ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2005
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Մելիորացիայի բնագավառում պետական մարմինների իրավասությունները
  • Գլուխ 3. Մելիորատիվ միջոցառումների իրականացման կարգը
  • Գլուխ 4. Եզրափակիչ դրույթ
  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքով կարգավորվում են հողերի բերրիության պահպանության եւ բարձրացման, հողատարումից եւ աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները:

    Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

    գյուղատնտեսական հողերի մելիորացիա (այսուհետ՝ մելիորացիա)՝ ջրային, օդային ու ջերմային անբարենպաստ ռեժիմներ, անբավարար քիմիական եւ ֆիզիկական հատկանիշներ ունեցող հողերի բարելավում` հիդրոտեխնիկական, կուլտուրտեխնիկական, քիմիական, ագրոտեխնիկական եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով այդ հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառելու նպատակով.

    մելիորացվող հողեր՝ հողեր, որոնց սակավ բերրիությունը բարելավվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման շնորհիվ.

    մելիորացված հողեր՝ հողեր, որոնց վրա իրականացվել է մելիորացիա.

    մելիորատիվ հողեր՝ մելիորացվող, ինչպես նաեւ մելիորացիայի ենթակա հողեր.

    հիդրոտեխնիկական մելիորատիվ համակարգեր (այսուհետ՝ մելիորատիվ համակարգեր)՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների համակարգ, որն ապահովում է հողի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման օպտիմալ ռեժիմները.

    մելիորատիվ միջոցառումներ՝ մելիորարատիվ համակարգերի շինարարություն, վերանորոգում, վերականգնում եւ շահագործում, ջրարբիացման իրականացում, հակահողատարային եւ դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում, հողի ֆիզիկական եւ ագրոքիմիական հատկանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ, այդ աշխատանքների գիտական եւ արտադրատեխնիկական ապահովում:

    Հոդված 3. Մելիորացիայի մասին օրենսդրությունը

    Հայաստանի Հանրապետությունում մելիորացիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 4. Մելիորացիայի տեսակները

    Մելիորատիվ միջոցառուների բնույթից ելնելով` տարանջատվում են մելիորացիայի հետեւյալ տեսակները`

    հիդրոտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է բարելավելու չորային, ճահճակալված, գերխոնավ, աղակալված, հողատարված, լվացված եւ այլ կարգի հողերի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման ռեժիմները` ոռոգում, ցամաքեցում, աղուտների աղազերծում եւ լվացում, հակասողանքային, հակահեղեղային, հակահողատարային եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով.

    ագրոտեխնիկական մելիորացիա` հողապաշտպան, ջրակարգավորիչ եւ այլ բնույթի մելիորատիվ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է հակահողատարային եւ դաշտապաշտպան անտառաշերտեր հիմնելու միջոցով.

    կուլտուրտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որի նպատակն է հողերի մաքրումը քարերից, կոճղերից, բուսական ծածկույթից եւ այլ առարկաներից, հողերի ռեկուլտիվացիան եւ այլն.

    քիմիական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է հատուկ քիմիական նյութեր կիրառելու միջոցով բարելավելու հողերի քիմիական եւ ֆիզիկական հատկանիշները:

    ԳԼՈՒԽ 2

    ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

    Մելիորացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) իրավասություններն են`

    1) պետական քաղաքականության որոշումը.

    2) ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

    3) պետական սեփականության մելիորատիվ համակարգերի տիրապետումը, տնօրինումը եւ օգտագործումը.

    4) մելիորատիվ միջոցառումների պետական ծրագրերի ընդունումը եւ դրանց իրականացման ապահովումը:

    Հոդված 6. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

    Մելիորացիայի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինների իրավասություններն են`

    1) ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

    2) հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի վարումը.

    3) գրունտային ջրերի մակարդակների մոնիտորինգի վարումը.

    4) կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման կազմակերպումը.

    5) մելիորատիվ միջոցառումների ծրագրավորումը.

    6) մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը.

    7) մելիորատիվ հողերի հաշվառման եւ մոնիտորինգի կազմակերպումը.

    8) մելիորացիայի բնագավառի ստանդարտներ եւ նորմեր սահմանող իրավական ակտերի նախագծերը կառավարության քննարկմանը ներկայացնելը.

    9) հողերի մելիորատիվ վիճակի գնահատումը մելիորատիվ միջոցառումների իրականացումից առաջ եւ հետո:

    ԳԼՈՒԽ 3

    ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 7. Մելիորատիվ միջոցառումների իրականացումը

    Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի համաձայնությամբ:

    Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից կամ նրանց պատվերով մելիորատիվ միջոցառումների ծրագրավորման դեպքում մելիորացիայի տեսակները եւ իրականացման ծավալները որոշվում են կառավարության սահմանած նորմերին եւ ստանդարտներին համապատասխան:

    Մելիորացիայի տեսակը որոշվում է` հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները եւ գյուղատնտեսության կարիքները:

    Հոդված 8. Մելիորատիվ միջոցառումների իրականացման նպատակով հողերի օգտագործումը

    Մելիորացիայի ենթակա հողերը մելիորատիվ միջոցառումների անցկացման ամբողջ ժամանակահատվածում, հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի եւ մելիորացիա իրականացնողի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, օգտագործվում են մելիորացիա իրականացնողի կողմից:

    Հոդված 9. Մելիորացված հողերի տնօրինումը

    Իրավասու մարմնի հետ կնքված պայմանագրի համաձայն պետական սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով աղազերծման մելիորատիվ աշխատանքներ իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կառավարության կողմից հաստատված կարգով տրամադրվում է այդ հողամասի ուղղակի գնման (կամ առանց մրցույթի վարձակալման) իրավունք:

    Համայնքային սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով աղազերծման մելիորատիվ աշխատանքներ իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց այդ հողամասի ուղղակի վաճառքի (կամ առանց մրցույթի վարձակալման) պայմանները սահմանվում են համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով:

    Հոդված 10. Մելիորատիվ համակարգերի շահագործումը եւ պահպանումը

    Մելիորատիվ համակարգերի շահագործումը եւ պահպանումն իրականացնում է սեփականատերը եւ (կամ) օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման, տիրապետման իրավունք ստացած անձը:

    Հոդված 11. Մելիորատիվ միջոցառումների իրականացման բնապահպանական եւ էներգետիկ անվտանգության պահանջները

    Մելիորատիվ միջոցառումների իրականացումը չպետք է խախտի էներգետիկական տեղակայանքների բնականոն աշխատանքը կամ հանգեցնի դրանց վնասմանը:

    Մելիորատիվ միջոցառումներն իրականացվում են՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ջրային, հողային, էներգետիկայի, անտառային եւ բնապահպանական ոլորտների օրենսդրության պահանջները:

    ԳԼՈՒԽ 4

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

    Հոդված 12. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    18.06.2005
    ՀՕ-121