Օրենքը չի գործում:
Գործում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2005
  • Գլուխ 1.Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2.Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության կառավարումը
  • Գլուխ 3.Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության խնդիրներն ու լիազորությունները
  • Գլուխ 4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը, տեսուչների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
  • Գլուխ 5.Գործատուի պարտականությունները եւ պատճառված վնասի հատուցումը
  • Գլուխ 6. Աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության կարգը

  • ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաեւ սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության, աշխատանքի պետական տեսուչի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:

    Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

    Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիմնարկների, կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական–իրավական ձեւից, տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` կազմակերպություններ), անհատ ձեռնարկատերերի եւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց վրա:

    Հոդված 3. Աշխատանքի պետական տեսչության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

    Աշխատանքի պետական տեսչության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

    Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    1) տեխնիկական միջոցների անվտանգ շահագործում` աշխատանքի վայրում աշխատանքի միջոցների անվտանգ շահագործում, որի դեպքում բացառվում են աշխատողի վրա արտադրական վտանգավոր եւ վնասակար գործոնների ազդեցությունները, վնաս հասցնելու թաքնված, բայց կանխատեսելի ռիսկի հավանականությունը.

    2) աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմաններ` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողի կյանքի եւ առողջության պահպանման` օրենսդրությամբ նախատեսված չափորոշիչների եւ չափանմուշների իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, հոգեբանական, վերականգնողական եւ այլ միջոցառումների ամբողջություն:

    Հոդված 5. Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքները

    Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են`

    1) սոցիալական գործընկերությունը աշխատանքի պաշտպանության ոլորտում.

    2) գործունեության անկախությունը օրենքի պահանջը կատարելիս:

    Հոդված 6. Աշխատանքի պետական տեսչության համագործակցությունը այլ մարմինների հետ

    Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքի պետական տեսչությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների ու հասարակական միավորումների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն:

    ԳԼՈՒԽ 2

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    Հոդված 7. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

    Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

    1) միասնական քաղաքականության իրականացման ապահովումը.

    2) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովումը.

    3) աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության նորմատիվների սահմանումը.

    4) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված իրավասություններ:

    Հոդված 8. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

    Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) լիազորություններն են`

    1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման միասնական քաղաքականության մշակումը.

    2) աշխատանքի անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

    3) գործատուների, արհեստակցական միությունների աշխատանքի` անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպումը.

    4) պետական կառավարման եւ ստուգում իրականացնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցությունը.

    5) պետական հսկողության եւ վերահսկողության ապահովումը.

    6) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման փորձի ընդհանրացումը.

    7) աշխատանքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

    8) աշխատանքի պետական տեսչության մասնագետների մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը.

    9) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակության իրազեկումը, սեմինարների եւ խորհրդակցությունների կազմակերպումը.

    10) աշխատանքի պետական տեսչության իրականացրած ստուգումների ընթացքում օգտագործվող ակտերի, արձանագրության ձեւերի, ձեւաթղթերի, ինչպես նաեւ տեսուչի` սահմանված նմուշի վկայականի, աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի եւ կնիքի ձեւերի մշակումն ու հաստատումը.

    11) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

    ԳԼՈՒԽ 3

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 9. Աշխատանքի պետական տեսչության խնդիրները

    Աշխատանքի պետական տեսչության խնդիրներն են`

    1) գործատուներին, արհեստակցական միություններին եւ աշխատողներին աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման առավել արդյունավետ միջոցների եւ մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն ստանալուն աջակցելը.

    2) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների եւ իրավունքների պահպանման եւ պաշտպանության ապահովումը.

    3) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների կանխարգելումը.

    4) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը:

    Հոդված 10. Աշխատանքի պետական տեսչության լիազորությունները

    Աշխատանքի պետական տեսչությունն ունի հետեւյալ լիազորությունները.

    1) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ.

    2) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների, արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն` տալով համապատասխան տեղեկատվություն եւ խորհրդատվություն.

    3) լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ.

    4) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառները եւ գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ.

    5) ուսումնասիրում եւ վերլուծում է արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների պատճառները եւ գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ.

    6) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ եւ անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման եւ շահագործման վիճակը.

    7) իր գործունեության ապահովման նպատակով եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի (ըստ մասնագիտությունների), արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին.

    8) աշխատանքի առողջ եւ անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում սահմանում է խախտումների վերացման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչեւ խախտումների վերացումը.

    9) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ.

    10) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատանքային գրքույկների, աշխատանքային պայմանագրերի եւ հրամանագրքերի վարման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների (թաքնված զբաղվածություն) կատարման, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ.

    11) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկում եւ վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ.

    12) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.

    13) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման եւ քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման եւ օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ.

    14) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ կանանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ.

    15) ուսումնասիրում է սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը եւ միջոցներ ձեռնարկում աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ.

    16) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման եւ օգտագործման կարգի պահպանման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

    17) գործատուներից պահանջում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` վերացնելու ուսումնասիրության եւ (կամ) ստուգումների ժամանակ աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները եւ թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.

    18) ստուգումների հետեւանքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութեր է ներկայացնում իրավապահ մարմիններ.

    19) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հայցով դիմում է դատարան.

    20) կազմում է տարեկան հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.

    21) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները եւ առաջարկները:

    Հոդված 11. Աշխատանքի պայմանների փորձաքննությունը

    1. Աշխատանքի պետական տեսչությունը գործատուի աշխատատեղում սահմանված կարգով հաստատված աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների նորմատիվների կիրառման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իր լիազորությունների սահմաններում միջնորդություն է ներկայացնում փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմին` աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար:

    2. Փորձաքննությունն իրականացվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 12. Աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին հաշվետվությունը

    Աշխատանքի պետական տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին: Լիազորված մարմինը դա հրապարակում է մամուլում:

    Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին, այդ թվում`

    1) տեսչական ստուգումների, վերստուգումների եւ գործատուներին ներկայացված միջնորդագրերի մասին.

    2) թույլ տրված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի մասին.

    3) արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների թվաքանակի եւ դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
     


    ԳԼՈՒԽ 4

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 13. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը

    1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանումն է: Աշխատանքի պետական տեսուչները քաղաքացիական ծառայողներ են:

    2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը կազմված է աշխատանքի գլխավոր պետական տեսուչից` աշխատանքի պետական տեսչության պետ, աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալներից, աշխատանքի պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներից եւ տարածքային մարմիններից:

    Հոդված 14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը

    Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը`

    1) կազմակերպում եւ ղեկավարում է աշխատանքի պետական տեսչության աշխատանքները եւ պատասխանատվություն է կրում դրա գործունեության համար.

    2) գործում է աշխատանքի պետական տեսչության անունից եւ ներկայացնում այն.

    3) ապահովում եւ խրախուսում է աշխատանքի պետական տեսչության ծառայողների եւ գործատուների ու աշխատողների կամ նրանց կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը.

    4) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմին է ներկայացնում միջնորդություն գործատուի աշխատատեղում աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար.

    5) արտադրությունում աշխատողի կյանքին եւ առողջությանը անմիջական վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում` համապատասխան փորձաքննական եզրակացության կամ ստուգման ակտի առկայության պայմաններում, սահմանում է խախտումների վերացման կատարման ժամկետներ` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչեւ խախտումների վերացումը.

    6) ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքի անվտանգության սահմանված կարգով հաստատված կանոններով եւ հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը մինչեւ նրանց սահմանված կարգով վերապատրաստումը եւ հրահանգավորումը.

    7) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում նշանակում է վարչական տույժեր՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.

    8) կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչում օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական ակտով.

    9) իր իրավասության սահմաններում ընդունում է գործատուի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

    10) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 15. Աշխատանքի պետական տեսուչի իրավունքները

    1. Աշխատանքի պետական տեսուչն իրավունք ունի`

    1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով, սահմանված նմուշի վկայականի եւ ստուգման հանձնարարագրի (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) ներկայացմամբ, օրվա ցանկացած աշխատանքային ժամի գործատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ անարգել մուտք գործելու գործատուի գրասենյակային, առեւտրային, արտադրական, պահեստային եւ այլ ստորաբաժանումներ` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն.

    2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ եւ վերցնելու փաստաթղթերի կրկնօրինակներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ փորձաքննության համար դուրս բերելու օգտագործվող կամ մշակվող նյութերի նմուշներ` կազմելով համապատասխան արձանագրություն.

    3) առանձին կամ վկաների ներկայությամբ գործատուներին կամ կազմակերպության անձնակազմին հարցեր տալու աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ.

    4) անհրաժեշտության դեպքում հսկողական եւ վերահսկողական աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու անկախ փորձագետների, մասնագետների եւ թարգմանիչների, արհեստակցական միությունների ներկայացուցիչների.

    5) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների համապատասխանությունը հաստատված նորմատիվների պահանջներին.

    6) կազմակերպելու աշխատանքի կատարման առողջ եւ անվտանգ պայմանների փորձաքննություն եւ արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնելու գործատուներին.

    7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման նպատակով գործատուներին (նրանց ներկայացուցիչներին) ներկայացնելու պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր.

    8) գործատուի եւ աշխատողների ներկայացուցիչների հրավերով մասնակցելու կոլեկտիվ պայմանագրերի կնքման նպատակով տարվող բանակցություններին, ինչպես նաեւ կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկմանը.

    9) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի բացահայտված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ տալու եւ հետեւելու դրանց կատարմանը.

    10) միջնորդելու աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու առանձին կազմակերպությունների, ստորաբաժանումների աշխատանքները աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում մինչեւ դրանց վերացումը.

    11) միջնորդելու աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` ժամանակավորապես դադարեցնելու աշխատանքի անվտանգության կանոններով եւ հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը մինչեւ նրանց համապատասխան վերապատրաստում անցնելը.

    12) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում միջնորդելու վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին,Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան, վարչական տույժեր նշանակելու համար.

    13) իր իրավասությունների շրջանակներում ընդունելու որոշումներ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հայց ներկայացնելու դատարան:

    2. Աշխատանքի պետական տեսուչն ունի միասնական նմուշի վկայական, ինչպես նաեւ կնիք` իր համապատասխան համարի նշումով եւ աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի անվանումով:

    Հոդված 16. Աշխատանքի պետական տեսուչի պարտականությունները

    1. Աշխատանքի պետական տեսուչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է`

    1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

    2) պահպանել գործատուի, աշխատողների` օրենքով սահմանված իրավունքները.

    3) աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական խախտումների մասին ահազանգողների վերաբերյալ չհրապարակել տեղեկություններ եւ չհայտարարել, որ ստուգումը կատարվում է ահազանգի հիման վրա.

    4) պաշտոնավարման ընթացքում եւ պաշտոնաթողությունից հետո` հինգ տարվա ընթացքում, պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած` օրենքով պահպանվող պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.

    5) չխոչընդոտել կազմակերպության եւ նրա աշխատողների բնականոն աշխատանքին.

    6) իրականացնել անկողմնակալ հսկողություն եւ վերահսկողություն աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.

    7) ստուգումների ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութերը ներկայացնել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին եւ իրավապահ մարմիններ:

    2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ու դեպքերում ունեն նաեւ այլ պարտականություններ:

    Հոդված 17. Աշխատանքի պետական տեսուչի անկախությունը

    Աշխատանքի պետական տեսուչը հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից եւ ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

    Հոդված 18. Աշխատանքի պետական տեսուչի պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը

    1. Աշխատանքի պետական տեսուչը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում իր անօրինաչափ գործողության կամ անգործության համար:

    2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին, վերադասության եւ (կամ) դատական կարգով:

    3. Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

    ԳԼՈՒԽ 5

    ԳՈՐԾԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

    Հոդված 19. Գործատուի պարտականությունները եւ պատասխանատվությունը

    1. Գործատուն պատասխանատվություն է կրում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ապահովման համար:

    2. Գործատուն պարտավոր է եռամսյակը մեկ աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելհաշվետվություն`սույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

    Հոդված 20. Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետեւանքով պատճառած վնասի հատուցումը

    Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետեւանքով գործատուին եւ աշխատողին պատճառած վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 6

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 21. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության ձեւերը

    1. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացվում են ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

    Աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների կիրառման նկատմամբ ստուգումներ իրականացվում են այդ նորմատիվները սահմանված կարգով հաստատելուց հետո:

    2. Ստուգումները լինում են ծրագրային (թեմատիկ) եւ ըստ անհրաժեշտության ստուգումներ:

    3. Նոր ստեղծվող կազմակերպություններում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ ծրագրային ստուգումներն իրականացվում են կազմակերպության գործունեությունն սկսելուց վեց ամիս հետո:

    4. Պետական եւ ծառայողական գաղտնիքի հետ առնչվող ստուգումներ կատարելու իրավասություն ունեն միայն լիազորված մարմնի ղեկավարի կողմից համապատասխան թույլտվություն ունեցող աշխատանքի պետական տեսուչները` օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 22. Ծրագրային ստուգումների իրականացման հիմքերը

    Ծրագրային ստուգումներն իրականացվում են տեսչության աշխատանքային ծրագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի հաստատած ստուգումների ժամանակացույցով:

    Հոդված 23. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման հիմքերը

    Ըստ անհրաժեշտության ստուգումների համար հիմք են ծառայում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, արհեստակցական միությունների, տվյալ կազմակերպության աշխատողների կողմից ստացված ահազանգ-դիմումները` կապված աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների ակնհայտ խախտումների կամ անօրինական աշխատանքի կատարման, ինչպես նաեւ արտադրական այնպիսի իրադրությունների ստեղծման հետ, որոնք կարող են առաջացնել արտադրության տարածքում գտնվող անձանց կյանքի եւ առողջության համար ծանր կամ վտանգավոր հետեւանքներ:

    Հոդված 24. Ուսումնասիրությունների միջոցով աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պետական հսկողության եւ վերահսկողության իրականացման կարգը

    1. Ուսումնասիրության ընթացքում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքի պետական տեսուչը խախտման մասին գրավոր նախազգուշացնում է համապատասխան գործատուին` նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները եւ կատարման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների:

    2. Գրավոր նախազգուշացումն ստանալուց հետո սահմանված ժամկետում գործատուի կողմից խախտման հետեւանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ աշխատանքի պետական տեսուչին չտեղեկացնելը հիմք է ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու համար:

    Հոդված 25. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում թույլ տված գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման կարգը

    1. Ստուգվող գործատուի կամ նրա առանձին ստորաբաժանման աշխատանքների ժամանակավորապես դադարեցմանվերաբերյալ աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշման մեկ օրինակը երկօրյա ժամկետում հանձնվում է գործատուին կամ նրա ներկայացուցչին, որը ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում է համապատասխան նշագրում: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

    2. Որոշումը ստանալուց հետո գործատուն կամ նրա ներկայացուցիչը, եթե այդ որոշումը դատական կարգով չի բողոքարկում, որոշման կատարման վերաբերյալ գրավոր տեղեկացնում է աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` նշելով արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:

    3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու դեպքում ժամանակավորապես դադարեցմանմասին որոշման պահանջի կատարումն իրականացվում է աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի պետի մասնակցությամբ:

    4. Գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցմանմասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական կարգով:

    5. Աշխատանքի պետական տեսուչի կողմից կապարակնքման միջոցով գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցմանմասին որոշման պահանջների կատարումն իրականացնելու դեպքում կազմվում է նաեւ կապարակնքման ակտ: Կապարակնքման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    6. Աշխատանքի պետական տեսուչի կապարակնիքի, կապարակնքման ակտի եւ ստուգման ակտի ձեւերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

    Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    19.04.2005
    ՀՕ-77


    22.12.2006 «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    24.06.2010 «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին