այլ թանկարժեք մետաղների բանկային եւ  ստանդարտացված ձուլակտորների գնման միջոցով: Ոսկու պահուստը պահպանվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ երկրների  կենտրոնական ու առեւտրային բանկերում բացված մետաղական հաշիվներում:

Հոդված 22. Թանկարժեք մետաղներ եւ թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները կարող են իրացվել՝ պահպանելով ստորեւ նշված մարմինների գնման նախապատվության իրավունքը`

ա)  Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին՝ պետական պահուստի համալրման նպատակով.

բ)  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ ոսկու պահուստի համալրման նպատակով:

Գնման նախապատվության իրավունքից վերոնշյալ պետական մարմինների հրաժարվելու դեպքում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների սեփականատերերն այդ արժեքները կարող են վաճառել այլ սուբյեկտների, բայց ոչ պակաս, քան սույն մասում նշված գնման նախապատվության իրավունք ունեցող սուբյեկտներին առաջարկված գնով:

2.   Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման եւ վճարման պայմաններն ու կարգը սահմանում է կառավարությունը:

3. Եթե թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները, որոնք, սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, առաջարկվել են գանձարանին եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ու վերջիններս հրաժարվել են այդ արժեքները ներկայացված գներով ձեռք բերելու նախապատվության իրավունքից, ապա այդ արժեքները վաճառող սուբյեկտի պահանջի դեպքում նշված մարմինները 7 օրվա ընթացքում պարտավոր են տալ տեղեկանք` առաջարկված արժեքները գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին:

ԳԼՈՒԽ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹ

Հոդված 23. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: 
    
 

Հավելված
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ


Ոսկի
Արծաթ
Պլատին
Պալադիում
375
800
900
500
416
830
950
850
500
875
   
583
925
   
585
960
   
750
999
   
916
     
958
     
999
     


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.06.2006
ՀՕ-83


26.05.2008 «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.12.2010 «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
23.06.2015 «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
13.11.2015 «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
21.12.2015 «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
15.06.2022 «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
07.07.2022 «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
11.12.2023 «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին