Armenian      
Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2005

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-43) 2-րդ հոդվածում «կառավարության լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի հինգերորդ մասում՝

ա) «ա» ենթակետը «անհրաժեշտությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերով.

բ) «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի իններորդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետւթյան օրենքով սահմանված կարգով ստուգումներ եւ հեռակա վերահսկողություն իրականացնելու միջոցով:

2. Լիազոր մարմինը վերահսկողության արդյունքներով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են նաեւ համապատասխան տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության» բառերը փոխարինել «ստուգումների կամ հեռակա վերահսկողության» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 19. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը՝

ա) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի պահանջը.

բ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը.

գ) եթե գրավատունն ունի հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» կամ «թ» ենթակետերի պահանջը.

ե) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» եւ «դ» ենթակետերի պահանջը.

զ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջը.

է) գրավատան կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

ը) գրավատան կողմից օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

թ) գրավատան կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում: Պարբերաբար է համարվում այն խախտումը, որի կատարման համար լիցենզավորված անձը 1 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ, գրավոր նախազգուշացվել է.

ժ) գրավատան կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

ժա) գրավատան կողմից գրավատնային գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

ժբ) գրավատան կողմից իր գործունեության ընթացքում լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ գրավատնային գործունեությունը կարգավորող օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների կոպիտ խախտման դեպքում.

ժգ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ժդ) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ժդ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից գրավատնային գործունեություն իրականացնելը (նոր վարկեր տրամադրելը) համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 20. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝

ա)  եթե գրավատունը սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե գրավատունը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչեւ լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

ե) գրավատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.

զ) գրավատան կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գրավատնային գործունեություն կամ դրա առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) լիազոր մարմնի՝ օրենքով սահմանված կարգով տրված նախազգուշացումը՝ խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում.

թ) կազմակերպչի դիմումի համաձայն.

ժ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետով նախատեսված դեպքի, լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու`

ա) այն կազմակերպությունը, որի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.

բ) լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին լիցենզիան ուժը կորցրած կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու կամ լիազորված մարմնի կողմից պատշաճ առաքելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելու օրվանից:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.12.2005
ՀՕ-246