Russian    
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.07.2005
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997թվականի, ՀՕ-185, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.

բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա) մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաեւ մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչեւ 15000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա) 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 30000 դրամ,

բբ) 501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 50000 դրամ,

բգ) 1001 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 70000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ) մինչեւ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 3000 դրամ.

դ) 20 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչեւ 5000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչեւ 3000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաեւ կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաեւ նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչեւ 5000 դրամ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի տասնմեկերորդ մասը «Սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի)» բառերով եւ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս`

«111 . Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ թաղային համայնքներում` 5.0 գործակիցների կիրառմամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.08.2005
ՀՕ-170