Օրենքը չի գործում:
Գործում է «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.11.2005

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա:

Հոդված 2. Մինչեւ 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) եւ պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից:

Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):

Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի դիմումները եւ պետական գրանցման վկայականները հարկային տեսչությունները մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներ` մինչեւ 2006 թվականի օգոստոսի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու եւ նրանց վկայականները օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար:

Հոդված 3. 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2006 թվականի մայիսի 1-ը 2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների 30 տոկոսը վճարած անհատ ձեռնարկատերերն ազատվում են եկամտահարկի նվազագույն գումարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների չվճարված պարտավորությունների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի) վճարումից:

Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերը 2006 թվականի հունվարի 1-ից հետո օրենքով սահմանված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարումները կատարում են ընդհանուր կարգով:

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի):

Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):

Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ` մինչեւ 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականները անվավեր ճանաչելու եւ պարտավորությունները հրապարակելու համար:

Հոդված 5. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով գործունեությունը դադարեցված (լուծարված) ֆիզիկական անձանց մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցումը կատարվում է հրապարակված պարտավորությունների ամբողջ գումարի վճարումը հավաստող փաստաթղթի հիման վրա:

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված արտոնություններից օգտված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում կիրառվում են ապօրինի գործունեության համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված դրույթները:

Հոդված 7. Սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետագայում լրացուցիչ տեղեկություններ ստանալու դեպքում, որոնք կարող են ազդեցություն ունենալ սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորության վրա (հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301 -րդ հոդվածով եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հինգերորդ մասով սահմանված երեք տարվա վաղեմության ժամկետը), հարկային մարմինները կարող են սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ֆիզիկական անձի՝ սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հետեւանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չվճարված (պակաս վճարված) հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների գումարների չափով ֆիզիկական անձի գույքի բռնագանձման համար:

Հոդված 8. Սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների եւ եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել:

Սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների եւ հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

03.12.2005
ՀՕ-215